Քարաշամբի պեղումները հետաքրքիր պատկերացում են տալիս միջին բրոնզե դարից մինչեւ վաղ երկաթե դար ընկած հասարակության գործունեության մասին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 30, 2012 10:43

Միջին բրոնզեդարյան հուշարձան համարվող Քարաշամբում իրականացվող պեղումների ժամանակ հսկայական դամբարան է հայտնաբերվել, որը կիսով չափ արդեն բացվել է:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արշավախմբի ղեկավարի տեղակալ Վարդուհի Մելիքյանը, արդեն սկսվել են նյութերի պեղման աշխատանքները: «Երկու ամիս է, ինչ աշխատում ենք դամբարանի բացման ուղղությամբ: Այնտեղից արդեն դուրս ենք բերել խոշոր եղջերավոր անասունների կմախքներ: Նյութերն ամբողջությամբ պեղելուց հետո կլուսանկարենք եւ չափագրում կանցկացնենք»,-ասաց նա:

Պեղումնաբանի խոսքով` այս տարի Քարաշամբում իրականացվել է նաեւ հողային շերտերի բացում` նոր դամբարաններ պեղելու նպատակով: «Քարաշամբի դամբարանն ունիկալ է իր չափազանց համակենտրոնացված լինելով: Այստեղ հաճախ դամբարանները մեկը մյուսի վրա է կառուցված, կամ մեկը մյուսի շարունակությունն է»,-ասաց նա;

Վարդուհի Մելիքյանի խոսքով` Քարաշամբի պեղումները հետաքրքիր պատկերացում են տալիս միջին բրոնզե դարից մինչեւ վաղ երկաթե դար ընկած հասարակության գործունեության մասին: «Այստեղ կատարված պեղումները հնարավորություն են տալիս ոչ միայն պատկերացում կազմել այդ ժամանակաշրջանում թաղման ծեսի, այլ ընդհանրապես մի ամբողջ քաղաքակրթության ապրելակերպի մասին»,-ասաց նա:

Քարաշամբի պեղումները սկսվել են 2012  թվականի հուլիս ամսին եւ կշարունակվեն մինչեւ նոյեմբեր:

Քարաշամբի դամբարանադաշն ընդգրկում է երեք հեկտար հողատարածք: Տարիների հնագիտական աշխատանքներից հետո այն դեռ կիսով չափ է պեղված: Մի քանի տասնյակ սերունդներ` մ.թ.ա 23-րդից մինչեւ մ.թ.ա. 11-12-րդ դդ. այստեղ թաղման արարողություններ են կատարել, եւ հնավայրի բացառիկությունը նաեւ այն է, որ նույն տարածքում թաղված մարդկանց ծեսերի տարբերությունը կարելի է տեսնել միեւնույն հարթության վրա:

Եթե մինչեւ 2015 թվականը դամբարանադաշտը պեղվի գոնե 80 տոկոսով, նախատեսվում է այս բացառիկ հուշարձանը թանգարանացնել:

Քարաշամբի դամբարանադաշտի պեղումները սկսվել են 1987  թվականին: Դամբարանը պատկանել է ցեղապետի։ Այնտեղից հայտնաբերվել են թանկարժեք մետաղից ու բրոնզից զարդեր, զենքեր, իշխանության խորհրդանիշեր, սպասք, խեցեղեն առարկաներ։ Բացառիկ է նաեւ այնտեղից պեղված արծաթե դրվագազարդ գավաթը, որի վրա քանդակված պատկերները տեղեկատվություն են տալիս միջին բրոնզեդարյան Հայաստանի հոգևոր և նյութական մշակույթի մասին:

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply