Պետական պահպանության գլխավոր վարչությունը 60 տարեկան է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 29, 2012 17:38

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կազմավորման 60-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն:Հանդիսությունը սկսվեց հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված պետական պահպանության աշխատակիցների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի բացման արարողությամբ: Հուշակոթողն օծեց Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը:
Զոհվածների հուշակոթողին ծաղիկներ դրեցին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, զոհվածների հարազատներն ու գործընկերները:
Շնորհավորելով պետական պահպանության գլխավոր վարչության կազմավորման 60-ամյակի կապակցությամբ՝ ոստիկանության պետը հատկապես ընդգծեց օրվա ամենակարեւոր խորհուրդը՝ հավերժ է նրանց հիշատակը, ովքեր իրենց արյամբ ավելի սրբացրին մեր հողը: «Մենք ոչ միայն կոթողներ պիտի կառուցենք, այլեւ արժանին մատուցենք մեր զոհված զինակիցների հիշատակին ու դրանով դաստիարակենք մեր սերունդներին»,- ընդգծեց ոստիկանության պետը: Իսկ պետական պահպանության գլխավոր վարչության բարենորգված շենքի բացման արարողության ժամանակ ժապավենը կտրելու պատիվը տրվեց զոհված ոստիկաններից մեկի մորը:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շրջեց վարչության տարածքում, եղավ հրաձգարանում, ծանոթանացավ տեխնիկական միջոցներին, դիտեց պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների ցուցադրական վարժանքները: Նա իր գոհունակությունը հայտնեց ծառայողների մարտական պատրաստականության, կատարված աշխատանքի կապակցությամբ:
Այնուհետեւ տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որի ընթացքում ոստիկանության պետի հրամաններով պարգեւատրվեցին պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոման Մկրտումյանը եւ մի շարք աշխատակիցներ: Պետական պահպանության գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ էլ պարգեւատրվեցին ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի կողմից:
Հանդիսավոր նիստն ավարտվեց պետական պահպանության գլխավոր վարչության 60-ամյա ուղու մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ:

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply