Դաշնակցական գործիչ. «Բանաձևը իրավական արժեք չունի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 5, 2010 15:56

«Այս բանաձևը մեր բոլոր հարցերի լուծումը չէ: Բայց այն  հերթական հանգրվանն է ամերիկյան դաշտում հայկական ու թուրքական քաղաքական ուժի  ցուցադրության, որում երեկ մեծ դժվարությամբ հայկական կողմը հաղթեց»,-հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում` մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252-րդ բանաձևի ընդունումը:

Դաշնակցական գործիչն ասաց, որ Կոնգրեսը ընդամենը բանաձև է ընդունել, որը չունի որևէ իրավական արժեք, այլ` բացառապես քաղաքական: Ընդ որում, վերջինս  որոշում են կողմերը ու եթե Թուրքիան մի օր հայտարարի, թե «չեմ լսում` ինչ եք ասում», բանաձևն արդեն քաղաքական արժեք էլ չի ունենա: Իսկ ինչ վերաբերում է բանաձևի այն կետին, որն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ  է անում ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում օգտագործել «ցեղասպանություն» բառը, ապա, Կիրո Մանոյանի խոսքերով այդ բանաձևն ԱՄՆ նախագահի համար պարտավորեցնող չէ։ «Օբաման բանաձևի սպասելու անհրաժեշտություն չունի, որպեսզի ասի «ցեղասպանություն» բառը։ Անցած տարի էլ պատճառը հայ-թուրքական բանակցությունները չէին, այս տարի էլ: Ու եթե Օբաման չօգտագործի, էլի պատճառը հայ-թուրքական բանակցությունները չեն լինի։ Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Օբամայի համար պատրվակ է: Եթե նա չունենա այս պատրվակը, կդժվարանա արդարանալ, թե ինչու չի ասում: Ու այս պատրվակը պետք է իր և մնացածի ձեռքից վերցնել, որովհետև նույն կերպ սկսել է վարվել նաև Մեծ Բրիտանիայի կառավարությունը»,-ասում է Կիրո Մանոյանը:

Անդրադառնալով բանաձևի հետագա ճակատագրին, Կիրո Մանոյանը նշեց, որ ոչ մի երաշխիք չկա, որ բանաձևը կմտնիԿոնգրեսի լիագումար նիստի օրակարգ: Սակայն, այնուամենայնիվ, ըստ դաշնակցական գործչի`  հակառակ բանաձևի ընդունմանը նախորդող դժվարությունների, լիագումար նիստի օրակարգում ընդգրկվելու հնարավորություններն ինչ-որ չափով ավելի մեծ են: Կիրո Մանոյանը դա բացատրում է Սպիտակ տան` մինչ վերջին պահը պասիվ կեցվածքով: Իսկ թե մինչ առաջիկա ապրիլի 24-ն բանաձևը կընդգրկվի՞ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստ, թե՞ ոչ՝ Կիրո Մանոյանը չգիտի։ Սակայն նա ասաց, որ եթե ընդգրկվի, ապա պարտադիր մինչ այս նստաշրջանի ավարտը, այսինքն՝ մինչև 2010թ-ի ավարտը։

Ինչ վերաբերում է ընդունված բանաձևի համատեքստում հայ-թուրքական գործընթացի զարգացումներին, ապա, ըստ Կիրո Մանոյանի, այս և նման  բանաձևները կարող են Թուրքիայի կողմից  միայն իբրև պատրվակ օգտագործվել` արձանագրությունները չվավերացնելու համար: «Սա հերթական առիթն է հայկական կողմի համար` փաստելու, որ Թուրքիան գործընթացը տապալել է ու  ժամանակն է դուրս գալ գործընթացից: Որքան ավելի ուշացնենք` այնքան բարդ է լինելու մեզ համար: Թուրքիան արհեստականորեն ձգձգում է գործընթացը և հայկական կողմին մի քիչ ավելի «դուխ» է պետք, որ տեսնի դա»,-ասաց Մանոյանը:

Դիտվել է 2898 անգամ:
Print Friendly

Leave a Reply