Վահրամ Տեր-Մաթեւոսյան. Եվրահանձնաժողովի զեկույցն ամրագրեց Թուրքիայի հետընթացը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 29, 2012 13:15
NEWS.am-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ․ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը։
Պարոն Տեր-Մաթեւոսյան, ս.թ. հոկտեմբերի 10-ին Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակվեց Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ հերթական զեկույցը, ինչո՞վ էր այն առանձնահատուկ եւ ինչո՞վ էր այն տարբերվում նախորդներից։
1998 թ․ ի վեր Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ Եվրապական հանձնաժողովի կողմից ներկայացվում են ամենամյա զեկույցներ եւ Ձեր նշված զեկույցը 15-րդն էր։ Նախորդների համեմատությամբ վերջին զեկույցն աչքի ընկավ մի շարք քննադատական ձեւակերպումներով, որոնց հիմնական ասելիքը հետեւյալն էր՝ Թուրքիայում դանդաղել է բարեփոխումների ընթացքը: Հատկապես կոշտ էին ձեւակերպումները դատաիրավական, սոցիալական եւ քաղաքական ոլորտներում առաջընթացի բացակայության վերաբերյալ։ Համաձայն զեկույցում տեղ գտած գնահատականների՝ հետընթաց է գրանցվել նաեւ հիմնարար ազատությունների, խոսքի ազատության, եւ մի շարք այլ ոլորտներում, իսկ կալանքի եւ դատավարությունների ժամկետներն անհիմն երկարել են։ Զեկույցում նշվում է «փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության մշակույթի» առկայության մասին։ Թուրքիայի Եվրամիության նախարար Էգեմեն Բաղըշը, ով ուղղակի պատասխանատվություն է կրում ԵՄ-ի հետ տարվող բանակցությունների համար, զեկույցն անվանեց «հիասթափեցնող» եւ «անհավասարակշիռ», նա անգամ հարցականի տակ դրեց զեկույցի հեղինակների մտավոր կարողությունները։ Իշխող կուսակցության պատգամավորները եւս անարգանքի սյունին գամեցին թե ԵՄ-ին, թե զեկույցը պատրաստողներին։ Լրագրողներից մեկն էլ փաստաթուղթը կոչեց «Զեկույց Թուրքիայի հետընթացի վերաբերյալ»։
Զեկույցում կա՞ր արդյոք անդրադարձ հայ-թուրքական հարաբերություններին եւ ինչպիսի՞ շեշտադրումներ էին առկա։
Զեկույցում Հայաստանի համար մի քանի ուշագրավ դրույթներ են տեղ գտել։ Նախ փաստենք, որ 2000-2009 թթ. Եվրոպական հանձնաժողովի կողմից պատրաստած ամենամյա զեկույցներում առկա էին երկու հստակ ձեւակերպումներ․ ա) «Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակ է պահում» (հասկանալիորեն՝ նկատի էր առնված, որ փակ սահմանի պատճառը Թուրքիան է) եւ բ) «Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը փակ է մնում (կամ դեռ փակ է)» (որն առավել չեզոք էր): Սակայն Եվրոպական հանձնաժողովի մոտեցումը փոխվեց 2010 թ. ամենամյա զեկույցում եւ կրկնվեց 2011 եւ 2012 թվականներին: Մոտեցման փոփոխությունը շատ հստակ էր. վերջին երեք տարիների զեկույցներում հայ-թուրքական փակ սահմանի մասին ոչ մի ակնարկ չկա: Միայն նշվում էր, որ երկու երկների հարաբերություններում չկա առաջընթաց եւ ստորագրված արձանագրությունները դեռ վավերացված չեն։
Ամենաուշագրավ նկատառումը, որը հայտնվեց վերջին զեկույցում, դա «կրիպտո-հայերի», կամ թաքնված հայերի մասին էր։ Զեկույցում ամրագրված էր, որ «առավել մեծ թվով թաքնված հայեր են օգտագործում իրենց իսկական անունը եւ կրոնը»: Սա բավական կարեւոր ու հեռագնա ուղերձ էր եւ վերջին տարիների ընթացքում Թուրքիայում ընթացող ինքնությունների բացահայտման գործընթացների տրամաբանական արտացոլումն էր: Եվրահանձնաժողովը Թուրքիայում բավական մեծ ներկայացվածություն ունի եւ այս փաստի ամրագրումը վկայում է այն հանգամանքի մասին, որ ԵՄ-ն քաջատեղյակ է Թուրքիայի արեւելյան նահանգներում տեղի ունեցող գործընթացներից։
Ի՞նչ աշխատանքներ պետք է տանել, որպեսզի հաջորդ զեկույցն առավել մանրամասն անդրադառնա Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը։
Հաջորդ զեկույցում պետք է աշխատանք տանել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման փաստը ամրագրելու ուղղությամբ, ընդ որում, պետք է հասնել առավելագույն կոշտ ձեւակերպմանը, այն է շրջափակման փաստը պետք է կոչել իր անունով, այն է՝ թշնամական ակցիա Հայաստանի նկատմամբ։ Հարկավոր է աշխատանքներ տանել եւս երկու ուղղություններով․Եվրոպական հանձնաժողովի հաջորդ զեկույցում պետք է նշվի, որ Թուրքիան կամայական մեկնաբանությունների է ենթարկում մի շարք միջազգային կոնվենցիաներ եւ Հայաստանին ու Հայաստանի քաղաքացիներին զրկում է դեպի ծով ելք ունենալու միջազգայնորեն ամրագրված իրավունքից։ 2015 թ․ ընդառաջ պետք է հասնել նաեւ նրան, որ զեկույցում Ցեղասպանության փաստը ստանա իր ամրագրումը եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականության դատապարտվի։ Պետք է աշխատանք տարվի նաեւ հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանության խնդիրները բարձրաձայնելու ուղղությամբ։
Խաղաղության ասպարեզում Նոբելյան մրցանակի արժանացած կառույցը պետք է լուրջ հետեւություններ անի: ԵՄ-ին չի կարող անդամակցել մի երկիր, որն իր հարեւաններից առնվազն երեքի նկատմամբ իրականացնում է բացահայտ թշնամական ակցիա, նրանց ենթարկելով տնտեսական ու քաղաքական շրջափակման, իսկ Սիրիայի պարագայում միջամտելով այդ երկրի ներքին գործերին:
Զրուցեց Արտակ Եղիազարյանը






Facebook
Tweet This
Email This Post
