Մեդալները գտան տերերին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 29, 2012 13:04

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում անցկացված մինչև 15 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարում վաստահորեն հաղթեց ՀՄԴ-ի հավաքականը: ՀՄԴ-ն, առավելության հասնելով բոլոր` 5 մրցակիցների նկատմամբ, վաստակեց 10 միավոր և պահպանեց չեմպիոնի կոչումը: Ապա հաջորդեցին Վանաձորի (8), Շենգավիթի (5), Արցախի (5), ԽՄՕՄ-ի (2), Նոր Նորքի (0) հավաքականները:

Առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Ալեքսանդր Արևշատյանը հայտնեց, որ մրցաշարը բարձր մակարդակով է կազմակերպվել, կարևորը`բոլոր թիմերի կազմերում էլ ի հայտ են եկել մի շարք նոր խաղացողներ, որոնք խոստումնալից են և առաջիկայում կարող են համալրել Հայաստանի հավաքականը:

«Մասնավորապես, Մարտունու հավաքականին մրցաշարում փոխարինած ԽՄՕՄ-ի թիմի կազմում իրենց պատրաստականությամբ լավ տպավորություն թողեցին երեք խաղացողներ, ընդ որում, նրանցից երկուսը բարձրահասակ են: Իսկ ընդհանրապես մրցաշարում չեմպիոնի կոչման համար պայքարն ընթացավ ՀՄԴ-ի և Վանաձորի հավաքականների միջև:Եվ միայն վերջին օրը կայացած խաղում որոշվեց հաղթողը` ՀՄԴ-ն 24:16 հաշվով առավելության հասավ Վանաձորի թիմի նկատմամբ: Համեմատաբար ուժեղ էին նաև Շենգավիթի և Արցախի թիմերը: Իսկ մյուս հավաքականներն իրենց խաղամակարդակով զգալիորեն զիջում էին: Այդուհանդերձ, լարվածությունը պահպանվեց մինչև վերջ: Քանի որ, Շենգավիթի և Արցախի հավաքականների հանդիպումում մարտական ոչ-ոքի էր գրանցվել` 19:19, ապա 3-րդ տեղի համար պայքարում կարևոր էր, թե ինչպես կավարտեն այդ թիմերը վերջին տուրի հանդիպումները: Իսկ մրցակիցները հետնապահներն էին: Ի վերջո, գրանցվեցին խոշոր հաշիվներ` Արցախ – Նոր Նորք` 44:10, Շենգավիթ -Մարտունի` 50: 7: Իսկ դա նշանակում էր, որ մրցանակային եռյակը եզրափակել է Շենգավիթի ընտրանին»,- ասաց Արևշատյանը:

Մրցանակակիր դարձած թիմերի խաղացողները պարգևատրվեցին մեդալներով: Առաջնության լավագույն խաղացող ճանաչվեց ՀՄԴ-ի ներկայացուցիչ Անի Գապոյանը, լավագույն դարպասապահ` վանաձորցի Լիանա Սարգսյանը: Երկուսն էլ արժանացան Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի սահմանած պարգևներին:

Նոյեմբերի 7-ին Երևանում կմեկնարկի մինչև 15 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը:

Դիտվել է 671 անգամ:
Print Friendly

Leave a Reply