Գումի շուկայում ձիու մսի վաճառքի դեպք են հայտնաբերել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 17, 2009 16:22

Ձիու միս...Երեկ Գումի շուկայում տավարի մսի անվան տակ 60 կգ ձիու մսի վաճառքի դեպք են հայտնաբերել:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը տեղեկացնում է, որ այս դեպքը միակը չէ. մի քանի օր առաջ նույն շուկայից ձիու չստուգված միս է առգրավվել:

Տեսչության` Երևանի մարզային կենտրոնի անասնաբուժության բաժնի պետ Արմեն Ավագյանն ասում է, որ միսն անցել է փորձաքննություն և պարզվել է, որ «կենդանին առողջ է եղել և առողջության համար վտանգ չի ներկայացնում»:

Ավագյանի խոսքերով` ձիու կամ էշի միս վաճառելը ՀՀ շուկայի մասին օրենքը չի արգելում, «այլ հարց է, երբ գնորդին չի ասվում, թե ինչ միս է գնում նա»:

Կենտրոնի տվյալների համաձայն` տարվա մեջ 2-3 նման դեպքեր են գրանցվում, ինչը համեմատաբար շատանում է Նոր տարվա նախաշեմին:

Շուկաներում չստուգված մթերք վաճառելու համար տուգանքը 100 հազար դրամ է, բայց, ըստ տեսչության պետ Գրիշա Բաղյանի, առաջնային խնդիրը տուգանք վերցնելը չէ, այլ շուկայում նմանատիպ խախտումների վերացումը:

Նման ստուգումները դեռևս խստացված չեն անցումներում գործող «արագ սննդի» կետերում, որտեղ վաճառվում են անհայտ ծագում ունեցող մսամթերքից պատրաստված սնունդ:

Գյուղնախարարության աշխատակիցները մինչև մայիս իրականացրել են շուրջ 800 ստուգումներ, որի արդյունքում նշանակվել է 32 միլիոն դրամի տուգանք։ Առանձին ուշադրություն է դարձվել մսամթերքին և հացին:

Գրիշա Բաղյանի հավաստմամբ` ընդհանուր առմամբ սննդի սանիտարական վիճակը Հայաստանում բարվոք է, չկան ինֆեկցիոն հիվանդությունների դեպքեր` «չնայած շուկաներում դեռևս սննդամթերքի հիգիենիկ նորմերի խախտումներ հաճախ են գրանցվում»:

Դիտվել է 3845 անգամ:
Print Friendly

Leave a Reply