ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 10-րդ լիագումար նիստը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 27, 2012 16:00

Հոկտեմբերի 26-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 10-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արևելյան հարևանության, Ռուսաստանի և Արևմտյան Բալկանների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Բանակցությունների արդյունքում կողմերն արձանագրեցին, որ երկուստեք համաձայնեցված է ապագա համաձայնագրի նպատակների և ընդհանուր սկզբունքների, ինչպես նաև քաղաքական երկխոսության, արտաքին և անվտանգության քաղաքականության ու արդարադատության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի հիմնական մասը:

Ներկայումս բանակցվել և ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցության առնչվող 28 գլուխներ:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ հաջողությամբ ընթանում են նաև Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող՝ Հայաստանի և ԵՄ միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունները, որոնց երկրորդ փուլը տեղի էր ունեցել հոկտեմբերի 2012թ. 2-4-ին Երևանում:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում աշխատանքներ տանել Ասոցացման օրակարգ ձևավորելու ուղղությամբ՝  ինչը իրենից կներկայացնի Ասոցացման համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված՝ ոչ իրավական բնույթի փաստաթուղթ և կփոխարինի Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագիրը:

 Ասոցացման համաձայնագրի բանակցությունների հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել 2012թ. դեկտեմբերի երկրորդ կեսին:


Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply