Սիբիրյան խոցի կասկածանքով տասն օրում 34 մարդ է հոսպիտալացվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 27, 2012 16:01
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածքում կասկածվող սիբիրյան խոց հիվանդության դեմ կրկնակի պատվաստում են ստացել 14 հազար գլուխ մանր եւ խոշոր եղջերավոր անասուններ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գյուղնախարարության«Անասնաբուժասանիտարիայի, սննդի անվտանգության եւ բուսասանիտարիայի Գեղարքունիքի մարզային կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Կորյուն Բարսեղյանը, պատվաստումը կատարվել է հոկտեմբերի 18-25-ն ընկած ժամանակահատվածում, սակայն կենդանիներից ոչ մեկի մոտ անկում չի նկատվել, մինչդեռ սիբիրյան խոցով վարակված անասունը պատվաստանյութը ստանալուց ժամեր անց պարտադիր սատկում է: Անասնագլխաքանակի պատվաստումները Ծովակում եւ նրան հարակից համայնքներում շարունակվում են:
Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Եղիշե Հարեյանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 18-27-ն իրենց մոտ հոսպիտալացվել է 34 մարդ: Նրանց մոտ հիմնականում նկատվել է կասկածելի հիվանդության թեթեւ` մաշկային ձեւը: Վերջին հիվանդը հոսպիտալացվել է հոկտեմբերի 23-ին, որից հետո դեռ նոր հիվանդներ չեն ընդունել: Բուժումները մարդիկ ստացել են պետպատվերի շրջանակներում` գումար չծախսելով բուժման ու դեղորայքի վրա: Հիվանդներից 25-ն արդեն նախապատրաստվում են դուրսգրման, իսկ մնացած ինը կշարունակեն բուժվել ստացիոնար պայմաններում:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Մարզպետունի Մանուկյանի տեղեկացմամբ` Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը շարունակում է հետեւել կանխարգելիչ միջոցառումներին եւ արգելանքի ռեժիմին, որը կպահպանվի վերջին հիվանդ անասունի հայտնաբերումից մինչեւ 14-րդ օրը: Իսկ իրավիճակն ընդհանուր առմամբ մնում է վերահսկելի եւ արվում է հնարավորը` մարդկանց խուճապային տրամադրություններից զերծ պահելու համար:
Սիբիրյան խոցի համաճարակի բռնկման կասկածվող հնարավոր օջախը համարվում է Ծովակ գյուղը, որտեղ հիվանդություն է նկատվել ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց մոտ: Հոկտեմբերի երկրորդ կեսից սկսած` սիբիրյան խոց հիվանդության դեմ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում: Ահազանգը հնչեցվել է այն ժամանակ, երբ մայրաքաղաքի շուկաներից մեկում վարակված միս է հայտնաբերվել եւ Ծովակի բուժամբուլատորիա դիմած քաղաքացիների մոտ նկատվել են մաշկային միատեսակ վերքեր:
Ահազանգից անմիջապես հետո Վարդենիսի տարածաշրջան են ժամանել ՀՀ գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարները, փոխոստիկանապետ Աֆյանը, Գեղարքունիքի մարզպետը, ովքեր իրենց ենթակա ստորաբաժանումների հետ համատեղ մշակել են կասկածելի հիվանդության դեմ կանխարգելիչ միջոցառումները:
ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական տեսչության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Սամվել Ասլանյանը նշեց, որ ահազանգի հենց առաջին պահից Վարդենիսի տարածքի համայնքներում սահմանվել է արգելանքի ռեժիմ, որով դադարեցվում է անասնամորթը, մսի առքուվաճառքը, տեղափոխումը մայրաքաղաք կամ այլ բնակավայրեր: Վարակված միսն առգրավվել է սառնարաններից, կասկածելի սիբիրյան խոց ունեցող անասունների դիակների հետ մեկտեղ այրվել եւ թաղվել Ծովակից 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հատուկ գերեզմանոցում, որը պետք է ցանկապատվի, բետոնապատվի, եւ որտեղ մարդկանց ու կենդանիների մուտքը կարգելվի:






Facebook
Tweet This
Email This Post
