Քանի՞ դիմում-բողոք կստանա «ԱրմենՏել»-ը նոյեմբերի 1-ից հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 27, 2012 14:19
«Տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դիմել մի փոքր ուշ»: Այս հաղորդագրությունը «ԱրմենՏել»-ի բաժանորդներն ստանում են հոկտեմբերի 14-ից: Այդ օրվանից սկսած բաժանորդները չեն կարողանում 067406 հեռախոսահամարով զանգահարել և տեղեկատվություն ստանալ օգտագործված րոպեների և ինտերնետ մեգաբայթերի վերաբերյալ:
Օրեր առաջ «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում վերոնշյալ ծառայության չգործելու փաստը պայմանավորել էր «ԱրմենՏել» ընկերության նոր ծրագրավորման ապահովման անցնելով: Նա միաժամանակ հավաստիացրել էր, որ մինչև այս շաբաթվա վերջ ծառայությունը կմիացվի:
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, 11.30-ին կրկին փորձեցինք օգտվել 067406 հեռախոսահամարից ու կրկին չհաջողվեց: Ի տարբերություն «ԱրմենՏել»-ի՝ 13 օրը բաժանորդների համար ոչ թե մի փոքր, այլ բավականին ուշ է:
Հիշեցնենք, որ 067406 հեռախոսահամարով զանգահարելով` բջջային կապի հետվճարային ծառայություններից օգտվող բաժանորդները կարողանում էին հաղորդագրությամբ տեղեկանալ օգտագործված և մնացորդային րոպեների, ինտերնետի մեգաբայթերի մասին, ինչպես նաև վերահսկել տարբեր փաթեթներում իրենց տրամադրվող սահմանաչափերը, որոնց գերազանցումը ենթադրում է տվյալ փաթեթի սակագաներից տարբերվող սակագնով վճարումներ:
Թե ծառայության անսարքության պատճառով փաթեթի սակագաներից տարբերվող որքա՞ն սակագին ստիպված կլինի վճարել «ԱրմենՏել»-ի յուրաքանչյուր բաժանորդ և քանի դիմում- բողոք կստանա իր բաժանորդներից ընկերությունը՝ պարզ կլինի նոյեմբերի 1-ից հետո:






Facebook
Tweet This
Email This Post
