Մինչև նոյեմբերի 30-ը գործատուները էլեկտրոնային ստորագրությունը կստանան անվճար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 27, 2012 13:01

Եկամտային հարկի հաշվետվությունները 2013 թ. հունվարի 1-ից հարկային մարմնին պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Դա կապված է եկամտային հարկի մասին նոր օրենքի կիրարկման հետ: ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը նշեց, որ հաշվետվությունները ներկայացնողները գործատուներն են:

«Նրանք ունեն հաշվապահներ, ովքեր պատասխանատու են այդ հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար: Մենք ունենք տասնյակ հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ, ովքեր հաշվետվությունը դեռ թղթային եղանակով են ներկայացնում: Այսուհետ այդ սուբյեկտների պատասխանատու անձինք պարտավոր են ներկայացնել հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով»,- նշեց Ա. Ալավերդյանը: Հետևաբար պետք է համատարած համակարգ կիրառվի:

Կազմակերպությունների կողմից հաշվետվությունները ներկայացնելու համար լիազորված քաղաքացիները պետք է ոստիկանության անձնագրային բաժնից ստանան նույնականացման քարտերը, դիմում ներկայացնեն հարկային մարմնին, որպեսզի գաղտնաբառ ստանան, հաշվառվեն հարկային մարմնում:

Հարկային մարմինն այդ տեղեկությունները կտա իրավասու այլ մարմինների: «Եթե գործատուները գաղտնաբառ ստանալու համար հարկային մարմիններին դիմեն մինչև նոյեմբերի 30-ը, ապա էլեկտրոնային ստորագրությունները կստանան անվճար: Նույնականացման քարտի համար նախատեսվող պետական տուրքը, որը հավասար է 3000 դրամի, կփոխհատուցի կառավարությունն իր համապատասխան միջոցներից»:

Հեղինակ:
«Փաստինֆո»
Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply