Հանրային խորհրդում մշակվել է Հայաստանում քաղաքացիական հասարակության վերաբերյալ անդրանիկ հայեցակարգը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | October 26, 2012 17:55

Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ խորհրդաժող` նվիրված Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի նախագծի ներկայացմանն ու քննարկմանը:

Փաստաթուղթը, որն առաջինն է Հայաստանում, մշակվել է ՀՀ Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովում, որտեղ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

Վերջինս հայտնեց, որ նախագիծն անցել է քննարկումների մի քանի փուլերով, արժանացել փորձագիտական գնահատականների, ներկայացվել պետական ու հասարակական կառույցների դատին: Այսօր այն ներկայացվում էր հանրության առավել լայն շրջանակներին:

Խորհրդաժողովին մասնակցում էին Հանրային խորհրդի անդամներ, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա նշեց, որ 1988 թվականից Հայաստանում անշեղորեն, բայց շատ դանդաղ ձևավորվում է քաղաքացիական հասարակություն` չնայած ոչ այն արագությամբ, որը ցանկալի է և հնարավոր: «Քաղաքացիական հասարակության կայացման գործիքներից մեկն էլ Հանրային խորհուրդն է, որն առաջինը ստեղծվել է Ֆրանսիայում 1929 թվականին: Հայաստանի Հանրային խորհրդի գլխավոր նպատակը նույնպես Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը նպաստելն է, դա է պատճառը, որ մենք նախաձեռնեցինք այս փաստաթղթի մշակումը»:

ՀԽ նախագահը միաժամանակ հայեցակարգի հեղինակներին հորդորեց ուշադրություն դարձնել հետևյալ հարցի վրա. «Քաղաքացիական հասարակության էությունը 90 տոկոսով ընդհանուր է բոլոր երկրների համար, սակայն 10 տոկոսով` տարբեր: Մեզ մոտ այդ տարբերությունը հիմնականում պայմանավորված է Սփյուռքով և տվյալ ժողովրդի ավանդույթներով, ուստի անհրաժեշտ է դա նույնպես հաշվի առնել»:

Հայեցակարգում նշմարված է, թե ինչ բան է քաղաքացիական հասարակությունը, քաղաքացիական հասարակության կառույցը, ինչ տեղում են հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական շարժումները, զանգվածային լրատվամիջոցները, ինչպիսին պետք է լինի քաղաքացիական հասարակության կառույցների և կուսակցությունների փոխհարաբերությունների արդյունավետ մոդելը, պետության հետ շփումը և այլն: «Մենք, պարզվում է` ունենք շատ հայեցակարգեր կրթության, անվտանգության, գյուղատնտեսության զարգացման և այլն, բայց քաղաքացիական հասարակության հայեցակարգ չունենք, ինչը երբեմն բերում է իրավական ոլորտում խարխափումների, հակասական որոշումների և միտումների»,-նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:-Եվ քանի դեռ այս խնդիրները մենք չենք սահմանել, մեր մոտեցումներն էկլեկտիկ են, հատվածային և իրավիճակային, որի հետևանքով նվազում է քաղաքացիալան հասարակության կառույցների ոլորտում իրականացվող գործընթացների արդյունավետությունը: Մեր նպատակն է լրացնել այդ բացը»:

Հայեցակարգը քննարկելուց, նոր առաջարկները հաշվի առնելուց հետո այն ներկայացվելու է ՀՀ Նախագահի աշխատակազմ և ՀՀ կառավարություն` հետագա ընթացք տալու համար. «Կարծում եմ, որ կառավարությունն իր քննարկումներից հետո ի վերջո կհաստատի հայեցակարգը, և ոլորտի հետագա քաղաքականության իրականացման համար մենք կունենանք մեթոդաբանական հիմք, ինչի պակասն այսօր կա»:

Այնուամենայնիվ Հովհաննիսյանը նշում է, որ այս հայեցակարգի մշակմամբ իրենք հավակնություն չունեն բոլոր խնդիրները լուծել: «Այդպիսի մտայնություն ժամանակին կար նաև Հանրային խորհրդի ստեղծման ժամանակ, երբ շատերը կարծում էին, թե մենք կառավարություն ենք, գլխավոր դատախազություն ենք և այլն: Ոչ, մենք խորհրդակցական մարմին ենք և կատարում ենք մեր գործառույթը` այդ թվում նաև ռազմավարական փաստաթղթեր առաջարկելը»:

Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply