ՍԵՔՍՈՒԱԼ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 5, 2010 14:32

«Եկեք տեսնենք իրականությունը. Հայաստանն արդեն սեքսուալ հեղափոխություն է ապրում,  բայց դեռ շատ դանդաղ:  Եկեք միանանք խմբին և տարածենք հաղորդագրությունը»: Մոտ 6 ամիս առաջ այսպիսի հաղորդագրություն հայտնվեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում,  ինչը սոցցանցի ակտիվիստների  աչքից չվրիպեց:

Խոսքը Fecebook-ում ստեղծված «I DO support SEXUAL REVOLUTION in Armenia!!!» խմբի մասին է, որը ստեղծել է Դավիթ Պետրոսյանը, իսկ  վարում է Արամ Մուղալյանը: Մոտ վեց ամիս առաջ ստեղծված  խումբն այս պահին ունի 1328 անդամ:

«Խումբը ստեղծել եմ, որպեսզի հայ երիտասարդության շրջանում սկսեմ խրախուսել ազատ ապրելակերպը և փորձեմ կոտրել այն հին կարծրատիպը,  որը կապված է սեքսի հետ:  Վերջապես,  XXI դարում ենք ապրում,  ոչ թե նախնադարյան համայնակարգում»,- ասում է Արամ Մուղալյանը:

Հին կարծրատիպեր ասելով`  Արամը նկատի ունի այն,  որ աղջիկներին թույլ են տալիս սեքսուալ հարաբերություններ ունենալ միայն հարսանիքից հետո,  իսկ տղամարդկանց` երբ ուզես և ինչքան ուզես:  Նա ասում է, որ  հիմա աղջիկների մեծ մասն  ամուսնանում է  25 տարկանից հետո,  ուստի սխալ  է, որ կուսությունը պահպանվի մինչև  այդ տարիքը:

«Դա օրինաչափ էր այն ժամանակ,  երբ ամուսնանում էին 16-17 տարեկանում: Դա ոչ միայն վնաս է նրանց առողջությանը,  այլև խտրականություն է. տղամարդկանց կարելի է ամեն ինչ,  իսկ կանանց` ոչ,- ասում է Արամը,- Հայաստանում աղջիկներին բազմապիսի պիտակներ են կպցնում,  եթե մեկից ավելի ընկեր են ունեցել,  իսկ եթե չեն ունեցել ու կույս են, համարվում են մաքուր:  Տղաների ճնշող մեծամասնությունը չի ուզում գիտակցել,  որ աղջիկը մաքուր է համարվում ոչ թե կուսաթաղանթի առկայությամբ,  այլ իր հոգեկան ու մարդկային արժեքներով»:

Խմբի ամդամներից  Ռուզաննա Նահապետյանը կարծում է,  որ հեղափոխությունն արդեն  սկսվել է,  բայց երիտասարդությունը բաժանված է երկու բևեռի. «Կան երկու խմբեր` ավանդական և մոդեռն մտածողներ: ՍԵքսուալ հեղափոխությունը  հենց էդ մոդեռն մտածողների մեջ էլ սկսվել է: Ես չգիտեմ` ինչպես և  երբ  համատարած կլինի, բայց այն արդեն սկսվել է»:

Բժիշկ սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ասում է, որ երկու մասի բաժանված է ոչ միայն երիտասարդությունը, այլև հասարակությունը:

«Կան այցելուներ, ովքեր ամաչում են, նեղանում, երբ խորհուրդ ես տալիս,- ասում է նա,- մյուս ծայրահեղությունն էլ այն է, որ դիմում են ամենատարբեր փորձարկումների` սկսած խմբակային սեքսից»:

Բարքերի ազատականացումը Շահրամանյանը չի որակում որպես սեքսուալ հեղափոխություն:

«Ուղղակի  օտար քամիների բերումով փորձում ենք կրկնօրինակել օտարոտի երևույթներ,- ասում է  սեքսապաթոլոգը,- Հայ ազգը շատ կենտրոնացած է կուսաթաղանթ կոչվածի վրա: Սա հուշում է,  որ սեքսուալ հեղափոխության մասին խոսելը դեռևս վաղ է: Մեր ազգը սեքսուալ  անգրագիտության սով է ապրում: Սեքսուալ հեղափոխություններ եղել են այն երկրներում,  որտեղ դրա համար կար ամուր հիմք,  որտեղ իրազեկությունը բարձր է եղել: Մեր երկրի պարագայում բարդ է,  պարզապես հայտնվում են խմբեր,  որոնց նպատակը երբեմն նույնիսկ հայտնի չէ, բայց ամպագոռգոռ հայտարարություններ են անում երկրի սեռական մտածելակերպը փոխելու մասին: Դրանք հպանցիկ բռնկումներ են, որոնք նույնիսկ հետք չեն թողել»:

«Երբ XXI դարի առաջին տասնամյակի մայրամուտին մի ֆեյսբուքյան էջ եմ տեսնում, ինչպես I DO SUPPORT SEXUAL REVOLUTION IN ARMENIA-ն է, մի  տեսակ տաք և ժպտախառն զգացում է առաջանում, ինչպիսին տածում եմ միմիայն Դոն Քիշոտի նկատմամբ: Սեքսուալ հեղափոխությունն այնքան ժամանակավրեպ հասկացություն է այսօր, որ սկսում ես  դրան նայել որպես բարի խելագարի», -ասում է ամերիկաբնակ գրող Կարեն Ղարսլյանը:

Կարենը հավատում է ոչ թե սեքսուալ հեղափոխությանը Հայաստանում, այլ սեքսուալ ազատականացմանը: Դրանից, ըստ Կարենի, ամենաշատը կշահեն կանայք: Հիմա հենց նրանք  են զգում դրա կարիքը:

«Եվրոպայում և Ամերիկայում ձևավորված, հասունացած ու ապրած գաղափարը այդպես հեշտորեն տեղափոխել հայաստանյան իրականություն, նույնն է, ինչ արմավենի տնկել Երևանի պուրակներից մեկում ու ակնկալել, որ կաճի»,- ասում է Կարենը:

Գրողը  փոփոփություններ կատարելու համար առաջնային է համարում  «աղջիկ փախցնելու» և «կարմիր խնձորի» հաղթահարումը: Ծնողները, ինչքան էլ դեմ լինեն տղային, ոչ մի քայլ չեն ձեռնարկի փախցրած դստերը հետ բերելու համար: Իսկ աղջիկը, քանի որ իրեն սպասող չկա, այլ ելք չունի, քան մնալը:

«Տվյալ պարագայում տղան այնքան մեղավոր չէ, ինչքան աղջիկը կամ նրա ընտանիքը,- ասում է Կարենը,- Նա պարզապես օգտվում է հասարակության բարքերի ապշեցուցիչ տհասությունից: Իսկ աղջիկը և  նրա ընտանիքը ստրուկ են դրան, քանզի ողջ հասարակությունն է ստրուկ` չնչին բացառություններով: Նրանք չեն ընդունի փրկված աղջկա վերադարձը»:

Իսկ Արամ Մուղալյանի կարծիքով եսասեր են այն տղամարդիկ, ովքեր պահանջում են կույս աղջիկ. «Իմ կարծիքով նրանք  աղջիկներին նայում են ոչ թե որպես անհատի, այլ, ասենք, իրի` «նոր լինի, օգտագործված չլինի» սկզբունքով. ինչպես մեքենա գնելիս»:

Դիտվել է 27918 անգամ:
Print Friendly

Leave a Reply