Ի՞նչ է պարտադիր բաժնի իրավունքը
ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | ankakh | November 1, 2012 7:00
Ինչպես գիտենք, ժառանգությունը լինում է ըստ օրենքի և ըստ կտակի: Ըստ օրենքի ժառանգության դեպքում ժառանգները ստանում են իրենց հասանելիք բաժինը ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքից հավասար չափով: Սակայն, ըստ կտակի ժառանգության դեպքում ժառանգության բացման օրը կտակարարին պատկանող գույքն ամբողջությամբ փոխանցվում է կտակառուին, այսինքն` կտակում նշված անձին կամ անձանց: Քաղաքացին իրավունք ունի իրեն պատկանող գույքն ազատ կտակելու ցանկացած անձի, ավելին, նա պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնելու կտակ անելու, փոփոխելու կամ վերացնելու մասին: Սակայն կտակի ազատության հետ մեկտեղ կան որոշակի բացառություններ: Մասնավորապես, անկախ կտակի բովանդակությունից, կան ժառանգներ, որոնք ունեն ժառանգության պարտադիր բաժնի իրավունք:
ՀՀ քաղ. օրենսգիրքը սահմանում է ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը: Համաձայն ՀՀ քաղ. օր.-ի 1194-րդ հոդվածի առաջին մասի՝ պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում:
Պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի՝
• անչափահաս երեխաները,
• չափահաս հաշմանդամ երեխաները,
• անգործունակ ճանաչված երեխաները,
• 60 տարեկան դարձած երեխաները,
• 60 տարեկան դարձած ամուսինը,
• 60 տարեկան դարձած ծնողները:
Նշված անձանց թիվը սպառիչ է և, հետևաբար, պարտադիր բաժնի իրավունքից չեն կարող օգտվել ըստ օրենքի երկրորդ և երրորդ հերթի ժառանգները: Պարտադիր բաժնի իրավունքը ստանալու համար կտակում նշված ժառանգների համաձայնությունը չի պահանջվում: Այսինքն` ցանկացած պարագայում, երբ ժառանգատուի ըստ օրենքի առաջին հերթի ժառանգների շարքում գոյություն ունեն նշված անձինք, ապա կտակի առկայության դեպքում, եթե նրանք կտակում որպես ժառանգներ նշված չեն, պարտադիր հրավիրվում են ժառանգության և ժառանգում գույքի այն մասի առնվազն կեսը, որը նրանք կժառանգեին որպես առաջին հերթի ժառանգ, եթե չլիներ համապատասխան կտակը:
Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
