Մեր երկիրը` զբոսաշրջային նոր հնարավորություններով. Ի՞նչ կտա միջազգային հռչակագրի ստորագրումը Հայաստանին

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | October 30, 2012 15:05

Հայաստանում, հատկապես վերջին տարիներին, շատ է խոսվում տնտեսության առաջատար ճյուղերից մեկի` զբոսաշրջության ոլորտի զարգացման մասին: Ոլորտը կառավարության կողմից ճանաչվել է գերակա ուղղություն, և աշխատանքներ են տարվում հետագա առաջխաղացում ապահովելու ուղղությամբ: Հայաստանում զբոսաշրջության աճի տեմպերը վերջին տարիներին կազմել են 8-10 տոկոս: Հայաստանյան զբոսաշրջության ոլորտում վերջին ձեռքբերումը Հայաստանում անցկացված միջազգային համաժողովն էր և դրա շրջանակներում կնքված «Երևանյան հչակագրի» ստորագրումը:

«Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը XXI դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը, որն անցկացվում է  երկու տարին մեկ, այս անգամ մեկնարկեց մեր երկրում, ինչը, հայկական կողմի գնահատմամբ, հնարավորություն է տալիս Հայաստանին մեծացնելու իր ճանաչելիությունը միջազգային հարթակում: Համաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայը, միջազգային փորձագետներ և զբոսաշրջության ոլորտի օտարերկրյա ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսպանիայից, Հունաստանից, Լեհաստանից, Վրաստանից և ԱՊՀ անդամ երկրներից: ԱՊՀ պատվիրակությունը ղեկավարում էր ՌԴ զբոսաշրջության գործակալության ղեկավար Ալեքսանդր Ռադկովը:

Թալեբ Ռիֆայը երկրորդ անգամ էր Հայաստան այցելում: Ըստ նրա` մեր երկրում կան բոլոր հնարավորությունները ոլորտի զարգացման համար, պարզապես պետք է  անհրաժեշտ ջանքեր գործադրել Հայաստանի ներկայացվածությունը աշխարհում ընդլայնելու ուղղությամբ:

ՌԴ դաշնային տուրիստական գործակալության ղեկավար Ալեքսանդր Ռադկովը, ընգծելով ԱՊՀ երկրներում առկա տուրիստական դինամիկան, կարծիք հայտնեց, որ ԱՊՀ-ում տուրիստական շուկան վերելքի շրջանում է: «Մարդիկ շատ ակտիվորեն ճամփորդում են տարբեր նպատակներով, և յուրաքանչյուր երկիր փորձում է իր յուրօրինակ տուրիստական արտադրանքով գրավիչ լինել: Երբ բացվեցին սահմանները, մարդիկ ավելի շատ նախընտրությունը տվեցին դեպի հեռավոր երկրներ այցելելուն` ընտրելով Եվրոպան, Թուրքիան, Եգիպտոսը, սակայն հետագայում հոսքը դարձյալ ուղղվեց հենց ԱՊՀ երկրներ, ինչը պայմանավորված էր հարևան երկրներում մատուցվող ծառայություններին ծանոթանալու ցանկության հետ»,- նկատում է ՌԴ տուրիստական գործակալության ղեկավարը` միաժամանակ հավելելով, որ  ԱՊՀ տարածաշրջանում տուրիզմը խթանելու համար պետք է  նախ բարձրացնել ավիափոխադրումների մրցունակությունը և հզորացնել տեղեկատվական դաշտը:

Ռադկովը վստահեցրեց, որ Ռուսաստանը հետաքրքրված է հայաստանյան տուրիզմով, և իրենք մեծ թվով հայ զբոսաշրջիկներ ընդունելու մեծ ցանկություն ունեն: Բացի այդ, Հայաստանը շատ բան ունի ռուսական շուկային ներկայացնելու, որոնցից մեկը հենց հարուստ պատմամշակութային ժառանգությունն է ու միևնույն կրոնը: Ըստ նրա` մեր երկիրը իսկապես մեծ ներուժ ունի տուրիզմի ոլորտում, սակայն գրավչությունն էլ ավելի մեծացնելու համար նա առաջարկում է նախ զարկ տալ ենթակառուցվածքների և ավիահեռահաղորդակցության զարգացմանը, ինքնաթիռների բազմազանությանը և, իհարկե, ավիատոմսերի մատչելիությանը: «Ես հասցրեցի ծանոթանալ դեպի ՌԴ իրականացվող թռիչքների ցանկին, այն բավական մեծ էր աշխարհագրության առումով, ինչը լավ գործոն է»,- հաստատեց Ալեքսանդր Ռադկովը:

Նա կարևոր է համարում նաև կադրերի վերապատրաստման խնդիրը` մատնանշելով, որ ՌԴ-ում շուրջ 300 բուհեր վերապատրաստում են զբոսաշրջության ոլորտի լավագույն կադրեր, որոնք, սակայն, պահանջարկված չեն աշխատաշուկայում, մինչդեռ մեծ է  պահանջարկը մատուցողների, մաքրուհիների և ծառայություն մատուցող այլ կադրերի շրջանում: Ուստի միասնական չափանիշների կիրառումը պահանջում է նաև վերապատրաստված կադրերի առկայություն:

Մեր երկրի համար, բացի այս համաժողովի անցկացման կարևորությունից, հատկանշական էր նաև համաժողովի ավարտին երկու կողմերի միջև ստորագրված  «Զբոսաշրջության էթիկայի համաշխարհային արժեքների նկատմամբ  պարտավորությունների ստանձնում» ՄԱԿ-ի փաստաթուղթը: Այս պարտավորությունների ստանձնմանը միացան հայաստանյան հինգ ընկերություններ` «Արմենիա» միջազգային օդանավակայանը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը, «Ներգնա տուրօպերատորների միությունը», «Թուֆենկյան հոսփիթալիթի» ՍՊԸ-ն և «Armhotels.am»-ը:  Նրանք, հայտնելով վերոնշյալ փասթաթղթին միանալու իրենց պատրաստակամությունը, պարտավորվեցին ընդունել և պահպանել զբոսաշրջության միջազգային էթիկայով ամրագրված բոլոր սկզբունքները` իրենց նպաստը բերելով ոլորտի զարգացման հետագա գործընթացներին:

Այնուհետև, ինչպես հրապարակվել էր  նախորդ օրը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և ՄԱԿ-ի ԶՀԿ-ի գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայի միջև ստորագրվեց «Երևանյան հռչակագիրը»:  Այս երկու գործընթացներն էլ ուղղված են զբոսաշրջության ոլորտի խթանմանն ու զարգացմանը` ի նպաստ տնտեսության, միջազգային փոխըմբռնման, բարգավաճման, խաղաղության ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համամարդկային արժեքների պահպանման ու գնահատման:

Նշենք, որ Զբոսաշրջության էթիկայի համաշխարհային կանոնագիրքը հաստատվել է  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2001 թ. դեկտեմբերի  21-ի որոշմամբ: Այսօր  Էթիկայի համաշխարհային կանոնագիրքը ճանաչված է աշխարհում որպես արդար, պատասխանատու ու կայուն զբոսաշրջության զարգացմանն ուղղորդող հիմնարար միջոց, որն ուղղված է զբոսաշրջության միջոցով միջմշակութային երկխոսության ամրապնդմանը` ի շահ համաշխարհային և տարածաշրջանային մակարդակով բազմաբնույթ ու դինամիկ հասարակության:

Ընդունված հռչակագիրը և կանոնակարգին միանալու պարտավորվածությունը շատ կարևոր քայլ էին մեզ համար, քանի որ մասնավոր հատվածը, համագործակցելով պետության  և զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ,  միացավ մի փաստաթղթի և գործընթացի, որը ենթադրում է մեծ պատասխանատվություն: Հռչակագրում տեղ գտած հիմնադրույթները կարևոր են մեր երկրի զարգացման համար: Ընդգծելով հռչակագրի կարևորությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ այն պատմական իրադարձություն է մեր մայրաքաղաքի համար: «Մեզ համար այն մեծ պատիվ է,  և մենք շատ ուրախ ենք, որ ապագայում այդ հռչակագրի վրա կլինեն հղումներ, որոնցում կներառվի մեր մայրաքաղաքի անունը»:

Լ.Ն

Դիտվել է 1819 անգամ:
Print Friendly

Leave a Reply