Ամերիկահայերը որոշել են պատժել նախագահի թեկնածուներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | October 26, 2012 13:05

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ ո՛չ նախագահ Բարաք Օբամային, ո՛չ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին չի սատարի նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում, քանի որ նրանք «չեն վաստակել հայ համայնքի աջակցությունը»:

«Ո՛չ Բարաք Օբաման, որ չկատարեց իր խոստումները, ո՛չ նախկին նահանգապետ Միթ Ռոմնին մեր համայնքին մտահոգող խնդիրների վերաբերյալ հանրային զեկույցով հանդես չեն եկել` վաստակելու ամերիկահայերի քվեները: ԱՄՆ գործադիր իշխանությունը, չնայած Կոնգրեսում, նահանգներում, լրատվամիջոցներում, ամերիկյան քաղաքացիական հասարակության մոտ գրանցված առաջընթացին, ամերիկահայերին հուզող խնդիրներին վերաբերող արտաքին քաղաքականության հարցում շարժվում է Անկարայի և Բաքվի թելադրանքով»,- նշվում է այս առիթով հրապարակված հայտարարության մեջ:

Արդեն քանի տասնամյակ այնպես էր ստացվում, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի փուլում ամերիկահայերին այս կամ այն թեկնածուն ճոխ-ճոխ խոստումներ էր տալիս: Ընդ որում, այն թեկնածուն, որն ավելի պերճախոս էր Ամերիկայի հայ համայնքին ինչ-որ բան խոստանում, հենց նրան էլ աջակցում էին մեր հայրենակիցները: Որպես կանոն` հենց այդ թեկնածուն էլ միշտ հաղթում էր: Ու ամենավատը, որը նույնպես որպես կանոն եղել է և լինում է. հայ համայնքի օժանդակությունը ստացած թեկնածուները շատ արագ մոռանում են իրենց նախընտրական խոստումները` կապված Ցեղասպանության, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման, համայնքին վերաբերող այլ հարցերի հետ:

Եվ վաղուց արդեն ժամանակն էր, որ մի այսպիսի դեմարշ լիներ: Իրենց որոշումը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ներկայացուցիչները պարզաբանում են հանգամանքով, որ նախագահ Բարաք Օբաման 2008-ին ուներ Հայ Դատի գրասենյակի աջակցությունն ու ամերիկահայերի քվեները և բազմիցս խոստացել էր աշխատել Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև ամերիկահայերին հուզող այլ խնդիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ և ամերիկահայ առաջնորդների հետ ակտիվ համագործակցել:  Գալով իշխանության` նախագահ Օբաման չկատարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումը` իշխանության առաջին 90 օրերին իր վարչակազմի միջոցով մինչև ապրիլի 24-ը Երևանին ընդունել տալով «ճանապարհային քարտեզն» ու արձանագրությունները, ինչն իրեն տվեց քաղաքական ծածկ` խոստումը խախտելու համար:

«Խոստումը խախտելու ամենաակնառու օրինակը եղան Ցեղասպանության ճանաչմանը վարչակազմի դեմ արտահայտվելն ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը` Ցեղասպանության պատմական բանավեճ լինելու վերաբերյալ: Նախագահի առաջին ազդանշանը, որ խախտելու է խոստումը, եղավ 2009 թ. մարտին, երբ Թուրքիայի խորհրդարանում ունեցած իր ելույթում նա չօգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, բայց նշեց, որ իր անձնական տեսակետն այս հարցում չի փոխվել: Նախագահը չկատարեց իր խոստումները նաև այլ ոլորտներում։ Նա, ինչպես խոստացել էր, չփնտրեց «ԼՂ հակամարտության տևական լուծում` հիմնված ամերիկյան ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքների վրա», փոխարենը ադրբեջանամետ Մեթյու Բրայզային դեսպան նշանակեց Ադրբեջանում»,- նշում են հայդատականները:

Ինչ վերաբերում է նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին` Մասաչուսեթսի նախկին նահանգապետին, նահանգ, որտեղ բնակվում է ամերիկահայ ամենավառ համայնքը, նա իր կառավարման (նահանգապետի պաշտոնում), ինչպես նաև քարոզարշավի ընթացքում ոչինչ չի հայտարարել հայկական հարցերի վերաբերյալ: Նա նաև չի հանդիպել և չի խորհրդակցել հայ համայնքի ղեկավարության հետ:

Այսինքն` առաջին անգամ ամերիկահայերը որոշեցին «դաս տալ» խոստումնադրուժ ամերիկացի չինովնիկներին:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այս հարցով հանդես եկավ մամուլի ասուլիսով և նշեց, որ այս որոշումը, իր կարծիքով, դեռ վերջնական որոշում չէ, այլ միայն ամերիկացի թեկնածուներին սթափեցնելու կոչ:

«Չեզոքությունը կամ պասիվ մասնակցությունը դրական արդյունք չի լինի: Միգուցե չմասնակցելը հետագայում սթափեցնելու նպատակով կարող է օգտագործվել:  Իմ կարծիքով` իհարկե չեզոքությունը հեռանկարի առումով որևէ դրական ձեռքբերում չի կարող տալ: Որովհետև նրանք` որպես մեծ երկրի նախագահներ, շատ դեպքերում հաշվի են առում իրենց պետական շահերը: Իմ կարծիքով, թեկուզ չնչին չափով, ինչ-որ խոստում ստանալն ու պատասխանատվություն պահանջելն է ճիշտ մոտեցումը: Վերջնական որոշումը պատրաստ կլինի ընտրություններից առաջ»,- նշեց Էդիկ Մինասյանը:

Այս պահի դրությամբ ո՛չ Ռոմնին, ո՛չ նախագահ Օբաման չեն արձագանքել Հայ դատի գրասենյակի բազմաթիվ գրավոր դիմումներին՝ հայ համայնքին հետաքրքրող հարցերի առնչությամբ իրենց տեսակետները հրապարակայնորեն ներկայացնելու վերաբերյալ:

Ինչևիցե, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն արդեն արել է քայլը, բայց ավելի կարևոր է, թե ինչ պետք է անի, եթե թեկնածուներից այդպես էլ ոչ մի արձագանք չլինի: Որովհետև հակառակ պարագայում կստացվի, որ այս քայլն իր նպատակին չծառայեց:

«ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի որոշումը` նախագահական ընտրությունների հետ կապված, իրենք արդեն շատ հստակ արտահայտել են: Դա արդեն վերջնական որոշում է, իսկ անմիջապես այդ իրադարձությունից հետո` կոնգրեսականների ընտրության ժամանակ, նրանք շատ ակտիվ աշխատելու են` սատարելով այս կամ այն թեկնածուին: Թեկնածուների ցուցակը շուտով կհրապարակվի»,- ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Բոլոր դեպքերում ավելի լավ է խոստում չստանալ, քան անընդհատ ինչ-որ խոստումներ ստանալ ու խաբվել: Մանավանդ որ վաղուց արդեն մի այսպիսի հայտարարության անհրաժեշտություն զգացվում էր:

Ինչ վերաբերում է կոնգրեսականների մասով աշխատանքներ ծավալելուն, ապա դա նույնպես արդարացված մոտեցում է, քանի որ փորձը ցույց է տալիս, որ հայկական լոբբիստական խմբերի ազդեցության տակ գտնվող սենատորները ավելի շատ բան են անում հայության պահանջների համար, քան ԱՄՆ չինովնիկներից որևէ մեկը:

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply