ԱՂՋԻԿՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՄԵԾԱՑՆԵԼ ԿՈՒՐԾՔԸ, իսկ տղամարդիկ հիմնականում քթի ջարդվածքն են ուղղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 27, 2012 7:00

Պարզվում է` մեր երկրում ամենատարածված պլաստիկ վիրահատությունները եղել և մնում են քթինը, որի համար նախկինում հիմնականում դիմում էին աղջիկներն ու կանայք, այսօր` նաև տղամարդիկ, և կրծքի վիրահատությունները, որոնք, ինչպես վստահեցնում են ոլորտի մասնագետներն ու պատասխանատուները, ավելի ու ավելի են հաճախակիացել:

Ովքե՞ր են դիմում վիրահատությունների, դրանք մատչելի և արդյունավե՞տ են: Վիրահատության դիմած մարդիկ հիմնականում խուսափում էին խոսել, բժիշկներն էլ փորձում էին հարցերին պատասխանել բժշկական բավական բարդ տերմիններով: Այնուամենայնիվ, գտանք հարցերի պատասխանները, գտանք կերպարներ, որոնք պատմեցին ամեն ինչ:

ՍԿԶԲՈՒՄ ՔԻԹԸ, ՀԵՏՈ` ԿՈՒՐԾՔԸ

 

Մեր հերոս Արմինե Բաբայանն ասում է, որ նախկինում բավական տգեղ քիթ ուներ: Հիմա 26 տարեկան է, ուսման նպատակով (սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում) 2003-ից Երևանում է: Ծնվել, մեծացել է Եղեգնաձորում: Հիշում է, որ «տհաճ» քթի պատճառով հայրենի քաղաքում շատ «պատմությունների» մեջ է ընկել:

– Դեռ դպրոցական էի, 5-6-րդ դասարանում էի սովորում, երբ տղաներից Արմենը բոլորի ներկայությամբ եկավ ու ասաց. «Ինչ գեշ քիթ ունես, ոնց որ Ֆռունզը լինես, տնաշեն»: Լաց լինելով վերադարձա տուն ու պատմեցի մորս: Նա էլ հոգու խորքում գիտեր, որ Արմենը ճիշտ է ասել, բայց ասաց. «Աստված քեզ ոնց ստեղծել ա, ըտենց էլ պետք ա լինես, բան չենք կարա անենք»:

 

2005-ին երբ Արմինեն սովորում է բուհում, կուրսի ընկերուհիները խորհուրդ են տալիս վիրահատել քիթը: Ասում է, որ սկզբնական շրջանում դժվար է համակերպվել այդ մտքի հետ:

– Ծնողներս մինչև հիմա էլ արարքիս համար ինձ չեն ներում, բայց ի՞նչ անեմ: Սա իմ կյանքն է: Կուրսեցիս ասաց, որ ինքը քիթը պլաստիկ վիրահատության է ենթարկել, հաջողվել է, ցույց տվեց նկարները, ու ես ևս վարակվեցի այդ մտքով: Ընկերներիցս պարտքով փող ճարեցի ու դիմեցի բժշկի:

Արմինեն ցույց է տալիս իր հին ու նոր նկարներն ու ասում` համեմատություն արա: Իհարկե, արդյունքն ակնհայտ է:

– Բժիշկն ինձ ասաց, որ խնդիրներ կառաջանան: Ինչ-որ բան բարդություն էր առաջացրել: Ես համաձայնեցի:

Մոտ երկու ամիս աղջիկը ստիպված էր վիրակապով շրջել: Արդյունքից Արմինեն գոհ է, վստահեցնում է, որ ամեն ինչ իր սրտով է:

Բայց որքան հետաքրքիր, նույնքան էլ զարմանալի է, որ մեր հերոսուհի Արմինե Բաբայանն այնքան է ներշնչվել պլաստիկ վիրահատության թեմայով, որ քթի վիրահատությունից կարճ ժամանակ անց նորից է բժշկին դիմել: Այս անգամ որոշել է մեծացնել ստինքները:

– Իսկ ինչո՞ւ ոչ,հարցրի ինքս ինձ ու շատ երկար մտածեցի, հիմա երկար-բարակ չեմ ուզում պատմել, ուղղակի ցանկանում էի լինել այնպիսին…

Արմինեն վստահեցնում է, որ տնեցիները երկրորդ` կրծքագեղձի վիրահատության մասին չգիտեն ու դժվար էլ իմանան: Առաջին անգամ մի տարի առաջ մայրն է հետաքրքրվել, Արմինեն էլ ասել է.

– Մա՛մ ջան, երևի երևանյան սննդից է, մի շրջան կար, ախր, շատ էի չաղացել:

Արմինեն մեզ հիմա վստահեցնում է, որ Երևանում ապրում է երջանիկ` իր մեծ, շքեղ կրծքով ու գեղեցիկ քթով: Աշխատում է երևանյան խոշոր ընկերություններից մեկում` որպես հաշվապահ: Առաջիկայում չի մտածում ամուսնության մասին, ցանկանում է սովորել Երևանի Ամերիկյան համալսարանի «Բիզնես մենեջմենթ» բաժնում:

– Ամուսնանալու ու երեխաներ ունենալու համար միշտ էլ ժամանակ կգտնեմ: Եթե Եղեգնաձորում լինեի, ապա մերոնք արդեն ինձ ամուսնացրած կլինեին: Գիտեք, լավ է այսպես, ուզում եմ լավ կարիերա ունենալ, հետո էլ կմտածեմ ընտանիք կազմելու մասին:

ՄԵԿԸ ՔԻԹԸ, ՄՅՈՒՍԸ` ԿՈՒՐԾՔԸ

 

Մեր մյուս հերոսը Արմեն Կանամիճյանն է, սփյուռքահայ է: Սիրում է կյանքը: Երևան է եկել դասընթացների: Մենք նրան հանդիպեցինք Երևանի հիվանդանոցներից մեկում, ասաց, որ եկել է քթի վիրահատություն անելու համար:

– Ես ադանգ բաները լավ չէի գիտեր: Խնդիրներ առաջացան քիթիս հետ կապված: Դիմեցի բժիշկին: Ըսավ, որ միակ ելքը վիրահատությունն է: Հիմա արդեն ամեն ինչ լավ է: Չնայած վիրահատությունն ամեն մարդու գրպանին բանը չէ:

Սփյուռքահայ մեր ընկերոջը սկզբում բժիշկները ցանկացել են մոլորեցնել. ամեն անգամ տարբեր գումարներ են ասել: Գինը միշտ բարձրացել է, իբր խնդիրներն են շատացել:

– Իսկապես, խաբեություն եղավ, ադանգ բաները լավ չէի գիտեր: Ընկերներուս ըսի` ասին` սա Հայաստանն է, ամեն ինչ կըլլա: Ուրիշ բժիշկի գտա: Արդյունքը լավ է:

 

Մեր մյուս հերոսը 28-ամյա Քնարիկ Սարգսյանն է (անուն-ազգանունը փոխված է իր իսկ խնդրանքով): Նա վիրաբույժին էր բերել Պամելա Անդերսոնի և Ջենիֆեր Լոպեսի մերկ նկարները ու ցանկացել ունենալ Պամելայի կուրծքն ու Ջենիֆերի հետույքը:

– Ախր, չեմ ուզում խոսել այս մասին: Մարդ եմ, չէ՞, ես էլ պահանջներ ու ցանկություններ ունեմ: Բժիշկը երևի 30 րոպե մենակ ծիծաղեց, հետո էլ ասում ա. «Ոչ էն կարամ անեմ, ոչ էլ` էն»: Ասեցի` չեղավ: Ասաց, որ այդքան մեծ կուրծք չի կարող անել, հետույքն էլ նախ Ջենիֆերինից չի լինի, հետո էլ` շատ թանկ ա: Որոշեցի գոնե մի քիչ մեծացնեմ կուրծքս,- նեղսրտած ասում է Քնարիկը:

Մեր այն հարցին, թե ինչու որոշեց դիմել այս քայլին, նա ավելի քան անկեղծ պատասխանեց.

– Գիտեք, ես ամուսնացած չեմ, երևի չլինեմ էլ: Իմ կյանքում կա ընդամենը մեկ տղամարդ, որին ես սիրում եմ: Գիտեմ, որ ընտանիք-երեխաներ ունի: Բայց մենք միմյանց շատ ենք սիրում: Նա մի օր գիշերն ասեց. «Պետք ա պլաստիկ վիրահատություններ անես, թե չէ էլ ես քեզ չեմ սիրի»: Ու պատրաստ էր վճարել դրա համար: Ես էլ, բնականաբար, դեմ լինել չէի կարող: Ու դա է պատճառը, որ այսօր նման քաշքշուկների մեջ եմ ընկել:

Քնարիկը, իհարկե, հիմա Ջենիֆեր Լոպեսի հետույքից չունի, ոչ էլ՝ Պամելայի կրծքից, բայց վիրահատությունից գոհ է, նաև՝ «իր կյանքի տղամարդը»…

ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՒ ՀՈԳԵԲԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ

Մեր ընտրած թեման մեզ տարավ թիվ 3 կլինիկական հիվանդանոց: Թեև Պլաստիկ ու վերականգնողական ծառայության ղեկավար Գևորգ Ստեփանյանը վիճակագրական տվյալներ չէր կարող բերել, փաստում է, որ մեր օրերում պլաստիկ վիրաբույժներին ավելի շատ դիմողները կանայք են:

– Գիտեք, նրանք հիմնականում դիմում են քթի, կրծքագեղծի, որովայնի, հաճախ նաև ոտքերի պլաստիկ վիրահատությունների համար: Իհարկե, չեմ բացառում, տղամարդիկ էլ պլաստիկ վիրաբույժներին դիմում են, բայց մեծ մասամբ քթի, ավելի շատ` քթի միջնապատի շտկման համար:

Իսկ կլինիկական հոգեբան Միքայել Մադաթյանն ասում է, որ մարդը էսթետիկ վիրաբուժության դիմում է, երբ նրա ներքինը չի ընդունում իր արտաքին տեսքը:

– Այնուամենայնիվ, կարևոր է, որ մարդիկ գիտակցեն` պլաստիկ վիրահատությունն իսկապես իրենց հարկավո՞ր է, թե՞ ոչ:

Հայաստանում քթի վիրահատությունից հետո, նորաձև են դարձել կրծքագեղձի վիրահատությունները: Նույնիսկ վիրահատության են դիմում սիրեկանների քմահաճույքներից դրդված, օրինակ` երբ սիրեկանն ուզում է, որ սիրուհին մեծ կուրծք ունենա:

Սակայն հոգեբանը հիշեցնում է` հնարավոր է, որ պլաստիկ վիրաբուժությունից 2-3 տարի հետո տվյալ անձն էլ չհանդիպի իր սիրեկանի հետ ու հայտնվի միանգամայն այլ մարդու կողքին,  որին դուր գա ոչ թե մեծ, այլ փոքր կուրծքը: Հետևաբար, ճիշտ է վիրահատությունից առաջ խորհրդակցել հոգեբանների հետ:

– Օրինակ` լինում են դեպքեր, երբ դիմում են վիրաբույժին դերասանուհի Անջելինա Ջոլիի լուսանկարներով ու ցանկություն հայտնում, որ հենց նրա քթի նման քիթ են ուզում, առանց գիտակցելու, որ դերասանուհու քթի ձևն իրենց բնավ պետք չէ,- նշում է Մ. Մադաթյանը:

Ըստ Գևորգ Ստեփանյանի էլ` ճիշտ կլինի, որ հոգեբանը զրուցի նրանց հետ ու հանգեցնի այն մտքին, որ իրականում Անջելինա Ջոլիի քիթը շատ գեղեցիկ չէ, ինչպես կարծում են նրա երկրպագուները:

– Պարզապես նման հաճախորդներին փորձում ենք հասկացնել, որ իրենց դիմագծերին հարմար է ուրիշ ձևի քիթը:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է 3092 անգամ:
Print Friendly

Leave a Reply