Ֆինանսական հաշտարարի գրասենյակ. Պե՞տք է մեզ այն

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | October 29, 2012 14:53

Տարիներ առաջ, երբ մեր երկրում էլ ձևավորվեց ֆինանսական հաշտարարի ինստիտուտը, թե՛ հանրությունը, թե՛ ֆինանսական համակարգում ներգրավվածները թերահավատ էին` ինչքանո՞վ է դրա գործունեությունը մեզ անհրաժեշտ: 2009 թ. հունվար ամսից այն արդեն գործում է: Եվ այսօր կարելի է  ասել, որ կայացած ինստիտուտ է, այդ են վկայում միջազգային կառույցների` մեր գրասենյակին տրված բարձր գնահատականները:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակը կարգավորում է  Ֆինանսական կառույցների և ՀՀ քաղաքացիների միջև ծագող վեճերը:

Սկզբում, ինչպես տարիներ առաջ կարծիք է հայտնել ֆինանսական հաշտարարի գրասենյակի տնօրեն Փիրուզ Սարգսյանը, բավական դժվար էր աշխատել անվստահության մթնոլորտում, քանի որ, բացի վստահության պակասից, կար նաև տեղեկատվության պակաս, և մարդիկ չէին կարողանում հարմարվել կառույցի գործունեությանն ու անհրաժեշտությանը: Քաղաքացիների գերակշռող մասը տեղեկացված չէր իրենց շահերի և իրավունքների մասին:

Կառույցի ներկայացուցիչների գնահատմամբ` տարեցտարի մեծացավ այդ ինստիտուտի նկատմամբ վստահությունը թե՛ ֆինանսական կազմակերպությունների և թե՛ սպառողների շրջանում, ինչն էլ հանգեցրեց միջնորդությունների ծավալների աճին և տեղեկացվածության բարձրացմանը:

Այս տարվա առաջին երեք եռամսյակների կտրվածքով` գրասենյակը ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 971 բողոք, որոնցից քննության են ընդունվել 244-ը: Քննած գործերի 65 տոկոսը լուծվել է հօգուտ հաճախորդների, հատուցվել է 76 մլն 417 հազար դրամի գումար: Ընդ որում, ֆինանսական հատուցումների թիվը տարեցտարի աճում է: 2009 թ. այն կազմել է  է 26, մլն 62 հազար դրամ, 2010-ին` 29 մլն 264 հազար, իսկ անցած տարի` 58 մլն 137 հազար դրամ:

Համաշխարհային բանկն իրականացրել է վերլուծություն Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղությամբ: Ողջունելի է համարվել հայաստանյան ֆինանսական հաշտարարի ինստիտուտի գործունեությունը, և պահանջ է ներկայացվել նույն փորձը կիրառել ոչ միայն տարածաշրջանում, այլև  աշխարհի շատ երկրներում: Ֆինանսական հաշտարարի գրասենյակի տնօրեն Փիրուզ Սարգսյանի տեղեկացմամբ` այդ հանգամանքի շնորհիվ հայաստանյան հաշտարարի գրասենյակը ՀԲ-ի կողմից  ընգրկվել է  երկու պատվիրակության մեջ և հրավիրվել Ուկրաինա` հայաստանյան փորձի կիրառումը ներդնելու նպատակով: Իսկ հոկտեմբերի վերջերին պատվիրակությունն արդեն կմեկնի Բոսնիա Հերցեգովինա` այնտեղ ևս ներկայացնելու և տարածելու հայաստանյան փորձը: Հայաստանը` ի դեմս ֆինանսական հաշտարարի գրասենյակի, հանդիսանում է օմբուդսմենների միջազգային ցանցի լիիրավ անդամ:

Բողոքների կայուն աճի, նախորդ տարվա ցուցանիշների 100-տոկոսանոց գերազանցումը և կատարողականի նման աճը Փիրուզ Սարգսյանը պայմանավորում է մի շարք հանգամանքներով, մասնավորապես` ֆինանսական գրագիտության աճով, գրասենյակի գործունեության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմամբ և ֆինանսական միջնորդությունների ավելացմամբ: Ըստ  նրա` ֆինանսական ծառայություններից օգտվողների թիվն աճում է նաև հայաստանյան ֆինանսական համակարգում ներդրված նոր գործիքների` ԱՊՊԱ-ի և առողջության ապահովագրության շնորհիվ:

«Մենք ունենք կայացած կառույց, կայացած գործառույթներով և լիովին պատրաստ ենք իրականացնելու այն գործառույթները, որոնք օրենքով դրված են գրասենյակի առջև: Երբ նոր սկսեցինք աշխատել, կային դժվարություններ կապված վստահության հետ: Անվստահություն կար ոչ միայն հանրության, այլև ֆինանսական կառույցների կողմից: Նույն մասնավոր հատվածը, որը ընդգրկված է այս պարտադիր հատվածի մեջ` բանկերը, ապահովագրական ընկերությունները, վարկային կազմակերպությունները ունեին մտավախություն առ այն` կկայանա՞ արդյոք այս ինստիտուտը, և արդյոք քաղաքացիները  կկարողանա՞ն ճիշտ մեխանիզմով օգտվել այդ ծառայություններից»- ասաց գրասենյակի տնօրենը:

 Իսկ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի դիտարկմամբ`  վերջին տարիներին ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության հարցն ավելի մեծ ուշադրության է արժանանում ֆինանսական տարբեր կառույցների կողմից, ինչը պայմանավորված է կառույցի դերի բարձրացմամբ: Ըստ նրա` ֆինանսական հաշտարարի գրասենյակի գլխավոր խնդիրը ոչ միայն սպառողների շահերի պաշտպանությունն է, այլև կայուն, արդյունավետ և զարգացած ֆինանսական համակարգ ստեղծելը:

«ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ մեզ մոտ իրականացվել են օրենսդրական բարեփոխումներ, որոնց հիմքում ընկած է եղել միջազգային լավագույն  փորձի հիման վրա նոր օրենսդրության ընդունումը և համապատասխան կառուցվածքային բարեփոխումները: Ֆինանսական համակարգի կայունության առումով մենք ունենք ձեռքբերումներ, բայց քանի որ ֆինանսական հաշտարարի ինստիտուտը մեզանում նոր  է, դեռևս վստահության տեսանկյունից անելիքներ շատ ունի, քանի որ բնակչության մեջ տեղեկատվության պակաս կա»,- նշեց ԿԲ խորհրդի անդամը:

 Լ.Ն

Դիտվել է 1569 անգամ:
Print Friendly

Leave a Reply