ԱՆԻ. Հայաստանի փառքը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 31, 2012 7:48

«X դարից սկսած` աշխարհով մեկ ճչում է անիական ոճը. այսօր, ավաղ, ավերակների միջից է լսվում այդ ճիչը…» Կոստանդին Վեսելովսկի

  Հայաստանի մայրաքաղաքներից որևէ մեկը մեր ժողովրդի համար այնքան սիրելի չէ եղել, որքան Անի մայրաքաղաքը: Որպես բնակավայր  Անին գոյություն ունի անհիշելի ժամանակներից: Այն գտնվում է Շիրակի սարահարթում` Ախուրյան գետի աջ ափին:

 Անի անվանումը երկու բացատրություն ունի: Ուսումնասիրողներից ոմանք քաղաքի անվանումը կապում են Անահիտ անվան հետ, քանզի տեղում Անահիտ աստվածուհուն նվիրված տաճար է եղել: Ուսումնասիրողների մյուս խումբը Անի անվանումը կապում է Հայասա պետության թագավոր Անիասի անվան հետ:

Անին պատմության ընթացքում ունեցել է զարգացման չորս շրջան. հնագույն շրջան, Կամսարականների, Բագրատունիների և Զաքարյանների:

Առաջին շրջանի մասին քիչ բան է հայտնի. ընդամենը հնագիտական պեղումներից հայտնի է քաղաքի` վաղնջական ժամանակներից գոյությունը: Պետք է նշել, սակայն, որ Հայասա-Ազզի պետության ժամանակներում հիշատակվող Անի-Աննի բնակավայրը չպետք է շփոթել քաղաքամայր Անիի հետ: Առաջինը Անի-Կամախն է և գտնվում է Բարձր Հայքում:

Միջնադարում Անին հայտնվեց Կամսարականների իշխանության տակ: Այդ ժամանակ Անին աննշան ամրոց էր: Քաղաքի վերելքը սկսեց VIII դարից, երբ Աշոտ Մսակեր Բագրատունին այն ձեռք բերեց Կամսարական իշխաններից: Եվ Անիի փառքը կապված է Բագրատունիների ու Զաքարյանների արքայատների անվան հետ:

885 թ., երբ Հայաստանը Բագրատունիների տոհմի հովանու ներքո վերագտավ իր անկախությունը, մայրաքաղաքը Դվինն էր: Սակայն այն որպես մայրաքաղաք չէր բավարարում ժամանակի պահանջները: Նախ` Դվինը մոտ էր արաբական ամիրայություններին և մշտապես վտանգի տակ էր: Բացի այդ, դուրս էր իշխող Բագրատունյաց տոհմի տնտեսական կենտրոններից: Հետևաբար Բագրատունի արքաները երկրի մայրաքաղաքը շարունակ տեղափոխում էին. Դվինից հետո մայրաքաղաք հռչակվեց Բագարանը, Երազգավորսը, ապա Կարսը:

Ի վերջո, 961 թ. Աշոտ Գ Ողորմած Բագրատունին (954-977) Հայաստանի մայրաքաղաք հռչակեց Անին:

Անին մայրաքաղաք հռչակվեց մեծ հանդիսավորությամբ: Ներկա էին վրաց և աղվանից արքաները, Վասպուրականի թագավորը, հայոց և աղվանից կաթողիկոսները: Հայոց բանակն անցավ տողանով, եկեղեցիներում ու քաղաքում ամենուր ցնծություն էր: Անին մայրաքաղաք հռչակելով` Աշոտ Գ երկրում բարեփոխումների սկիզբ դրեց: Ստեղծվեցին նաև Վանանդի և Լոռու թագավորությունները, Բագրատունյաց գահերեցությամբ Հայաստանում և Կովկասում ստեղծվեց թագավորությունների դաշնություն:

Քաղաքն արագորեն աճեց, բարգավաճեց: Աշոտ Գ, նրա որդի Սմբատ Բ Տիեզերակալ (977-990), Գագիկ Ա (990-1020) թագավորները ոչինչ չխնայեցին քաղաքի կառուցապատման, շենացման համար: Քաղաքն այնպիսի արագ տեմպերով էր աճում, որ Աշոտ Գ կառուցած պարիսպներն այլևս նեղ էին, չէին տեղավորում բնակչությանը, և երկու տասնամյակ անց Սմբատ Բ ստիպված էր Անիի համար նոր պարիսպներ կառուցել` ընդգրկելով մի քանի անգամ մեծ տարածք: XI դարում, ամենահամեստ հաշվարկներով, Անի մայրաքաղաքում բնակվում էր ավելի քան 120000 մարդ:

Հատկապես տպավորիչ են Անիի պաշտպանական ամրությունները, պարիսպները: Երկկողմանի սրբատաշ քարերով պարիսպների ընդհանուր երկարությունը հասնում է մոտ 3 կիլոմետրի, բարձրությունը` 8-12 մետրի: Պարիսպների տակ փորված էին 10-12 մետր լայնքով խրամներ, որոնք ջրով էին լցվում պաշարումների և թշնամական սպառնալիքի դեպքում: Անիի պարիսպների ապահովությունը ամրապնդում էին շուրջ 80 աշտարակներ:

Բացի պաշտպանական կառույցներից, Բագրատունիները, հետագայում նաև Զաքարյանները քաղաքը կառուցապատեցին եկեղեցիներով, պալատներով, իջևանատներով, աշխարհիկ ու հոգևոր զանազան շինություններով, արձաններով:

Հռչակավոր էին Անիի 40 դռները: Քաղաքի կենտրոնական մուտքը աշտարակներով ամրացված ամրակուռ Ավագ դուռն էր: Նշանավոր էին Դվնո դուռը, Կարուց դուռը…

Ժամանակակիցների վկայությամբ` Անին շքեղ ու վաճառաշատ քաղաք էր: Բագրատունիների թագավորական պալատը միջնաբերդում ավելի քան 4000 քառակուսի մետր տարածք էր զբաղեցնում: Պատերը զարդարված էին գեղեցիկ որմնանկարներով: Պալատում գործում էր յոթ սրահներից բաղկացած թագավորական բաղնիքը:

Անիում զարգացած էին քաղաքային կոմունիկացիաները. Դեռևս հազարամյակ առաջ այնտեղ գործում էր կատարյալ ջրահեռացման և մատակարարման համակարգ: Քաղաքի փողոցները ուղիղ էին` երկշարք ձգված երկու-երեք հարկանի տներով:

Անին արվեստների և արհեստների քաղաք էր: Այստեղ աշխարհում առաջիններից մեկը ստեղծվեցին համքարությունները` ժամանակակից արհեստակցական միությունները: Փողոցներն անգամ բաշխված էին համքարությունների մեջ. յուրաքանչյուր փողոցում հիմնականում բնակվում էին միևնույն արհեստին տիրապետող ընտանիքներ: Փողոցներն անգամ կոչվում էին համքարությունների անվամբ. Դարբնոց, Կոշկակարանոց, Գդակկարոց… Անիում զարգացած էին հյուսնությունը, դարբնությունը, բրուտագործությունը, ոսկերչությունը, զինագործությունը, ջուլհակությունը, գորգագործությունը…

Արհեստների զարգացումը ենթադրում է նաև առևտրաարդյունաբերական մեծ առաջընթաց: Եվ իսկապես, Անին ժամանակի ամենավաճառաշատ քաղաքներից էր: Հեռավոր Հնդկաստանից, Չինաստանից, Բյուզանդիայից, Ռուսաստանից, բազում այլ երկրներից առևտրական քարավաններ էին հանգրվանում Անիում: Հայոց մայրաքաղաքը գտնվում էր միջազգային տարանցիկ առևտրական ճանապարհների խաչմերուկում: Հայոց Բագրատունի արքաներն անգամ սեփական դրամներ չկտրեցին, այլ Հայաստանում շրջանառեցին բյուզանդական, արաբական դրամներ, որպեսզի Հայաստանում դյուրին լինի միջազգային առևտուրն ու շրջանառությունը:

Անիի մատույցներում մի քանի մաքսատուն կար, բազում իջևանատներ, քաղաքային ավագանին պարտադիր վերահսկում էր շուկայի շարժը, գները:

Այն, որ Անին վաճառաշատ քաղաք էր, դա Բագրատունիների վարած պետական քաղաքականության արդյունքն էր: Քաղաքում զարգացած շուկա կար, բազում խանութներ:

Անին հայտնի է նաև «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» անվամբ: Հիրավի, Հայաստանի և ոչ մի քաղաքում կիրառական ճարտարապետությունն այդչափ զարգացած չէր, որքան Անիում: Ժամանակակիցների հուշագրություններում գովեստի խոսքեր են շռայլած Անին զարդարող հրաշագեղ տաճարների` Մայր տաճարի, Գագկաշեն եկեղեցու, Հովվի եկեղեցու, Ս.Փրկչի տաճարի, Մանուչեի մզկիթի,  Տիգրան Հոնենցի եկեղեցու, այլ հրաշագեղ կոթողների մասին: Այս եկեղեցիների մի զգալի մասը միջնադարում համաշխարհային հռչակ ունեցող ճարտարապետ Տրդատի հանճարի արգասիքն են:

Անին նաև գիտության քաղաք էր: Անիի վարդապետանոց-դպրոցը ժամանակին մեծ համբավ ուներ գիտական աշխարհում: Այստեղ դասավանդում էին տոմարագիտություն, լեզուներ, թվաբանություն, աստղագիտություն, փիլիսոփայություն, երաժշտություն: Անիում դասավանդել են Հովհաննես Իմաստասերը, որ դեռ Կոպեռնիկոսից շատ առաջ գրել է երկրի գնդաձևության մասին, Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Մխիթար Անեցին, Սամվել Անեցին, շատ ուրիշներ:

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ստորգետնյա Անին, որ քաղաքի պաշտպանության համակարգում կարևոր օղակ էր: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են ավելի քան 500 ժայռափոր բնակարաններ, 30-ից ավելի եկեղեցիներ, կենցաղային շինություններ, պահեստներ, անգամ քարավանատներ: Ստորգետնյա Անիում ավելի քան 20 ձիթանոցներ են հայտնաբերվել, որոնք, անշուշտ, պետական հոգածության առարկա էին:

Անին ուներ որոշ ինքնավարություն, որ կարգավորվում էր քաղաքային ավագանու կողմից: Ավագանին կազմված էր քաղաքի մեծամեծներից:

Անիի փառքը, ցավոք, կարճ տևեց. հայրենադավ ուժերը` հանձին կաթողիկոս Պետրոս Գետադարձի, Անիի վաճառքի սև գործը հղացան: 1022 թ. դավաճան կաթողիկոսը, օգտվելով Հովհաննես-Սմբատ Գ արքայի թուլակամությունից, Անին կտակեց Բյուզանդիային: Բյուզանդացիները չկարողացան զենքով ծնկի բերել հայությանը, որ Անիի պարիսպների տակ չորս անգամ ջարդեց բյուզանդական բանակները: Ի վերջո, դիմելով նենգության` բյուզանդական կայսրը Պետրոս Գետադարձ կաթողիկոսի և Վեստ Սարգիս Հայկազնի միջոցով Կոստանդնուպոլիս հրավիրեց հայոց արքա Գագիկ Բ Կրտսերին ու արգելափակեց այնտեղ: Բագրատունիների հայոց պետությունը կործանվեց, իսկ հայոց տիեզերահռչակ մայրաքաղաքը հայտնվեց օտարի տիրապետության տակ:

Բյուզանդական Վասիլ Բ կայսեր հաջորդ Կոստանդին Ը կայսրը, հիշելով իր հայկական արմատների մասին, կամեցավ Անին վերադարձնել իր տերերին: Նա հայոց կաթողիկոսի` Անիի վաճառքի մասին կտակը հանձնեց Պոլսում գործող մի հայ հոգևորականի` Կիրակոս երեցին, որպեսզի նա փութով կտակը Հայաստան հասցնի: Սակայն ազգադավ հոգևորականը կտակը պահում է իր մոտ և այն վաճառում Կոստանդինի  հետնորդ Միքայել Դ կայսրին:

Բյուզանդացիները չկարողացան պաշտպանել Անին: 1064 թ. սելջուկները` Ալփ Ասլանի գլխավորությամբ, գրավեցին քաղաքն ու կողոպտեցին այն: 1072 թ. Անին ձեռք է բերեց ազգությամբ քուրդ Մանուչեն, և այստեղ հաստատվեց Շադդադյանների իշխանությունը:

Այս ամբողջ ընթացքում հայերը պայքարում են անկախության համար: Անիի ավագանին օգնության խնդրանքով դիմում է Վրաստանին: Հայ-վրացական բանակը երեք անգամ` 1124, 1161, 1174 թթ. ազատագրեց Անին, բայց այն դարձյալ նվաճեցին օտարները:

Միայն 1199 թ. Զաքարյան իշխանները կարողացան վերջնականապես ազատագրել Անին, և այն կրկին դարձավ անկախացած Հայաստանի մայրաքաղաքը:

Սակայն, ավաղ, Անիի վերածնունդը երկար չտևեց. 1236 թ. քաղաքը գրավեցին և ավերեցին մոնղոլները:

Անին վերջնականապես ավերակների վերածվեց 1319 թ. հզոր երկրաշարժից հետո, երբ բնակիչները լքեցին քաղաքը, և այն շրջակա բնակավայրերի համար վերածվեց քարհանքի:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 3605 անգամ:
Print Friendly

Leave a Reply