Գո մարզաձև. ո՞րն է ելքը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 30, 2012 7:00

Գո մարզաձևը երկար ժամանակ է, որ արմատավորվել է Հայաստանում: Արևելյան այս մարզաձևի խաղատախտակն ունի 180 սպիտակ և 181 սև վանդակներ: Երկու մրցակիցների պայքարի նպատակն է խաղատախտակի վրա  շրջապատել հնարավորինս մեծ թվով չզբաղեցված խաղակետեր: Ուշագրավն այն է, որ Հայաստանի ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են  Ճապոնիայում կազմակերպվող աշխարհի առաջնություններին, մինչդեռ մեր երկրում վերջին տարիներին առաջնություններ չեն անցկացվում:

Պատճառները պարզ են: Աշխարհի առաջնության կազմակերպիչները հոգում են մասնակիցների բոլոր ծախսերը, մնում է միայն մրցավայր հասնել, իսկ Հայաստանում առաջնությունների անցկացման համար ֆինանսներ չկան, նաև  խոչընդոտող մի շարք հանգամանքներ կան:

Թերևս մեր երկրում գո մարզաձևի մասսայականացմանը խանգարում է նաև այն, որ Հայաստանի գո մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Աշոտ Մարգարյանը վերջին  տարիներին աշխատանքի բերումով Եղեգնաձորում է:

Ինչևէ, նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 5-ը Հարավային Կորեայում կազմակերպվելու է սեմինար, որին մասնակցելու են  աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ: Նրանք բարձրացնելու են իրենց որակավորումը: Հայաստանը ներկայացնելու է Արտակ Մարգարյանը:

Հարավային Կորեայում գո մարզաձևը շատ տարածված է, կա նաև դպրոց:

Գո մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Աշոտ Մարգարյանը հայտնեց, որ այդ դպրոցն աշխարհում շատ հայտնի է, և մեր երկրի ներկայացուցիչը, մասնակցելով սեմինարին, կբարձրացնի իր կարգը: Նա նաև նշեց, որ մի քանի հազար տարվա պատմություն ունեցող այս մարզաձևի ծագման մասին տարբեր լեգենդներ կան, և դեռևս պարզ չէ, թե այն որտեղ է ծնունդ առել: Նշվում են Հարավային Կորեան,  Չինաստանը, Ճապոնիան:

«Երեք տարի է, ինչ Հայաստանի առաջնություններ չեն անցկացվել: Պատճառն այն է, որ Եղեգնաձոր եմ աշխատանքի տեղափոխվել: Եղեգնաձորում գո մարզաձևի դպրոց է բացվել: Զգալի թվով խաղացողներ կանոնավոր մարզումների են մասնակցում: Մարզաձևի մասսայականացմանը խանգարում է նաև այն, որ չկա պետական աջակցություն: Փաստորեն, ամեն ինչ կատարվում է եռանդի, նվիրվածության հաշվին: Այդ ճանապարով շատ բանի հասնել հնարավոր չէ: Իսկ դրսում մեր մարզիկները մրցումների են մասնակցում իրենց միջոցներով»,- ասաց Մարգարյանը:

Ստեղծված իրավիճակում նա դժվարացավ որևէ բան ասել, թե ինչպես կարելի է ելք գտնել փակուղուց դուրս գալու համար:

Դիտվել է 1530 անգամ:
Print Friendly

Leave a Reply