«Ժառանգությունը» վերջնական որոշում կկայացնի,երբ Ալեքսանդր Արզումանյանը կողմնորոշվի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 26, 2012 12:44

Այսօր խորհրդարանում խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ «Ժառանգության» և Ազատ դեմոկրատների «ապահարզանին»: Նա նշեց, որ միջկուսակցական խնդիր չկա, և իրենք պատրաստ են շարունակել իրենց գործունեությունը, սակայն Քոքոբելյանն ու Արզումանյանը չեն ներկայացնելու խմբակցության տեսակետը. «Խմբակցության բոլոր անդամները պետք է ներկայացնեն Ժառանգություն խմբակցությունը, եթե ոչ, ապա մենք մեր դիրքորոշումը վերջնականապես կհստակեցնենք»,-հայտարարեց Հակոբյանը:

Նա ներկայացրեց կանոնակարգով հաստատված կարգը, ըստ որի առաջին եռյակում գտնվող պատգամավորները կարող են դուրս գալ խմբակցությունից՝ մնալով անկախ պատգամավոր, այսինքն՝ Քոքոբելյանը կարող է այդպես վարվել, եռյակից դուրս գտնվող պատգամավորները, եթե հրաժարվում են խմբակցությունից և դուրս են գալիս, ապա պետք է վայր դնեն մանդատը:

Իսկ թե ի՞նչ հստակեցումների մասին է խոսքը, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Երբ վերջնականապես հստակեցվի, թե Ալեքսանդր Արզումանյանն ինչ դիրքորոշում է ունենալու, ինչը շատ կարևոր է, ըստ դրա մենք համարժեք որոշում կկայացնենք»,-ասաց նա:

Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարեց, որ Խաչատուր Քոքոբելյանը, բացի Րաֆֆի Հովհաննիսյանին տված խոստումից, բազմիցս խախտել է իր այլ պարտավորություններ, հետևաբար նա չէր կարող ներկայացնել «Ժառանգությունը»:

Փոստանջյանը պարտավորությունների խախտման մեկ օրինակ բերեց. «Օրինակ, խմբակցության աշխատանքները կազմակերպելիս մենք պետք է իմանանք՝ ով որտեղ է լինելու, ինչ գործուղման մեջ է գտնվելու: Քառօրյան սկսվել է, իսկ մենք մամուլից ենք տեղեկացել, որ Քոքոբելյանն ԱՄՆ-ում է»:

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply