Մեծ պահանջ` երեք ոսկե մեդալ նվաճելու խնդիր

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 28, 2012 6:26

 Նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 7-ը Երևանի մարզահամերգային համալիրի դահլիճը մրցատեղի կդառնա մինչև 18 տարեկան բռնցքամարտիկների աշխարհի առաջնության մասնակիցների համար: Տարբեր երկրների շուրջ հազար բռնցքամարտիկներ կմասնակցեն մեդալների համար պայքարին: Տանը հանդես գալու հանգամանքը պարտավորեցնում է, որ մերոնք անմասն չմնան տասը քաշային կարգերում խաղարկվելիք պարգևներից: Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանին խնդրեցինք ներկայացնել, թե նրա սաներն ինչպես են նախապատրաստվում կարևոր փորձությանը:

 – Հոկտեմբերի 17-ից հավաքականը Աբովյանի մարզաբազայում սկսել է նախապատրաստությունը: Թիմի կազմում 22 բռնցքամարտիկ կա: Պարապում ենք երկու կազմով: Նախատեսում ենք, որ  Հայաստանից աշխարհի առաջնությանը մասնակիցներ կլինեն բոլոր` 49, 52, 56, 60, 64, 69, 75, 81, 91, +91 կգ քաշային կարգերում: Ընդ որում, դա  ձևականորեն չի արվելու, սոսկ մասնակիցներ ռինգ դուրս բերելու և որևէ քաշային կարգում խաղից դուրս չմնալու համար: Եթե այդպիսի վիճակ լիներ, ապա հնարավոր է` խայտառակվեինք, քանի որ հարազատ միջավայրում ենք մրցելու: Պարզապես ունենք արժանի երիտասարդներ, և նրանց պետք է հնարավորություն տալ դրսևորելու կարողությունները:

 Հայաստանի հավաքականի թեկնածուների թվում կա՞ն տիտղոսավոր բռնցքամարտիկներ, որոնք նախկինում հաջողությունների են հասել միջազգային ներկայացուցչական ստուգատեսներում:

– 64 կգ քաշային Գոռ Երիցյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր է, 52 կգ քաշային Հենրիկ Մուքոյանը` Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր: 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր է: Թիմում շատ են միջազգային մրցաշարերի հաղթողները և մրցանակակիրները:

 Աշխարհի պատանիների չեմպիոն, Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանի տարիքը թույլ տալի՞ս է մասնակցելու:

– Ոչ, նա արդեն կարող է միայն մեծահասակների մրցումներում հանդես գալ: Սողոմոնյանն անցյալ տարի հռչակվել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, իսկ Երիցյանը 3-րդ տեղ է գրավել: Սողոմոնյանը վերջինից մի փոքր մեծ է, այդ է պատճառը, որ երևանյան ստուգատեսում նա հանդես չի գա, իսկ Երիցյանը վերջին անգամ կմրցի երիտասարդական ռինգում: Որպես կանոն, այն տարիներին, երբ երիտասարդների Եվրոպայի առաջնություն է կազմակերպվում, աշխարհի առաջնություն չի անցկացվում, և հակառակը:

 Կա՞ն քաշային կարգեր, որոնցում մրցակցությունը մեծ է Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվելու համար:

– Այդպիսի խնդիր կա, սակայն դա միայն ուրախացնում է: 56, 60, 69 կգ քաշային կարգերում ունենք արժանի բռնցքամարտիկներ:

 Փաստորեն, Հայաստանի ներկայացուցիչները չորս տարվա ընդմիջումից հետո են մասնակցելու աշխարհի երիտասարդական առաջնության:

– Այդպես է ստացվում: Երկու տարի առաջ այս ստուգատեսը կազմակերպվել էր Բաքվում, և ստիպված էինք ձեռնպահ մնալ Ադրբեջան մեկնելու, պատվիրակներ ուղարկելու հարցում:

 Հետաքրքիր է` նախկինում մերոնք ինչ հաջողություններ են ունեցել աշխարհի երիտասարդական առաջնություններում:

Մեր երկրի պատվիրակները նվաճել են 1 ոսկե, 3 բրոնզե մեդալ: Ամենամեծ հաջողությանը հասել է գերծանրքաշային Բագրատ Օհանյանը, որը տարիներ առաջ Արգենտինայում կազմակերպված աշխարհի առաջնությունում դարձել է չեմպիոն:

 Ինչպիսի՞ն է թիմի անդամների, մարզիչների  զգացողությունն աշխարհի առաջնությունից առաջ:

– Պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ մեր երկրում ենք մասնակցելու: Դրսում կազմակերպված մրցումներում, եթե ցանկալի արդյունքը չի ստացվում, որպես արդարացում երբեմն ասվում է, թե մեր այս կամ այն մարզիկն առավելություն է դրսևորել, սակայն մրցավարները հաղթանակը նրան չեն շնորհել: Իսկ այս անգամ այդպիսի քայլին դիմելը տեղին չի լինի, քանի որ ամեն ինչ կատարվելու է մեր մասնագետների, լրագրողների, մարզասերների աչքի առաջ: Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մարտականորեն են տրամադրված և կձգտեն հնարավորն անել, որպեսզի որախացնեն մեր երկրի ներկայացուցիչներին:

 Առաջիկայում ուսումնամարզական այլ հավաքներ նախատեսվա՞ծ է անցկացնել:

Մինչև հոկտեմբերի 28-ը հավաքականը կմարզվի Աբովյանում: Հոկտեմբերի 30-ից թիմը պարապմունքները կշարունակի Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում: Թիմը նախապատրաստական վերջին փուլը, սկսած հոկտեմբերի 16-ից,  դարձյալ կանցկացնի  Աբովյանում: Ի դեպ, մրցումների օրերին էլ հավաքականն Աբովյանում է լինելու և այնտեղից է ներկայանալու մրցավայր: Հավաքականի վերջնական կազմը մարզչական  խորհուրդը կորոշի ուսումնամարզական վերջին հավաքից հետո:

 Կա՞ն այնպիսի երկրների հավաքականներ, որոնք ցանկանում են նախապատրաստվել Հայաստանի թիմի հետ համատեղ:

– Այդպիսի ցանկություն են հայտնել Ֆրանսիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները: Համատեղ պարապմունքները հնարավոր են միայն ուսումնամարզական վերջին հավաքի ժամանակ: Մեր երկրի բռնցքամարտիկների համար էլ դրանք օգտակար կարող են լինել, քանի որ փորձամրցումներ անցկացնելու հնարավորություն կստեղծվի: Համատեղ մարզումները փոխշահավետ են:

 Իսկ չի՞ խանգարի այն հանգամանքը, որ Հայաստանի հավաքականի անդամները, առանց միջազգային շատ մրցաշարերում կարողությունները փորձելու, միանգամից  այդօրինակ պատասխանատու մեկնարկի են մասնակցելու:

-Մերոնք 2012-ին միջազգային ներկայացուցչական մրցաշարերի են մասնակցել Ռուսաստանում  և  Ուկրաինայում: Այս տարիքի մարզիկները Հայաստանի բռնցքամարտի ապագան են և  ուշադրության կենտրոնում են: Նրանք են մեր հույսը հաջորդ` 2016-ին  կայանալիք օլիմպիական խաղերում: Իսկ այն մրցաշարերը, որոնց մերոնք մասնակցել են, Եվրոպայում կարևորվում են, մասնակիցների ներկայացուցչական կազմեր են հավաքում:

 Ի՞նչ խնդիր է դրվել առաջիկա  աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկների առջև:

– Մեծ պահանջ է ներկայացվել: Պետք է 3 ոսկե մեդալ նվաճել: Դա շատ դժվար կլինի, սակայն ղեկավարության կամքն այդպիսին է: Աշխարհի բոլոր երկրների ներկայացուցիչների ցանկությունն է առաջին հերթին ոսկե մեդալակիրներ ունենալ: Ստացվում է, որ Հայաստանը խաղարկվելիք 10 բարձրագույն պարգևներից 3-ին պետք է տիրանա: Ի դեպ, ակնկալվում է, որ 6 տասնյակից ավելի երկրների բռնցքամարտիկներ կմասնակցեն: Արդեն մասնակիցներ ունենալու հայտերը հաստատել են երեք տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ:

 Նախապատրաստական փուլում որևէ խնդիր առաջացե՞լ է:

– Առայժմ ամեն ինչ իր հունով ընթանում է, որևէ հարցում դժգոհելու առիթ չկա:

Սպասում ենք նաև, որ մրցումների օրերին ՄՀՀ-ի դահլիճը հանդիսականներով լեցուն կլինի, և նրանք կքաջալերեն մեր բռնցքամարտիկներին: Դա շատ կարևոր է: 2009-ին, երբ  ՄՀՀ-ում անցկացվեց բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, մարզասրահում հանդիսականները շատ էին և ջերմ վերաբերմունք էին դրսևորում: Դա էլ կարևոր դեր ունեցավ, և մեր մարզիկները հաջող մրցելույթներ ունեցան: Հուսանք, որ այս անգամ էլ նույնը կլինի:

 Մեր երկրի հավաքականին  ովքե՞ր են օգնում նախապատրաստվել:

– Մարզիչներ Սամվել Սողոմոնյանը, Մանվել Գաբրիելյանը, Մալո Սուքիասյանը, նախկինում ճանաչված բռնցքամարտիկ Արշակ Ավարտակյանը: Հավաքականի բժիշկն է Համլետ Բեգոյանը:

  

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply