Սոնա Մելոյան. “ Փառատոնն իր ուրույն տեղն է գտել թատերարվեստում”

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 26, 2012 11:29

Նոյեմբերի  1-7-ը Երևանում  Հայաստանի թատերական գործիչների միությունը կանցկացնի  Երիտասարդական թատերական ռեժիսուրայի  7-րդ հանրապետական փառատոնը: Երևանի, Գյումրու և Վանաձորի  թատրոններից այս տարի փառատոնին կներկայացվեն 11 ներկայացում:  Այս փառատոնին  մասնակցում են մինչև  35 տարեկան բեմադրիչների այն աշխատանքները, որոնք բեմադրվել են նախորդ  թատերաշրջանի ընթացքում:

“Փառատոնն իր ուրույն տեղն է գտել թատերարվեստում:  Արդեն իսկ մեր մասնակիցների թիվը  տարեց տարի ավելանում է, ինչը   գովելի փաստ է: Երիտասարդ  դերասաններն իրենց ուժերը  փորձում են ռեժիսուրայի ոլորտում: Չնայած որ  անցկացվելիք փառատոնը հանրապետական է, ցավոք,  մասնակցում են  միայն  Գյումրիի, Վանաձորի և Երևանի  թատրոնները”,- այսօր ասուլիսի ընթացքում ասաց ՀԹԳՄ քարտուղար  Սոնա Մելոյանը:

Փառատոնի ընթացքում աչքի ընկած բեմադրիչները  գալիք տարի ամռանը կմեկնեն Մոսկվա` Ա. Չեխովի անվ.  միջազգային թատերական փառատոնին կից վարպետաց դասերին մասնակցելու:  Առաջին անգամ փառատոնն անցկացվել է  2006թ-ին  հիմնադրված ՀԹԳՄ կողմից, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ:

ՀԹԳՄ քարտուղար Մարիաննա Մխիթարյանն էլ  պատմեց հոկտեմբերի  9-14-ը Լիտվայի  3  քաղաքներում` Վիլնյուսում, Կաունասում և Վիսագինասում կայացած “Հայկական թատրոնի օրեր”` “Atspindys” մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնի մասին: Հայաստանը ներկայացրել են Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի Զարուհի Խաչատրյանը` “Ես կորցրել եմ ձայնս” և  Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը` “Հնագույն մասնագիտություն”  մոնոներկայացումներով:

Հավելենք, որ ներկայացումների  քննարկումներն  անցնում են անվանի մասնագետների, երիտասարդ թատերագետների և հանդիսատեսի մասնակցությամբ: Փառատոնին  կմասնակցեն Անի Հարությունյանը, Իշխան Ղարիբյանը, Սամսոն Մովսեսյանը, Սուսաննա Աղայանցը, Դավիթ Հարությունյանը,  Սիլվա Չոբանյանը, Գոռ Մարգարյանը, Վարդուհի Գրիգորյանը, Սիգրան Սուքիասյանը, Միքայել Աթասունցը, Երվանդ Ենգիբարյանը:

Մարի Խաչատրյան

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply