Զինծառայությունից խուսափած շուրջ 14 350 ՀՀ քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 25, 2012 17:06

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» 2004թ.-ից գործող օրենքի շնորհիվ շուրջ 14 350 ՀՀ քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նրանցից 557-ի նկատմամբ` վաղեմության ժամկետի, 6 200-ի նկատմամբ` իրադրության փոփոխման պատճառով: Պաշտպանության նախարարությունում բացված հատուկ հաշվեհամարին ընդհանուր առմամբ փոխանցվել է 6 մլրդ 30 մլն դրամ: Միայն անցյալ տարվա ընթացքում այս օրենքից օգտվել է 728 հոգի, և հաշվեհամարին փոխանցվել է 1,3 մլրդ դրամ: Այսօրվա դրությամբ ևս 1000 հոգի կարող են այս հնարավորությունից օգտվել և հատուկ հաշվեհամարին վճարել 500 մլն դրամ:

Այս մասին Ազգային ժողովի հոկտեմբերի 25-ի նիստում հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` ներկայացնելով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Կառավարությունն առաջարկում է հերթական` չորրորդ անգամ երկարաձգել օրենքի գործողության ժամկետը:

Ըստ այդմ, նախատեսվում է օրենքի գործողությունը տարածել 1992 թ.-ի աշնանային զորակոչից մինչև 2012թ.-ի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Զինապարտության մասին» օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների վրա: 2011թ.-ի հունիսի 23-ին օրենքում կատարված փոփոխության համաձայն, ներկայումս օրենքը տարածվում է մինչև 2011 թ.-ի մայիսի 1-ը 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների վրա:

2004թ.-ի մարտի 1-ից գործող այս օրենքը հնարավորություն է ընձեռնում զինծառայությունից խուսափած քաղաքացիներին օրենքով սահմանված որոշակի գումար վճարելու դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից և հաշվառվել պահեստազորում:

Նշենք, որ 18-ից մինչև 27 տարեկան բոլոր զորահավաքներից խուսափելու համար վճարի առավելագույն գումարը կազմում է 1 մլն 800 հազար դրամ: Առանձին կատեգորիաների համար նախատեսված են նաև զեղչեր, մասնավորապես, եթե այդ ընթացքում սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին սովորել է բուհում, կամ երկու երեխա է ունեցել, կամ ծնողներից մեկը հաշմանդամի կարգ ունի և այլն:

Օրենքի կիրառման արդյունքում ստացած վճարները մուտքագրվում են ՊՆ-ի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվին և ուղղվում են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորմանը:

«Փաստինֆո»

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply