Սիրիական զարգացումները սպառնում են ոչ միայն տարածաշրջանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | October 26, 2012 7:00

Սիրիայում կարծես ստեղծվել է մի  հավասարակշռված իրավիճակ, երբ ո՛չ կառավարական զորքերն են կարողանում հօգուտ իրենց փոխել իրերի ընթացքը, ո՛չ էլ ապստամբ ուժերն ու նրանց արտասահմանյան աջակիցներն են կարողանում հասնել կառավարական ուժերի պարտությանն ու Ասադի վարչակարգի տապալմանը:

Եվ այս իրավիճակը սկսում է նմանվել Վիետնամում և Աֆղանստանում ստեղծված իրավիճակներին, երբ հակամարտող կողմերից և ոչ մեկը, երկար առճակատման գնալով, այդպես էլ չի կարողանում էական, շոշափելի արդյունքների հասնել: Համենայն դեպս այդպես են կարծում նաև վերլուծաբան-փորձագետները:

«Իմ գնահատմամբ` այժմ Սիրիայում հաստատվել է որոշակի բալանս: Ապստամբ ուժերը և նրանց աջակիցները` ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Իսրայելը և այլն, հաշվարկ էին արել, որ ամռանը կհաջողվի կոտրել իրադրությունը: Բայց դա չհաջողվեց: Ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ Ասադին հաջողվում է պահպանել երկրի կառավարելիությունը. բանակը նրա կողմն է,  վերնախավը նրա կողքին է, և ամենակարևորը` բնակչությունը նրա կողմից է: Այն տեսակետը, թե Սիրիայում քաղաքացիական պատերազմ է, սխալ է: Որովհետև ապստամբ ուժերի մեծ մասն այլ երկրներից ջիհադականներ են` որոնք եկել են ալավիների դեմ ջիհադի: Նույնիսկ երկրի սուննի ազգաբնակչությունը Ասադի կողմից է: Հենց սա է հաջողության հասնելու պայմաններ ստեղծում»,- ասուլիսներից մեկի ժամանակ ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Ընդհանուր առմամբ, հայ բոլոր փորձագետներն էլ այս կարծիքին են: Փորձագիտական կարծիքը համընկնում է նաև այն հարցում, թե ինչ պետք է անեն սիրիական հարցում շահագրգռված խաղացողները, որպեսզի բալանսը խախտվի: Մասնավորապես նշվում է այս հարցում ռազմական միջամտության հարցը: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն մինչև նախագահական ընտրությունների ավարտը չի փորձի անգամ ռազմական գործողություններ սկսել Սիրիայում: Եվրամիության երկրներն էլ կարծես այս հարցում առանձնակի խանդավառություն չեն դրսևորում: Միակ արտաքին խաղացողը, որ պատրաստ է Սիրիայում անմիջական ռազմական գործողություններ սկսել, Թուրքիան է: Համենայն դեպս, բոլորն էլ այդպես են կարծում:

«Թուրքիան դե ֆակտո պատերազմ է հայտարարել Սիրիային: Թուրքիայի սահմանին կենտրոնացած են թուրքական զորքերը, Սիրիայի հատուկ ծառայությունների կողմից պարբերաբար գերեվարում են թուրք գեներալներ և հրահանգիչներ»,- ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Թուրքիան, այսպիսով, կլուծի իր համար կարևոր մի քանի քայլ. նախ` կտապալի Ասադի ալրիական վարչակարգը, որով կբարձրացնի իր հեղինակությունը` որպես տարածաշրջանային դերակատարի, հետո կչեզոքացնի Սիրիան, որն արաբական և առհասարակ մահմեդական աշխարհում պակաս դերակատարում չուներ, երրորդ` իշխանության կբերի սուննիական հատվածին, և դրանով կմեծանա նրա դերն ու կշիռը տարածաշրջանում, քանի որ հենց Թուրքիան է համարվում սուննիական աշխարհի առաջատարը, չորրորդ` կչեզոքացնի քրդական գործոնը, քանի որ Սիրիայի տարածքում քրդական մեծ ու կարող համայնք կա: Կչեզոքացնի Սիրիայի հայ համայնքը, որը ոչ պակաս գլխացավանք է ստեղծում Թուրքիայի համար` հանդիսանալով հայկական սփյուռքի կարևոր գաղթօջախներից մեկը, և վերջապես` կսպասարկի տարածաշրջանում Արևմուտքի շահերը:

Հուդզոնի ինստիտուտից Սեմուել Թադրոսը կարծում է, որ թուրքերը ծարավի են գործողությունների: «Սա Թուրքիայի համար հրաշալի հնարավորություն է դերակատարություն ունենալու տարածաշրջանում` դառնալու սուննիական շահերի հերոսը` միանալով սուննիական մեծամասնությանը,  որը կպայքարի Սիրիայի ապագայի համար»,- ասել է Թադրոսը:

Սակայն ակնհայտ է, որ Թուրքիան ինքնուրույն չի կարող գնալ այդ քայլին, քանի որ կբախվի Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դիմադրությանը: Ի դեպ, հենց Ռուսաստանն ու Չինաստանն են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անընդհատ խոչընդոտում, որ Սիրիայի նկատմամբ ռազմական ներխուժում կիրառելու իրավական հիմքեր ստեղծվեն:

Մի խոսքով, հենց Արևմուտքը անհրաժեշտ ազդակը կհաղորդի, և Թուրքիան կսկսի իր անմիջական մասնակցությունը Սիրիայի հարցում:

«Այստեղ հարց է առաջանում, թե արդյոք Թուրքիան նախապայմաններ չի՞ նախապատրաստում իր անմիջական ներխուժումը արդարացնելու համար: Քանի որ մենք տեսնում ենք, որ Թուրքիան ծախսեց ահռելի միջոցներ` Ասադի ռեժիմը չեզոքացնելու համար: Սակայն այդպես էլ իր նպատակին չհասավ: Այսինքն` Թուրքիան շատ ծանր վիճակում է հայտնվել, քանի որ քաղաքականությունը ձախողվում է: Եվ Թուրքիան կա՛մ պետք է ձեռք քաշի Սիրիայից, կա՛մ ավելի խորը գնա այս հարցում` անմիջական ռազմական միջամտություն սկսի: Ես կարծում եմ, որ Թուրքիան կընտրի երկրորդ տարբերակը»,- այս հարցի կապակցությամբ ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Իսկ այդ նախապատրաստությունները, ըստ արևելագետի, իրենց մեջ ներառում են նաև Թուրքիայի տարածքի ռմբակոծումը Սիրիայի տարածքից, որպեսզի թուրք հասարակության մոտ տպավորություն ձևավորվի, որ Սիրիայի կողմից սպառնալիք կա:

Եվ աստիճանաբար ակնհայտ են դառնում մի քանի իրողություններ: Նախ` իրադրությունը տարածաշրջանում` Մերձավոր Արևելքում, սրվում է: Արդեն վտանգ կա, որ Սիրիայի իրադարձությունները տարածվում են տարածաշրջանի այլ երկրներում` Լիբանանում, Հորդանանում և այլն: Երկրորդ` Սիրիայում ապստամբ ուժերի կազմում կռվում են 70 հազարից ավելի վարձկաններ, որոնք իսլամիստ ծայրահեղականներ են: Նրանց թիվը աճում է, իհարկե, Արևմուտքի և Թուրքիայի ֆինանսական և այլ կարգի աջակցությամբ, ու արդեն դառնում է վտանգավոր տարածաշրջանի համար, առավել ևս` քիստոնյաների: Եվ երրորդ` Արևմուտքն այս ամբողջ ընթացքում, տեսնելով, որ չի կարող որոշակի հաջողություն ապահովել, կարող է արդեն որոշակի անմիջական քայլեր նախաձեռնել` ռազմական ներխուժում իրականացնելու համար: Համենայն դեպս, այդպիսի մի ակնարկ էլ արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը` նշելով, թե իրենք սկսում են որոշ  կոնկրետ ծրագրեր մշակել Սիրիայի հարցով:

Սա կարող է հանգեցնել Ռուսաստանի և Չինաստանի պատասխան քայլերին, քանի որ մինչ օրս նրանց դիրքորոշումն այն էր, որ սրանք Սիրիայի ներքին հարցերն են, և հենց ներքին ուժերը պետք է այդ հարցերը լուծեն: Այդ դեպքում հավանական է նաև հակամարտությանը Իրանի միանալը, քանի որ ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ Սիրիային ուզում են չեզոքացնել հենց Իրանին ծնկի բերելու համար: Եթե Թուրքիան Սիրիայի դեմ պատերազմ սկսի, չի բացառվում ռուս-պարսկական նոր դաշինքի կնքումը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսումով է հանդես եկել ՌԴ աշխարհաքաղաքական հետազոտությունների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը:

Այնպես որ սիրիական հարցում արտաքին ազդակների ի հայտ գալը կարող է շատ մեծ և լուրջ վտանգ ներկայացնել ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի խաղաղության համար:

 

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply