Խորհրդարանական քառօրյան` քաղաքական ապահարզանով

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 25, 2012 15:09

Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովի քառօրյա նիստերի աշխատանքի մեկնարկից առաջ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամներն այսուհետ չեն ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցության տեսակետները: Իր հերթին` «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանը տեղեկացրեց, որ ինքն ու Ալեքսանդր Արզումանյանը, փաստացի մնալով «Ժառանգություն» խմբակցության անդամ, այսուհետ կներկայացնեն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:

Իրավիճակն անսպասելի էր, բայց կանխատեսելի, քանի որ խմբակցության ներսում քաղաքական սկանդալ էր հասունացել դեռևս այն ժամանակ, երբ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, վայր դնելով մանդատը, հայտարարել էր, որ նույնը պետք է անի նաև «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` իրենց մեջ նման պայմանավորվածություն է եղել, ինչը հերքում էին «Ազատ դեմոկրատները»:

Ինչևէ, «ամուսնալուծությունը» տեղի ունեցավ, քանի որ Քոքոբելյանը չկատարեց «տղամարդու» խոստումը:

«Արդյունավետ չի լինի` մեկ այլ ձևաչափ կգտնենք». Ալ. Արզումանյանը` խմբակցության նոր իրավիճակի մասին

«Անկախի» խնդրանքով մեկնաբանելով «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների պառակտումը` «Ազատ դեմոկրատների» անդամ Ալեքսանդր Արզումայնանն ասաց. «Այս պահին կան ինչ-որ հակասություններ, բայց նորմալ է, մենք հայտարարեցինք, որ շարունակելու ենք մնալ խմբակցության կազմում, պարզապես ես և Քոքոբելյանը կներկայացնենք «Ազատ դեմոկրատների» տեսակետը»:

Նա հիշեցրեց, որ մինչ ընտրություններն իրենք հավասարազոր դաշինք ենք ստեղծել` կազմված «Ազատ դեմոկրատներից», «Ժառանգություն» կուսակցությունից և հանրային սեկտորի ներկայացուցիչներից:

Հարցին, թե ինչպես են պատկերացնում նման իրավիճակում խմբակցության անդամների հետագա աշխատանքն ու դրա արդյունավետությունը, Արզումանյանն ասաց. «Կաշխատենք, կտեսնենք: Արդյունավետ չի լինի` մեկ այլ ձևաչափ կգտնենք»:

 

Արզումանյանը լիահույս է, որ սկզբունքային հարցերում տարաձայնություններ չեն լինի:

 

Շարմազանովը չարախնդաց. նույն ճակատագիրը սպասում է նաև ՀԱԿին

 

Խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Անկախի» խնդրանքով մեկնաբանելով «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների «ամուսնալուծությունը»` ասաց, որ խմբակցության տարաձայնությունները նկատելի էին դեռևս նախորդ քվեարկությունների ժամանակ: «Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը քվեարկում է մի կերպ, Ալեքսանդր Արզումանյանը և Խաչատուր Քոքոբելյանը` այլ, Զարուհի Փոստանջյանն էլ քվեարկում է իր հայեցողությամբ»,- ասաց Շարմազանովը` նշելով, որ ընդհանրապես դեմ է ամեն տեսակի արհեստական երևույթներին, այդ թվում նաև` արհեստական հարսանիքներին և քաղաքական միություններին:

Շարմազանովը անուն չնշեց, բայց ասաց, որ նույն իրավիճակն է նաև մեկ այլ խմբակցությունում, որի անդամները տարբեր կերպ են քվեարկում, այն դեպքում, երբ պետք է խմբակցության միասնական դիրքորոշումը ներկայացնեն: Նա հաստատեց, որ ակնարկն ուղղված էր ՀԱԿ-ին:

 

Հ1-ն ամենաամենան է, և հանրությունը պետք է հպարտանա՞

Քառօրյայի ուշագրավ քննարկումներից էր Հանրային հեռուստառադիոընկերության 2010 թ. գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը, որը ներկայացնում էր ընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Նա հայտարարեց, որ հաշվետու տարում Հանրային հեռուստառադիոընկերությունը պահպանել է առաջատարի իր դիրքերը և առանձնացել իր բազմազան ու հանրության տարբեր խավերի պահանջմունքները բավարարող հեռուստառադիոհաղորդումներով:

Այդ հայտարարությանը կտրականապես դեմ էր խորհրդարանական ընդդիմությունը: Մասնավորապես «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը Հանրային հեռուստառադիոընկերության աշխատանքը բացասական է գնահատում, և առաջարկեց հեռուստաընկերությանը հրաժարվել սերիալներից և գովազդային եթերաժամից: Նա նաև բարձրացրեց գովազդից ստացված գումարների տնօրինման թափանցիկության հարցը:

Հ1-ի դերի և չափորոշիչների վերաբերյալ հակասական տեսակետների հարցը բարձրացրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` առաջարկելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին իր դերակատարումն ունենալ Հ1-ի չափորոշիչների մշակման գործում:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը զարմանքի արժանի համարեց այն  հանգամանքը, որ հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահը չի կարողանում ներկայացնել Ազգային ժողովին իր կողմից ղեկավարվող համակարգի ֆինանսավորման հիմքերը: «Սա պարզապես թալան է: Տղերքը ստանում են բյուջեից 6 միլիոն դոլար, գովազդային շուկայից` 19 միլիոն դոլար և այդ 25 միլիոն դոլարից ուղղակի խժռում 17 միլիոնը»,- հայտարարեց Զուրաբյանը:

Հաջորդ օրը Ալեքսան Հարությունյանը հայտնեց, որ հնչած կարծիքների մեծ մասն ուշադրության արժանի են, իսկ առաջարկները հաշվի կառնվեն: Նա  հույս հայտնեց, որ հաջորդ տարիներին խորհրդարանում Հ1-ի գործունեության վերաբերյալ հաղորդում ներկայացնողները (Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2013-ի փետրվար ամսին) նույնպես հպարտորեն խորհրդարանի ամբիոնից կարող են ելույթ ունենալ  «իբրև հանրապետության առաջատար ալիքի ներկայացուցիչ»:

 

Արմեն Աշոտյանի հեղափոխական նախագիծը

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատգամավորներին ներկայացրեց կառավարության հեղինակած` «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հանրակրթության ոլորտի կառավարման և կազմակերպման արդյունավետությունը մեծացնելու, առկա խնդիրներին համակարգված լուծում տալու նպատակով գործադիրը նախատեսում է կիրառել միասնական քաղաքականություն: Արդյունքում, նախարարի ներկայացմամբ, երեխաները կունենան կրթության հավասար հնարավորություններ` անկախ անհատական տարբերություններից կամ հաշմանդամությունից, ինչը բխում է նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայից:

«Մենք հավակնում ենք այս օրենքի ընդունումով բացել Հայաստանի կրթության համակարգում բոլորովին նոր էջ, և չեմ վախենում ասել, որ սա հեղափոխական նախագիծ է: Մենք պետք է բոլոր երեխաներին ապահովենք ոչ միայն կրթություն ստանալու իրավունքով, այլև հասարակությանը ինտեգրվելու հնարավորությունով»,- իր ելույթում նշեց նախարարը:

ՀԱկ անդամ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում օրենքի նախագծում նշված այն դրույթը, որ հատուկ դպրոցները հիմնականում վերանալու են: «Այսինքն` որոշակի հատուկ դպրոցներ մնալու են: Ինչու՞»,- հարցրեց նա:

«Որովհետև լինելու են հիվանդություններ և սահմանափակումներ, որոնք, այնուամենայնիվ, թույլ չեն տալու այդ երեխաներին հաճախել հանրակրթական դպրոց,-բացատրեց նախարարը,- այո, հատուկ դպրոցները  պետք է նվազեցնել այնքան, որ համապատասխան լինի պահանջին, և որ առողջ մարդը սոցիալական խնդիրների պատճառով հատուկ դպրոցներում չհայտնվի: Հատուկ դպրոց պետք է գնան միայն այն երեխաները, որոնք այլընտրանք չունեն»:

 

Նվազագույն աշխատավարձը «շշմեցուցիչ» աճ կունենա` 2500 դրամ

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` տեղեկացնելով, որ օրենքով նախատեսվում է նվազագույն ամսական աշխատավարձը 2013 թ. համար սահմանել 35 000 դրամ:

 

Զարուհի Փոստանջյանը հարցրեց նախարարին, թե 35 000 դրամով մարդը քանի՞ օր կարող է ապրել Հայաստանի Հանրապետությունում: Նախարարը պատասխանեց. «Եկեք նվազագույն աշխատավարձի տեսանկյունից չնայենք, թե քանի օր կարող ենք ապրել, այլ նայենք, թե մարդ ինչքան ավելի շատ կարող է միջոցները ծախսել նախկինում հաստատվածի նկատմամբ, և ես կարող եմ վստահեցնել, որ մի փոքր ավելի շատ. մինչև 7-8 տոկոսով ավելի շատ գումարներ կունենա ծախսելու, քան նախկինում»:

Փոստանջյանն անդրդվելի մնաց. «Օրինակ` ի՞նչ կարելի է գնել 2 500 դրամով»:

«2 500 դրամով կարելի է գնել ապրանքային զամբյուղի բազմաթիվ ապրանքներ, որոնց կարելի է ծանոթանալ ցանկացած խանութում»,- պատասխանեց նախարարը:

 

Խորհրդարանական հայտարարություններ

«Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կիրառել է գույք պարտքի դիմաց նվաստացուցիչ բանաձևը». Ալեքսանդր Արզումանյան

Խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ Ռուսաստանի կողմից Հայաստանին տրված պարտքը չներելու և այն «գույք պարտքի դիմաց նվաստացուցիչ բանաձևով» փոխարինելուն:

Արզումանյանը թվարկեց 2000 թվականից մինչ օրս Ռուսաստանի կողմից մի շարք երկրների նկատմամբ կիրառված պարտքի ներման օրինակներ` հաշվելով, որ այդ տարիներին Ռուսաստանի կողմից ներվել է շուրջ 100 միլիարդ ԱՄՆ դոլար. «Մեր պատկերացումներով` այդ ահռելի պարտքերը պարզապես ներվել են կամ կիրառվել է զարգացում պարտքի դիմաց բանաձևը, սակայն այս վիճակագրության ֆոնին բավականին տարակուսելի է, որ մեր դարավոր բարեկամ և արդի ամենակարևոր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ոչ միայն երբևէ դուրս չի բերել մեր պարտքը, այլ մեր նկատմամբ կիրառել է գույք պարտքի դիմաց նվաստացուցիչ բանաձևը»,- ասաց նա:

Արզումանյանը դիմեց ԱԺ մեծամասնությանը, որը «եռանդով պաշտպանում է իր իսկ նշանակած կառավարության ծրագիրը և նախանձելի պատրաստակամությամբ պաշտպանում ՌԴ շահերին վերաբերող ցանկացած համաձայնագիր կամ օրենսդրական նախաձեռնություն». «Հետամուտ եղեք այս կենսական խնդրի լուծմանը և հանձնարարեք ձեր կառավարությանը` բանակցություններ սկսել մեր կարևորագույն ռազմավարական գործընկերների հետ` ՀՀ պարտքը դուրս գրելու կամ գոնե երկուստեք ընդունելի, մեր արժանապատվությունը չնսեմացնող ռեստրուկտուրիզացիայի ուղղությամբ»:

 

Ժառանգությունն առաջարկում է քանդել «ԿԳԲԻ պադվալները»

 

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ԱԱԾ հապավումը մեր հասարակության կողմից ոչ թե ընկալվում է որպես իրավապահ առաքելությամբ առաջնորդվող կառույց, այլ խորհրդանշում է ՆԿՎԴ-ԿԳԲ-ԱԱԾ բռանապետական ապրանքանիշը: «Այսօր Սերժ Սարգսյանը, լինելով Հայաստանի Հանրապետության գործող նախագահ, անկասկած ունի բոլոր հնարավորությունները վերջապես մեր քաղաքի կենտրոնից վերացնելու ազատազրկման այս սարսափազդու բնակատեղին»,- ասաց Փոստանջյանը` խորհուրդ տալով դրա տեղը հիմնադրել, օրինակ, Պատմության թանգարան, որը կպատմի ՆԿՎԴ-ԿԳԲ-ԱԱԾ բռանապետական ապրանքանիշի կատարած հանցագործությունների և իրենց օրերն այնտեղ անցկացրած զոհերի մասին:

 

«Սիրիայում տիրող իրավիճակում կա պատերազմական երկու կողմ` Իրանը և Թուրքիան». Ռուբեն Հակոբյան

 

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց Սիրիայում տիրող իրավիճակի, դրանում Թուրքիայի ներգրավվածության, ինչպես նաև տարածաշրջանի ու Հայաստանի վրա հնարավոր հետևանքների հարցը: Ռուբեն Հակոբյանին հատկապես անհանգստացնում է այն, որ Թուրքիան դառնում է տարածաշրջանի առաջատարը և  իր ծրագրերն է առաջ քաշում: «Պետք է հասկանանք, որ այսօր տեղի են ունենում պատերազմական գործողություններ Իրանի և Թուրքիայի միջև. պարզապես այս դեպքում աշխարհագրությունն ընտրված է Սիրիան: Հստակ է, որ կա պատերազմական երկու կողմ` Իրանը և Թուրքիան»,-ասաց նա:

 

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ կառավարությունը ստեղծված իրավիճակը և գործնականում ի՞նչ քայլեր է իրականացնում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը զերծ մնան այդ զարգացումներին առնչվելուց:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրեց, որ հարցը գտնվում է ՀՀ նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում: Նաև տեղեկացրեց, որ կան համապատասխան ինստիտուտներ, որոնք մանրամասնորեն ուսումնասիրում են այդ զարգացումները և համապատասխան վերլուծությունների հիման վրա ներկայացնում իրենց դիտարկումներն ու առաջարկները: «Բնականաբար, այդ ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա մենք որոշակի գործողություններ ենք իրականացնում»,-ասաց վարչապետը:

«Ոչինչ բացառել չի կարելի». վարչապետը ՀՀԿԲՀԿ հնարավոր նոր հուշագրի մասին

 

«Փաստը մնում է փաստ, որ այսօր մենք ունենք հայտարարություն, որը ստորագրել է ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն այն մասին, որ նախագահական ընտրություններում նրանք պաշտպանելու են գործող նախագահին։ Այս պահին որևէ այլ փաստաթուղթ կամ նախագիծ, որը քննարկվում է, մասնավորապես ՀՀԿ-ում, մենք չունենք։ Այդուհանդերձ, ոչինչ չեմ բացառում, չեմ բացառում նոր հուշագրերի, հայտարարությունների ստորագրում»,- խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այն դիտարկմանը, որ ԲՀԿ-ն հուշագիրն ուժը կորցրած է համարում, քանի որ իրենք այլևս կոալիցիայի անդամ չեն, վարչապետը պատասխանեց. «Ես պարոն Ծառուկյանից այդպիսի հայտարարություն չեմ լսել»։

 

Հանրության կարծիքը հաշվի է առնվել. վարչապետը արտգործնախարարության շենքի վաճառքի մասին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ ԱԳՆ շենքի վաճառքով, մի կողմից, լուծվում է շենքային պայմանների բարելավման խնդիրը, մյուս կողմից` գործարքն իսկապես շահավետ է: «Կարծում եմ` որոշումն արդյունավետ էր, և ճիշտ կլինի, որ հրապարակի վրա հայտնվի բարձր հատկանիշներով հյուրանոցային համալիր, իսկ արտաքին լուծումները, ինչպես հայտնել է պարոն Էռնեկյանը, կբավարարեն քաղաքացիների և զբոսաշրջիկների մշակութային պահանջարկը»:

 

«Անկախի» դիտարկմանը, թե ինչո՞ւ հանրային քննարկումներ չեն իրականացրել, ինչպես սահմանված է  պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված կառույցների օտարման դեպքում, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ` պրոցեդուրաների առումով ինչ օրենքի վրա եք Դուք հղում կատարում, բայց բազմաթիվ քննարկումներ քաղաքապետարանն իրականացրել է, ինչպես նաև ճարտարապետների հետ, հանրային քննարկումների ժամանակ մշտապես այս թեման շոշափվել է, և հենց հանրության կարծիքը հաշվի առնելով էլ պայմանագրում հստակ նշվել է, որ որևէ ճարտարապետական փոփոխություն չի կարող տեղի ունենալ առանց պետության հետ նախապես համաձայնեցնելու»:

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply