Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 25, 2012 14:00

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 23-ին հրապարակված «Ճկուն կարգավորումներ ՓՄՁ-ների համար 2013» վարկանիշային զեկույցի տվյալներով` նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարելավել է իր դիրքը 18 կետով` 185 երկրների շարքում գրավելով 32-րդ դիրքը: Նշենք, որ զեկույցը կազմվում է գործարարների և պետական մարմինների կողմից լրացրած հարցաթերթիկների ամփոփման հիման վրա:

Ինչպես ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանի այս տարվա արդյունքներն աննախադեպ են. վերջին երկու տարիների զեկույցների տվյալներով` Հայաստանն իր դիրքը բարելավել է 29 կետով:

«Սա խոսում է այն մասին, որ այս զարգացումներն ու առաջընթացը կրում են շարունակական բնույթ: Դա արդեն որակական փոփոխություն է, և կարծում եմ, որ մենք դեռ անելիքներ ունենք»,-նշել է էկոնոմիկայի նախարարը:

«Գործարարությամբ զբաղվելը 2013» զեկույցում Հայաստանն ամենամեծ առաջընթացն արձանագրել հետևյալ ցուցիչներով. «Ներդրողների պաշտպանվածություն»- դիրքը բարելավվել է 73 կետով` 98-րդ տեղից բարձրանալով 25-րդ տեղը, «Հարկերի վճարում»- դիրքը բարելավվել է 44 կետով` 152-ից բարձրանալով 108-րդ տեղը, «Էլեկտրականության միացում»- դիրքը բարելավվել է 42 կետով` 143-ից բարձրանալով 101-րդ տեղը: Երեք կետով առաջընթաց է արձանագրվել նաև «Շինարարության թույլտվությունների ստացում» ցուցիչով :

Տ.Դավթյանը տեղեկացրել է նաև, որ այս զեկույցի տվյալներով Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում և երկրորդն է տարածաշրջանում` զիջելով միայն Վրաստանին:

Նախարարի տեղակալ Կարինե Մինասյանն էլ ներկարայացրել է բիզնես միջավայրի կատարելագործմանն ուղղված ծրագրերը:

Իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն էլ, անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում ընդունված «Հարկ վճարողների հաշվետվությունները ներկայացնող ֆիզիկական անձանց նույնականացման քարտերի հաշվառման մասին» որոշմանը, նշել է, որ այն ուղղված է 2013թ. հունվարի 1-ից եկամտային հարկի ներդրամը:«Ինչպես գիտենք, եկամտային հարկի հաշվետվությունները հարկային մարիններին պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Սուբյեկտները, քաղաքացիները, ովքեր լիազորված են իրենց կազմակերպությունների կողմից էլետրոնային հաշվետվություններն ուղարկելու, պետք է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներից ստանան նույնականացման քարտերը, դիմում ներկայացնեն հարկային մարմինների գաղտնաբառը ստանալու համար, հաշվառվեն հարկային մարմնում»,-ասել է նա:

Ա.Ալավերդյանը տեղեկացրել է նաև, որ մինչև նոյեմբերի 30-ը դիմողները կստանան անվճար էլեկտրոնային ստորագրություն, իսկ նույնականացման քարտի համար նախատեսվող պետական տուրքը` 3000 դրամը, կփոխհատուցի կառավարությունը:

Դիտվել է 658 անգամ:
Print Friendly

Leave a Reply