Շարմազանովը Լևոն Զուրաբյանի հայտարարությունները կատարյալ խայտառակություն է որակել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 24, 2012 19:20

Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հակադարձել է ՀԱԿի համակարգող, դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարություններին:

Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե 2013-ին նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում, Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է Գագիկ Ծառուկյանին եւ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար: Ընդդիմադիր գործիչը նաեւ ասել էր, թե գործող նախագահին մարտահրավեր նետելու ունակ երկու քաղաքական ուժերը` ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն կարող են համախմբվել երկրում դեմոկրատական կարգեր հաստատելու համար:

Էդուարդ Շարմազանովի որակմամբ` այս հայտարարությունները «կատարյալ խայտառակություն են». – «Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Գագիկ Ծառուկյանը Լեւոն Զուրաբյան փաստաբանի կամ ՀԱԿ փաստաբանական ծառայությունների կարիքը ունի»:

«ՀԱԿ համակարգողը խոսում է ամեն գնով ինչ-որ բան պահելու մասին, չկորցնելու մասին, բայց այնպիսի տպավորություն է, որ կորցնելու վախով եւ այդ սինդրոմով տառապում է հենց ինքը` ՀԱԿ համակարգողն ու իր շեֆը, որն այս տարիների ընթացքում վեր է ածվել այս կան այն քաղաքական ուժի կցորդի եւ գնալով կորցնում է իր հեղինակությունը», – նշեց իշխող կուսակցության խոսնակը` շարունակելով. – «ՀԱԿ համակարգողը իր հարցազրույցում բացահայտում է ՀԱԿ-ի իրական դեմքը. դա այն է, որ ՀԱԿ-ի հացը կամ Զուրաբյանի հացը այս կամ քաղաքական ուժերի միջեւ թվացյալ կամ իրական հակասությունների մեջտեղում հաց վաստակելն է: Եվ կարծում եմ, դա լուրջ քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին բնորոշ չէ որեւէ երկրում»:

Շարմազանովի ընկալմամբ` Զուրաբյանը նշված հարցազրույցում «արձանագրել է, որ մոտենում է իր եւ ՀԱԿ-ի քաղաքական մոտալուտ վախճանը»:
 

Դիտվել է 1153 անգամ:
Print Friendly

Leave a Reply