Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի գործընկեր քաղաքների ներկայացուցիչների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 24, 2012 19:10

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ֆրանսիական գործընկեր քաղաքների, Ֆրանսիայի միավորված քաղաքների կազմակերպության «Հայաստան» աշխատանքային խմբի պատվիրակության անդամների հետ:

Ողջունելով հյուրերին և կարևորելով 2010 թվականին Երևանում կայացած Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական առաջին համաժողովը, քաղաքապետը ընդգծել է, որ այն նոր որակ է հաղորդել երկու երկրների քաղաքների միջև կապերի սերտացմանը և նպաստել է երկկողմ համագործակցության զարգացմանը:

«Ֆրանսիայի քաղաքների հետ Երևանի համագործակցությունը որակապես և քանակապես շատ բազմազան է ու կարևոր է, որպեսզի մենք աշխատենք առավել արդյունավետ և շահավետ դարձնենք քաղաքների հետ համագործակցությունը: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Երևանի քաղաքապետարանն այսօր արդեն իսկ ակտիվորեն համագործակցում է ֆրանսիական շատ քաղաքների հետ»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Կարևորելով 2013 թվականին Վալանս քաղաքում անցկացվելիք հայ–ֆրանսիական ապակենտրոնացված երկրորդ համաժողովը` քաղաքապետը առանձնացրել է համաժողովի շրջանակում համայնքների տնտեսական զարգացման ծրագրերի շեշտադրումը:

Ներկաների անունից շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Լիոնի փոխքաղաքապետ, Մեծ Լիոնի միջազգային համերաշխության և ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ  Հյուբեր Ժուլիեն-Լաֆֆերիերը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի համագործակցության պատրաստակամությունը լավ խթան է փոխգործակցությոան ակտիվացման, ինպես նաև գործընկեր քաղաքների հետ հարաբերությունների զարգացման ու ընդլայնման համար:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր և ներկայացնել համապատասխան առաջարկությունների փաթեթ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1411 անգամ:
Print Friendly

Leave a Reply