Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց. Ե՞րբ կփոխհատուցվեն մասնագիտական հիվանդություններ ձեռք բերած անձանց վնասները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 24, 2012 17:54

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց տարբեր կազմակերպություններում մասնագիտական հիվանդություններ ձեռք բերած անձանց համապատասխան փոխհատուցման տրամադրման հարցը: «Գործող օրենսդրությամբ, եթե տվյալ կազմակերպությունը լուծարվել է, փոխհատուցումը պետք է տրվի պետբյուջեից»,-ասաց Մինասյանը և հետաքրքրվեց, թե ի՞նչ է նախատեսում կառավարությունն այս առումով և արդյո՞ք այդ քաղաքացիները կստանան փոխհատուցում:

Հարցին պատասխանեց ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա տեղեկացրեց, որ խնդիրը մի քանի հարթության վրա է. «Մի դեպքում գործ ունենք այն մարդկանց հետ, որոնք աշխատել են որպես քաղծառայող պետական ձեռնարկությունում և ստացել են այդ վնասվածքները: Նրանք բոլորը, եթե դիմել են, ստացել են փոխհատուցում: Սակայն որոշակի ձեռնարկությունների դեպքում պատասխանատվությունը կրում է հենց այդ ձեռնարկությունը»:

Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ կառավարությունն աշխատանքներ է տարվում որոշակի գումարներ հայթայթելու և այդ անձանց փոխհատուցելու ուղղությամբ` շեշտելով, որ դա կառավարության պարտավորությունը չէ:

Արծվիկ Մինասյանը խորհուրդ տվեց հարցին ուղիղ պատասխանել, քանի որ պետությունը պարտավոր է այդ փոխհատուցումն իր վրա վերցնել: Մինասյանը հիշեցրեց միջազգային պարտավորությունները, որոնք ստանձնել է ՀՀ կառավարությունն այդ ոլորտում:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք փոխհատուցման ժամկետները ճշտված են: Սակայն նախարարը հստակ ժամկետներ չնշեց. «Եկող շաբաթվա վերջին մենք կտեղեկացնենք, թե հարցն ինչ փուլում է»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply