«Սիրիայում տիրող իրավիճակում կա պատերազմական երկու կողմ` Իրանը և Թուրքիան». Ռուբեն Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 24, 2012 17:46

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց Սիրիայում տիրող իրավճակի, դրանում Թուրքիայի ներգրավվածության, ինչպես նաև տարածաշրջանի ու Հայաստանի վրա հնարավոր հետևանքների հարցը: Ռուբեն Հակոբյանին հատկապես անհանգստացնում է այն, որ Թուրքիան դառնում է տարածաշրջանի առաջատարը և  իր ծրագրերն է առաջ քաշում «Պետք է հասկանանք, որ այսօր տեղի են ունենում պատերազմական գործողություններ Իրանի և Թուրքիայի միջև` պարզապես այս դեպքում աշխարհագրությունն ընտրված է Սիրիան: Հստակ է, որ կա պատերազմական երկու կողմ` Իրանը և Թուրքիան»,-ասաց նա:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ կառավարությունը ստեղծված իրավիճակը և գործնականում ի՞նչ քայլեր է իրականացնում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը զերծ մնան այդ զարգացումներին առնչվելուց:

Հարցին պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հավաստիացրեց, որ հարցը գտնվում է ՀՀ նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում: Նաև տեղեկացրեց, որ կան համապատասխան ինստիտուտներ, որ մանրամասնորեն ուսումնասիրում են այդ զարգացումները և համապատասխան վերլուծությունների հիման վրա ներկայացնում իրենց դիտարկումներն ու առաջարկները. «Բնականաբար այդ ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա մենք որոշակի գործողություններ ենք իրականացնում»,-ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը պատրաստակամություն հայտնեց համատեղ քննարկումների ընթացքում ներկայացնել հնարավոր սցենարները և  համապատասխան գործընթացները: «Ֆունդամենտալ մոտեցումները ներառված են մեր ազգային անվտանգության սահմանումների մեջ»,-հավաստիացրեց Տիգրան Սարգսյանը:

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply