Մեկնարկել է «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթի ազգային փուլը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 24, 2012 16:51

Հայաստանի Հանրապետությունն այս տարվանից իրավունք է ստացել մասնակցել Լայպցիգում կազմակերպվող “Համաշխարհային հմտություններ” միջազգային մրցույթին:

Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում այսօր մեկնարկել է մրցույթի ազգային փուլը, որը կրել է “Հայաստանի հմտություններ” խորագիրը: Մրցույթը կայացել է խոհարարություն, նորաձևության տեխնոլոգիա և ոսկերչություն մասնագիտությունների գծով: Ազգային փուլին մասնակցել են նախընտրական փուլը հաղթահարած ՄԿՈՒ հաստատությունների ուսանողները: Հաղթողները 2013 թվականի հուլիսի 2-7-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաքում, ի թիվս 61 այլ երկրների ուսանողների, կմասնակցեն “Համաշխարհային հմտություններ” 42-րդ միջազգային մրցույթին:

Ազգային փուլի բացման արարողությանը մասնակցել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Մրցույթի մասնակիցներին ազգային փուլում մաղթելով ստեղծագործական հաջողություններ` նախարարի տեղեկալը հույս է հայտնել, որ նրանք Լայպցիգից կվերադառանան մրցանակներով: “Մասնագիտական կրթության ոլորտում դրական արդյունքները մեր երկրի մրցունակության համար կարևոր նշանակություն ունեն, քանի որ միջին մասնագիտական կրթության ոլորտն ուղղակիորեն սպասարկում է տնտեսության ծառայությունների և սպասարկումների բնագավառը”,- նշել է Մ. Մկրտչյանը:

Մասնագիտական կրթության ազգային ուսուցման կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը տեղեկացրել է, որ “Հայաստանի հմտություններ” մրցույթի ինչպես նախընտրական, այնպես էլ ազգային փուլն անցկացվելու են միջազգային չափանիշներին համապատասխան: “Բոլոր մասնակիցներն ընտրվել են նախընտրական փուլի արդյունքներով: Ազգային փուլում մրցում են 5 մասնակիցներ խոհարարության, իսկ նորաձևության տեխնոլոգիա և ոսկերչություն մասնագիտություններից 4-ական մասնակիցներ: Մասնակցության համար սահմանված են բավականին խիստ պահանջներ՝ օտար լեզվի իմացություն, տեսական գիտելիքներ, մասնագիտական հմտություններ, արագ կողմնորոշվելու և գործելու ունակություն և այլն”,- նշել է Տ. Գասպարյանը: Յուրաքանչյուր մասնագիտության համար ձևավորվել են ժյուրիներ, որոնցում ընդգրկված են գործատուների և մասնագիտական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչներ:

Նախագիծն իրականացվել է ՀՀ ԿԳՆ-ի և “Գերմանիայի միջազգային համագործակցության աջակցության ընկերության /GIZ/” համագործակցության արդյունքում:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply