Լևոն Շիրինյան. «Ռուսաստանը պետք է ամենավերջին ռեզերվները շարժման մեջ դնի»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 24, 2012 16:26
«Եթե Ռուսական ազդեցությունը չթուլանա, Սիրիան չի քանդվի և նույնիսկ վերակենդանացման բոլոր շանսերը կունենա և եթե այդպես լինի, Ասադը կդառնա Նասերից և Սադամից հետո արաբական աշխարհի լիդերներից մեկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ սիրիական հարցում Ռուասաստանի, Հայաստանի և հայության շահերը համընկնում են գրեթե 100 տոկոսով, ինչը շատ լավ է, քանի որ հակառակը կնշանակի թուրքական գործոնի ուժեղացում:
«Նավթն ու գազը կարևոր են, բայց այդ ռազմավարական շահերը շատ ավելի կարևոր են: Այդ իմաստով Ռուսաստանը պետք է որ ամենավերջին ռեզերվները շարժման մեջ դնի խափանելու համար Սիրիայի կործանումը»,- ասաց քաղաքագետը:
Քաղաքագետ Հարություն Մեսրոբյանն էլ իր հերթին հավելեց, որ արաբաթուրքական հարաբերությունները մեղմ ասած երբեք չեն եղել քաղցր, և բնական է, որ Թուրքիան հաշվի առնելով նաև, որ ինքը ՆԱՏՕ-ի անդամ է, այսինքն՝ ֆորմալ իմաստով նա ունի պարտավորություն և այդ պարտավորությունը նա կօգտագործի իր շահերի համար: Նա նաև սրում է իր կողմից հարաբերությունները Սիրիայի հետ՝ շահելով հնարավորություն ավելի մեծ ազդեցություն ունենալ տարածաշրջանում և ձգտելով դառնալ գերտերություն գոնե տարածաշրջաններում անցնելով Իրանից:
Մեսրոբյանը համամիտ չէ Շիրինյանի այն կարծիքին, թե Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են. «Այսօրվա վարվող քաղաքականությամբ Հայաստանի Հանրապետության և հայության շահերը չեն համընկնում, և եթե մենք մեզ դիրքավորում ենք ֆորպոստ՝ վախենալով թուրքական պահվածքից, հետևապես պետք չի համեմատել Հայաստանի և Ռուասաստանի շահերը»:
Շիրինյանն էլ իր հերթին պնդեց, որ Հայաստանի և Ռուսաստանի շահերը գեոռազմավարական առումով բացարձակ նույնանում են և ոչ միայն համընկնում:
«Եթե դու քաղաքականության մեջ կառավարման օբյեկտ ես, դու չունես գեոռազմավարական շահեր»,- նշեց Հարություն Մեսրոբյանը, հավելելով, որ գեոռազմավարական շահեր կարող ես ունենալ, եթե դու սուբյեկտ ես:
Ըստ Մեսրոբյանի՝ նման պահվածքով Հայաստանը չի կարող խոսել գեոռազմավարական շահերի մասին, դա անիմաստ է:
Հեղինակ:
«Փաստինֆո»






Facebook
Tweet This
Email This Post
