Նախօրեին քննարկած օրինագծերն ընդունվեցին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 24, 2012 13:29

Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ի առավոտյան նիստում ընդունեց նախօրեին քննարկած օրինագծերը:

Այդ թվում` առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում լրացումների և փոփոխությունների օրենսդրական փաթեթը: Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում է հանրապետությունում համատարած ներառական կրթության ներդրում և հատուկ դպրոցների թվի նվազեցում:

«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» օրենքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունված փոփոխությամբ նախատեսվում է բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու մասին դիմումի ներկայացման վերջնաժամկետն երկարաձգել մինչև 2013 թ.-ի դեկտեմբերի 31-ը:

«Պետական տուրքի մասին» օրենքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունված լրացմամբ արտոնություն է սահմանվում ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: Նրանք ազատվում են ՀՀ-ում մուտքի արտոնագրի ժամկետն երկարաձգելու կամ կացության կարգավիճակ ստանալու համար սահմանված պետական տուրքի գանձումից:

Դիտվել է 1721 անգամ:
Print Friendly

Leave a Reply