Սիբիրյան խոցի օջախը գտնվել է, Ծովակ գյուղից դուրս եկող ճանապարհներն էլ հսկվում են

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 24, 2012 14:34

Վարդենիսի տարածաշրջանում գրանցված սիբիրյան խոց հիվանդության օջախը Ծովակ գյուղից 30 կմ հեռավորության վրա գտնվող հանդամասն է, որտեղից էլ, ըստ ամենայնի, հիվանդությունը գյուղ է հասել և բակային մորթի միջոցով փոխանցվել մարդկանց:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց Սննդամթերթի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ մսեղիքի և կենդանական մնացորդների լաբորատոր փորձաքննության արդյունքում սիբիրյան խոց ախտորոշվել է երկուսի պարագայում:

Մկրտչյանն ասում է, որ հոկտեմբերի 15-ից սկսած Ծովակ գյուղից դուրս եկող երկու ճանապարհներին էլ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում` բացառելու կենդանիների մորթը և մսեղիքի  դուրսբերումը համայնքից:

Ծովակում և հարակից գյուղերում իրականացվել է նաև խոշոր և մանր եղջերավոր անասունների պատվաստում:

«Մասնագետները տուն առ տուն մտել են, պարզել են վերջին երկու ամսվա ընթացքում կատարված մորթի տեղը, ախտահանում իրականացրել, մնացած մնացորդներից էլ  նմուշառում են իրականացրել և ոչնչացրել»,- ասում է Մկրտչյանը` հավելելով, որ գյուղերում բնակիչները խոչընդոտել են իրենց աշխատանքներին, թաքցրել կասկածելի միսը, կաշին և այլն:

ՍԱՊԾ մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանն էլ ասում է, որ անգամ ընտանիքներից մեկում, որի անդամներից մեկը հոսպիտալացվել էր, մսեղիքը թաքցրել էին ու թույլ չէին տալիս տանել` պնդելով, որ այն անվնաս է ու իրենք կուտեն դա. « Մարդիկ համոզված են, որ այդ միսը կերել են, ոչինչ չի եղել, հետագայում էլ կուտեն ու բան չի լինի:  Գյուղի զուգարանից անգամ կենդանու ոտք ենք հանել, պահել էին, մարդիկ չեն ցանկանում ընդունել, որ խնդիր կա:  Հիվանդանոցում գտնվողներից շատերը հիմա կասեն` էդ միսը բերեք, ես կուտեմ»:

Մկրտչյանն ասում է, որ Երևանի շուկաներում այդ թվում է Գումի շուկայում խիստ հսկողություն են իրականացնում. «Կարող եք հանգիստ լինել, իրավիճակը վերահսկվում է»: Իսկ թե ինչպիսին է հսկողությունը մարզերում, չի բարձրաձայնվում. «Անկախ»-ի նկատառմանն ի պատասխան Մկրտչյանը հարցնում է.«Ձեզ որ մարզն է հետաքրքրում»:

«Անկախ»-ի հարցին, թե արդյոք հաստատվել են  դեռ մեկ ամիս առաջ շրջանառվող լուրերը խոշոր եղջերավոր անասունների  զանգվազային անկման մասին, Մկրտչյանն ասում է. «Կենդանիների զանգվածային անկում չկա: Դա եղել է հարկադիր մորթ»: Քիչ անց, սակայն, իրեն հակասելով, նշում է, որ հարկադիր մորթ էլ չի եղել. «Չենք կարող ասել հարկադիր: Չի եղել հիվանդության կասկած, մարդիկ ուղղակի բակային մորթ են իրականացրել: Ամսի 15-ից մինչ օրս որևէ կենդանի չի մորթվել»:

Իսկ թե ինչու են մարդիկ մորթ իրականացրել, անհայտ է մնում: Մկրտչյանն էլ նշում է, որ սովորաբար այս սեզոնին մորթ չեն իրականացնում, քանի որ կենդանիները հղի են լինում. պահում են, որ ստանան հորթ, կաթ, պանիր:

Վարդենիսի տարածաշրջանից հոսպիտալացվել էր 22 մարդ: Առողջապահության նախարարության տվյալներով,  15 հիվանդից վերցված նմուշների լաբորատոր ուսումնասիրմամբ հիվանդությունը հաստատվել է մեկի մոտ,  9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական:

Վարդենիսի  տարածաշրջանում նախկինում սիբիրյան խոցի դեպք գրանցվել էր 2002-ին, Լուսակունք գյուղում:

Մկրտչյանն ասում է, որ սիբիրյան խոցի հարուցիչը սպորի տեսքով կարող է հողում ապրել 100 տարի: Հիվանդությունը կենդանիներին փոխանցվում է հողի և ջրի միջոցով: Մարդը հիմնականում վարակվում է ախտահարված միսը մշակելիս: Վտանգավոր է նաև եփված միսը. հարուցիչը ոչնչանում է 140  աստիճանի պայմաններում  միսը 3-4 ժամ եռացնելուց հետո միայն:

Հիվանդությունն արտահայտվում է մեծամասամբ վարակվելուց մինչև 7 օր անց:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply