Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը գործընկերների հետ նշում է ՄԱԿ-ի հիմնադրման 67-ամյակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 23, 2012 18:15

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակն իր ռազմավարական գործընկերների՝ կառավարության, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների հետ այսօր նշում է ՄԱԿ-ի հիմնադրման 67-ամյակը:
Պաշտոնական արարողության ընթացքում ՄԱԿ-ի մշտական հաակարգող Դաֆինա Գեռչևայի, փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանի, Տրանսպորտի և հաղորդակցության փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանի, «Հայփոստ թրասթ մենեջմենթի» հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանի և «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի կողմից մարվեց ՄԱԿ-ի փոստային հատուկ նամականիշը: ՄԱԿի-ի փոստային նամականիշը «ՀայՓոստի» կողմից թողարկվում է գեղաթերթիկի վրա և նվիրված է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակին:
Միջոցառման բարձրակետը ՄԱԿ-ի լրագրողական մրցանակաբաշխությունն էր, որի ընթացքում մրցույթին մասնակցած լրագրողներից լավագույնները մրցանակներ ստացան Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի պրոֆեսիոնալ լուսաբանման համար: Առաջին մրցանակին արժանացավ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության թիմը, որն ստացավ դյուրակիր համակարգիչ, երկու երկրորդ մրցանակներին՝ նեթբուքի արժանացան Լիանա Գյոզալյանը՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթից և Նարեկ Մանուկյանը՝ «1in.am» էլեկտրոնային լրատվամիջոցից: Երրորդ մրցանակակիր Էլեոնորա Արարատյանը՝ «Մեդիամաքս» լրատվական գործակալությունից, ստացավ լուսանկարչական խցիկ: ՄԱԿ-ի փորձագիտական հանձնաժողովը հաղթողներին ընտրել էր ըստ պրոֆեսիոնալիզմի, ՄԱԿ-ի նպատակների խոր իմացության և ստեղծագործականության չափանիշների:
Արարողության ընթացքում բացվեց կայուն զարգացման հասնելու ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերին ի աջակցություն ՄԱԿ-ի աշխատանքն ու ձեռքբերումները ներկայացնող լուսանկարչական ցուցահանդես: Այս շրջիկ ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը ՄԱԿ-ի արժեքների վերաբերյալ և նպաստել ՄԱԿ-ի ձեռքբերումների հանրայնացմանը: Այն կշրջի երկրով մեկ՝ յուրաքանչյուրին հասանելի լինելու համար:
ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան ասաց. «Անկարող եմ բավարար չափով արտահայտել կարևորությունը, որ ՄԱԿ-ը տալիս է հայաստանյան հասարակության տարբեր դերակատարների հետ իր գործընկերությանը: Ռազմավարական համագործակցությունը կառավարության, մասնավոր հատվածի, գիտակրթական ոլորտի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների հետ օգնել է ցույց տալ մեր՝ անկողմնակալ աջակցողի և խթանողի դերը դեպի գործուն ժողովրդավարություն և շուկայական տնտեսություն Հայաստանի անցման փուլում»:
«Անցած 20 տարիներին, համագործակցելով գործընկերների հետ, մենք նպաստել ենք երկրի զարգացման նպատակների իրագործմանը՝ պետության կարողությունների զարգացման, օրենսդրական բարեփոխումների աջակցման և սոցիալական կապերի ու երկրի դիմակայունության ամրապնդման միջոցով: Իմ խորին երախտիքն եմ հղում Հայաստանի ժողովրդին, որը խորապես հավատում է հանուն խաղաղության, կայուն զարգացման և մարդու իրավունքների մեր աշխատանքին»,- ավելացրեց նա:
Արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանն ասաց. «Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը մեր հուսալի գործընկերն է և աջակցել է դեպի կայուն զարգացում Հայաստանի ընթացքին: Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքը հասնում է Հայաստանի բոլոր անկյուններ, ներգործում մեր կյանքի վրա և նպաստում երկրի բարեկեցությանը»
Տրանսպորտի և հաղորդակցության փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթի» հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը և ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը նույնպես կարևորեցին ՄԱԿ-ի դերը մարդկային կայուն զարգացման և Հազարամյակի զարգացման տեղայնացված նպատակների իրագործման հարցում:
Դաֆինա Գեռչևան նաև շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գործընկերներին, այդ թվում՝ կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին, իրենց համագործակցության և ՄԱԿ-ի՝ Հայաստանում գործող տարբեր հաստատությունների աշխատանքին աջակցելու համար:
Ամբողջ երկրի տարածքում այս ամիս կազմակերպվել են նաև բազմաթիվ այլ միջոցառումներ՝ ՄԱԿ-ի և Հայաստանի միջև սերտ համագործակցության և գործընկերության խթանման նպատակով:
1945 թ. հոկտեմբերի 24-ին՝ 67 տարի առաջ, ուժի մեջ մտավ ՄԱԿ-ի հիմնադիր կանոնադրությունը: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը բացվել է 1992 թ. դեկտեմբերին՝ նույն թվականի մարտին Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցությունից հետո:

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply