«Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կիրառել է գույք պարտքի դիմաց նվաստացուցիչ բանաձևը». Արզումանյանը տարակուսած է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 23, 2012 17:56

Այսօր խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ Ռուսաստանի կողմից Հայաստանին տրված պարտքը չներելու և այն «գույք պարտքի դիմաց նվաստացուցիչ բանաձևով» փոխարինելուն:

Արզումանյանը թվարկեց 2000 թվականից մինչ օրս Ռուսաստանի կողմից մի շարք երկրների նկատմամբ կիրառված պարտքի ներման օրինակներ: Այսպիսով, Ռուսաստանը «ջրել է» Ղրղզստանի 500 միլիոն ԱՄն դոլլար կազմող պետական պարտքը, հյուսիսկորեացիների 11 միլիարդ դոլլարի հասնող պարտքը, Վիետնամի 10 միլիարդ դոլլարի հասնող պարտքը, Սիրիայի պետական պարտքի մոտ 75 տոկոսը, ինչը կազմել է մոտ 10 միլիարդ դոլլար, Աղվանստանի 11 միլիարդ դոլլարի հասնող պարտքը, Իրաքի 12  միլիարդ դոլլարի պարտքը, Լիբիայի 4.5 միլիարդ դոլլարի պարտքը, Մոնղոլիայի պարտքի 97.8 տոկոսը, ինչը կազմել է 11.1 միլիարդ դոլլար:

«Այսպիսով 2000 թ. սկսած Ռուսաստանի կողմից դուրս գրված պարտքերի ընդհանուր թիվը կազմում է 100 միլիարդ ԱՄՆ դոլլար»,-ասաց Արզումանյանը,-մեր պատկերացումներով այդ ահռելի պարտքերը պարզապես ներվել են կամ կիրառվել է զարգացում պարտքի դիմաց բանաձևը, սակայն այս վիճակագրության ֆոնին բավականին տարակուսելի է, որ մեր դարավոր բարեկամ և արդի ամենակարևոր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ոչ միայն երբևէ դուրս չի բերել մեր պարտքը, այլ մեր նկատմամբ կիրառել է գույք պարտքի դիմաց նվաստացուցիչ բանաձևը»,-ասաց նա:

Արզումանյանը դիմեց ԱԺ մեծամասնությանը, որը «եռանդով պաշտպանում է իր իսկ նշանակած կառավարության ծրագիրը և նախանձելի պատրաստակամությամբ պաշտպանում ՌԴ շահերին վերաբերող ցանկացած համաձայնագիր կամ օրենսդրական նախաձեռնություն». «Հետամուտ եղեք այս կենսական խնդրի լուծմանը և հանձնարարեք ձեր կառավարությանը` բանակցություններ սկսել մեր կարևորագույն ռազմավարական գործընկերների հետ` ՀՀ պարտքը դուրս գրելու կամ գոնե երկուստեք ընդունելի, մեր արժանապատվությունը չնսեմացնող ռեստրուկտուրիզացիայի ուղղությամբ»,-հորդորեց նա:

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply