Վաչե Գաբրիելյանը “փորձեց” պատասխանել Նաիրա Զոհրաբյանի հարցերին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 23, 2012 17:49
Այսօր ԱԺ-ում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի՝ «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ներկայացումից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մի շարք ուշագրավ հարցեր ուղղեց նախարարին՝ կապված նվազագույն աշխատավարձի չափի և, իր ձևակերպմամբ, “խայտառակ” գնաճի հետ:
-Ես կուզենայի, որ Դուք այս ամբիոնից հնչեցնեիք նվազագույն սպառողական զամբյուղի չափը, և փորձեիք համամասնություններ անցկացնել այս “հսկայական” գումարի, որ պիտի ավելանա և նվազագույն սպառողական զամբյուղի չափի միջև, թե որքանով են դրանք համահունչ, և այդտեղ Դուք կոնֆլիկտ չե՞ք տեսնում:
-Լիովին համամիտ եմ Ձեզ հետ այն կտրվածքով, որ 35.000 դրամը որևէ կերպ հաշվարկված զամբյուղ չի ծածկում, և մենք հասկանում ենք, որ դա ունի որոշակի խնդիր, և այդ խնդիրները մենք առաջարկում ենք լուծել ժամանակի ընթացքում: Մենք դրան հասնելու ենք աստիճանանաբար, մասնավորապես, կան տարբեր հաշվարկներ նվազագույն սպառողական զամբյուղի վերաբերյալ 50.000 դրամի շուրջ, սակայն մենք նախատեսում ենք 45.000 և 55.000 արդեն 2014 և 2015 թթ համար:
-Խայտառակ գնաճի պայմաններում Դուք ի՞նչ եք կարծում, նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելը ինչ խնդիր կարող է լուծել:
-Թու՛յլ տվեք չհամաձայնվել Ձեզ հետ, որ մենք ունենք խայտառակ գնաճ, քանի որ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող թվերի համաձայն որ մենք ունենք 2011-2012 թթ համար, 2011 թվականի սկզբին ունեինք բարձր գնաճ՝ մոտ երկնիշ թվով, բայց տարվա վերջին իջանք 4.6-տոկոսանոց աճի: Այս տարվա ընթացքում մեր գնաճի ցուցանիշները արդեն իսկ բավականաչափ ցածր են, և մենք 12 ամսվա կտրվածքով ունենք 2.5 տոկոսանոց գնաճ, և ինչը մեզ լիովին տալիս է տեղ, որպեսզի մենք ասենք, որ 2013 թ. ընթացքում գնաճը կլինի ԱԺ կողմից սահմանված 4+/- 1%: Այսինքն՝ մենք նաև վստահ ենք, որ կլինի ավելի ցածր, մոտավորապես՝ 3-4 տոկոսի սահմաններում և չի կարելի անվանել այն “խայտառակ գնաճ”:
-Որքան ես տեղյակ եմ՝ բոլոր ամբիոններից շատ կարևոր հայտարարություն է արվում տնտեսության 7 տոկոս աճի մասին, ինչը, ի դեպ, մարդկային զարգացման որևէ գործոնով, ասենք՝ աղքատության նվազում, աշխատատեղերի բացում, գործազրկության կրճատում, բացի հայտարարություններից որևէ այլ կոմպոննետով 7 տոկոսը կարծես թե չի հաստատվում: Այդուհանդերձ, հարգելով Ձեր տեսակետը, ընդունենք, որ ունենք 7 տոկոս տնտեսական աճ, արդյո՞ք այս աննախադեպ տնտեսական աճը չէր ենթադրում, որ նվազագույն աշխատավարձը կարող էր ոչ թե 2500 դրամով ավելանար, այլ շատ ավելի:
-Որևէ կերպ չեմ հիշում, որ “աննախադեպ” ածականը օգտագործված լինի 7-տոկոսանոց աճի վերաբերյալ: Այն համեմատաբար բարձր է այլ՝ Համաշխարհային բանկի կամ միջազգային կառույցների կողմից մեր տարածաշրջանի համար հաշվարկվող տնտեսական պոտենցիալ աճի ֆոնին: Բայց որևէ կերպ “աննախադեպ” բառը չի օգտագործվել: Մենք կունենանք շուրջ 7 տոկոս տնտեսական աճ, այն զուգակցվում է մի շարք ցուցանիշներով ևս՝ անվանական աշխատավարձի աճով, որը վերջին ամիսների ընթացքում բարձրանում է և գործազրկության թվաքանակի նվազմամբ: Այս առումով կարելի է ասել, որ տնտեսական 7-տոկոսանոց աճը թեև չունի տնտեսության բոլոր ոլորտներում ակնհայտ ազդեցություն, բայց, բնականաբար, համընկնում է մի շարք այլ ցուցանիշների հետ:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
