Նիկոլ Փաշինյանը մի շարք հարցեր ուներ Կրթության և գիտության նախարարին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 23, 2012 15:30

Այսօր խորհրդարանում քննարկվում էր «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Քննարկման ժամանակ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին մի քանի հարց ուղղեց. նախ նա հետաքրքրվեց, թե երեխաներին դասարանից դասարան տեղափոխելուն վերաբերող հոդվածում կատարվող փոփոխություններն ինչով են պայմանավորված: Ըստ Փաշինյանի արդյո՞ք դրանք կնպաստեն բարձր դասարաններում աշակերտների բացակայությունների նվազմանը և կրկնուսույցների մոտ պարապելու սովորույթի վերացմանը:

Արմեն Աշոտյանը պարզաբանեց, որ նախկինում իրենք 12-րդ դասարանցիների համար որդեգրել էին մի մոդել, ըստ որի 12-րդ դասարանի  1-ին կիսամյակում ամփոփվում էր ակադեմիական տարին, իսկ 2-րդ կիսամյակում աշակերտն էր որոշում, թե ինչ ուղղությամբ խորանա, բայց ցավոք այդ մոդելը չի աշխատել: Ըստ Աշոտյանի` հասարակությունն ամբողջությամբ պատրաստ չէր դրան: Ուստի  12-ամյա կրթության ամփոփումն այսուհետ տեղի կունենա 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում:

Ինչ վերաբերում է բարձր դասարաններում տարածված բացակայություններին, ապա նախարարությունը շարունակելու է վարչական ճնշիչ մեթոդներով հետևել դասահաճախումներին: «Բազմաթիվ ծնողներ իրենց երեխաների գործերը հանում էին, գրանցում գյուղական դպրոցներում, որտեղ նրանց բացակայությունները չէին երևա»,-ասաց Աշոտյանը,-սակայն այսօր ԲՈՒՀ-ական քննությունները հեշտացվել են այն աստիճանի, որ հիվանդագին տենդը, որ համակում էր մեր հասարակությանը, շոշափելիորեն նվազել է»:

Փաշինյանին հետաքրքրում էր նաև օրենքի նախագծում նշված այն դրույթը, որ հատուկ դպրոցները հիմնականում վերանալու են: «Այսինքն, որոշակի հատուկ դպրոցներ մնալու են: Ինչո՞ւ»,-հետաքրքրվեց նա:

«Որովհետև լինելու են հիվանդություններ և սահմանափակումներ, որոնք այնուամենայնիվ թույլ չեն տալու այդ երեխաներին հաճախել հանրակրթական դպրոց,-բացատրեց նախարարը,-այո, հատուկ դպրոցները  պետք է նվազեցնել այնքան, որ համապատասխան լինի պահանջին, և որ առողջ մարդը սոցիալական խնդիրների պատճառով հատուկ դպրոցներում չլինի»:

ՀԱԿ անդամն, առիթից օգտվելով, կրկին հիշեցրեց կառավարության կողմից առաջին  դասարանցիներին խոստացված համակարգիչների մասին` նշելով, որ անվճար դասագրքերն էլ կարող են «նույն ճակատագրին արժանանալ»:

Արմեն Աշոտյանն էլ իր հերթին հիշեցրեց, որ անվճար համակարգիչների ծրագիրը հնգամյա ծրագիր է, և որ այդ խոստումն անպայման կյանքի կկոչվի 5 տարիների ընթացքում:

«5 տարվա ծրագրի մեկուկես տարին արդեն անցել է, սակայն կառավարությունը գոնե չի ուրվագծել, թե ինչպես է կատարելու այդ խոստումը»,-արձագանքեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է տարրական դասարանի աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելուն, Աշոտյանը հայտենց, որ հարցն արդեն իսկ լուծված է ընթացիկ տարվա բյուջեով, պարզապես 2013 թվականի համար իրենք ստեղծում ենք իրավական հիմք:

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply