Հաշմանդամ անձանց ընտրելու իրավունքը՝ թղթի վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 23, 2012 18:00

Հայկը «Փարոս» երգչախմբի փորձի ժամանակ

Հայաստանում հաշմանդամ անձինք ընտրություններին մասնակցելիս դեռ բախվում են անմատչելիության խնդրին, մինչդեռ ԿԸՀ-ն այլ բան է պնդում:

32-ամյա Հայկ Պապիկյանը ընտրություններին սովորաբար գնում է հարազատների ուղեկցությամբ: Նա քվեաթերթիկը միշտ լրացրել է հարազատներից մեկի օգնությամբ, բայց այս գարնանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ինքնուրույն է քվեարկել:

«Ինձ ընտրատեղամասում առաջարկեցին օգտվել բրայլյան կաղապարներից, որի օգնությամբ կարող եմ ինքնություն քվեարկել՝ առանց կողմնակի օգնության»,- պատմում է Հայկը:

Քվեախցում, սակայն, պարզվեց, որ կաղապարները միայն համամասնական ընտրակարգի համար են, իսկ մեծամասնական ընտրակարգի համար՝ չկան: Այսինքն՝ Հայկը ինքնուրույն կարող է ընտրել քաղաքական կուսակցություններից մեկին, բայց՝ ոչ տեղական պատգամավորին:

«Ես գիտակցում եմ ընտրությունների կարևորությունը: Եվ նաև կարևորում եմ գիտակցությունը, որ քո ընտրությամբ ինչ-որ բան կարող է փոխվել»,- ասում է Պապիկյանը: Նրա կարծիքով՝ ընտրությունները հաշմանդամ մարդկանց մատչելի դարձնելու առումով դեռ շատ անելիքներ կան:

Հայկը մասնագիտությամբ պատմաբան է, սովորել է նաև մերսողի մասնագիտություն:

«Ես շատ կարծրատիպեր եմ կոտրել իմ մեջ՝ սկսած նրանից, որ պետք չէ տանը փակված մնալ, պետք է շփվել մարդկանց հետ»,- պատմում է նա:

Հայկը երգում է հաշմանդամ մարդկանց «Փարոս» երգչախմբում, որտեղ էլ հանդիպեցինք նրան ընկերների հետ զրուցելիս:

Միջահասակ, մուգ ակնոցներով ու սև շորերով Հայկը չխոսկան և համեստ մարդու տպավորություն էր թողում: Նա ներկայումս ակտիվ հասարակական կյանքով է ապրում, հաշմանդամ անձանց իրավունքների պաշտպանության «Ունիսոն» ՀԿ անդամ է:

Հայկն ասում է, որ շատ է զրուցում հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ, իր օրինակով բացատրում, որ չի կարելի տանը փակվել, պետք է դուրս գալ միջավայր, շփվել բոլորի հետ և ընտրություններին մասնակցելով՝ փորձել ինչ-որ բան փոխել մեր երկրում:

Օրենքն ու իրականությունը չեն համընկնում

Հայաստանում հաշվառված հաշմանդամների թիվը պաշտոնական տվյալներով մոտ 185 հազար է, նրանց մոտ 90 տոկոսն ունի ընտրելու իրավունք:

ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ պետությունը պետք է հավասար պայմաններ ստեղծի բոլորի, այդ թվում՝ հատուկ կարիքներով մարդկանց ընտրելու իրավունքն իրացնելու համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանն ասում է, որ նոր «Ընտրական օրենսգիրքը» նախորդի համեմատ «մեկ քայլ առաջ է»:

«Տեղաշարժման դժվարություններ ունեցողների համար հատուկ որոշում կա, որ եթե ընտրական տեղամասը մատչելի չէ, հանձնաժողովի նախագահը պետք է աջակցի նրան, որ կարողանա գրանցվել և քվեարկել ընտրատեղամասից դուրս, օրինակ, մուտքի մոտ: Տեսողության խնդիր ունեցողներին ընտրատեղամասում կարող է որևէ մեկն օգնել: Կույրերի համար կան հատուկ կաղապարներ»,- ասում է Մարտիրոսյանը:

«Փարոս» ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանն էլ, ով անվասայլակով է տեղաշարժվում, ասում է, որ Հայաստանում օրենքներն ու իրականությունը իրար չեն համապատասխանում.

«Ամեն ինչ էլ հնարավոր է: Կարելի է և գրկած տանել ընտրատեղամաս. ինձ մի անգամ նման բան առաջարկել են: Բայց դա լավություն չէ, ես իմ իրավունքն եմ պահանջում: Երբ ես ասում եմ՝ դարձնենք մատչելի, ես չեմ խնդրում: Կա օրենք, որը պետք է կատարվի՝ ո՞վ է պատասխանատու դրա կատարման համար և ինչպե՞ս պետք է դա արվի»:

Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին խորհրդարանական ընտրություններին տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի է եղել ընտրատեղամասերի 15 տոկոսը:

Մինչդեռ 10 տարի հաշմանդամների ընտրական իրավունքով զբաղվող «Փարոս» ՀԿ-ի դիտարկմամբ՝ ընտրատեղամասրի 95 տոկոսը դեռ մնում է անմատչելի անվասայլակով մարդկանց համար:

Վերջին տասը տարիների ընթացքում վիճակը բարելավվել է ընդամնեը 2 տոկոսով:

Խնդիրը ոչ թե ֆինանսներն են, այլ՝ ցանկության բացակայությունը

Ընտրությունները դեռևս անմատչելի են հաշմանդամություն ունեցող շատ մարդկանց համար:

Կույր մարդիկ չեն կարող ինքնություն քվեարկել մեծամասնական կարգով, քանի որ կաղապարներ չկան: Անվասայլակով մարդիկ դեռ դժվարություններ ունեն ընտրատեղամաս մտնելիս:

Լսելու խնդիրներ ունեցող մարդիկ չեն կարողանում ծանոթանալ նախընտրական ծրագրերին, քանի որ դրանք բարդ են կարդալու համար, իսկ ժեստերի լեզվով տեղեկատվություն չկա:

ՀԿ ներկայացուցիչների կարծիքով՝ այս խնդիրները լուծելի են:

«Խնդիրը ֆինանսների մեջ չէ, խնդիրը, նախևառաջ, ցանկության բացակայության մեջ է: Մտածում են, որ հաշմանդամները չեն գնում ընտրությունների, դրա համար պայմաններ չեն ստեղծում: Բայց պետության պարտավորությունն է այդ հնարավորությունը ստեղծել, իսկ հաշմանդամը կգնա, թե՝ ոչ, դա իր իրավունքն է»,- կարծում է «Փարոս» ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանը:

Նախագահական ընտրություններին 4 ամիս է մնացել. Հայկ Պապիկյանը կարծում է, որ ցանկության դեպքում այդքանն էլ է բավարար ընտրությունները հաշմանդամներին մատչելի դարձնելու համար:

«Շատ կուզեմ, որ մինչև ընտրությունները ընտրատեղամասերի մատչելիության խնդիրը լուծված լինի, որ, անկախ հաշմանդամության տեսակից, ընտրատեղամասում որևէ արգելքի չհանդիպենք»,- ասում է նա:

 

Հեղինակներ՝ Մերի ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ և Հերմինե ԶԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է 1784 անգամ:
Print Friendly

Leave a Reply