Երևանի քաղաքապետարանը «Popok» զովազդի միջազգային փառատոնի աջակից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 23, 2012 14:03

Այս տարի Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ է անցկացվելու Հայաստանի գովազդային հանրության նախաձեռնած «Popok» զովազդի միջազգային փառատոնը: 15 պետությունների հեղինակավոր ընկերություններ հոկտեմբերի 25-ից 27-ը մրցելու են 6 հիմնական անվանակարգերում, որոնց այս տարի ավելացվել է նաև «Գիրք» անվանակարգը՝ 2012 թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ. կազմակերպիչները հատկանշում են, որ մինչ օրս ոչ մի գովազդային փառատոնում նման անվանակարգ հայտարարված չի եղել:

«Փառատոնի շրջանակում, նաև արտասահմանյան դիզայներների ներգրավմամբ, քննարկվելու են Երևան քաղաքի արտաքին ձևավորման հայեցակարգի մշակմանն ուղղված հարցեր, ինչը հրաշալի առիթ է քննարկելու Երևանի բրենդավորման հարցը: Քննարկումները կօգնեն նաև Երևանի գովազդային հայեցակարգը լրամշակվելուն»,- նշել է Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

«Փառատոնը հարթակ կլինի՝ լսելու հեղինակավոր դիզայներների կարծիքներ, թե նրանց աչքերով ի՞նչ խնդիրներ կան քաղաքում և դրանց լուծումներն ինչպիսի՞ն են: Հետևաբար հրավիրում ենք մեր դիզայներներին ևս ակտիվորեն մասնակցել փառատոնի քննարկումներին, կլոր սեղաններին՝ հետաքրքիր մտահղացումներից ընդհանուր եզրակացություն ստանալու համար»,- հավելել է Երևանի քաղաքապետի խորհրդական, Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին:

«Popok» զովազդի միջազգային փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը բարձր է գնահատել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունը՝ աջակցել կայացող նման միջոցառմանը և ներկայացրել է, որ փառատոնը նախորդ 2 տարիներին դարձել է նաև միջազգային համբավ ունեցող ընկերությունների հանդիպման վայր:

«Popok»-ի կազմակերպիչները փառատոնից ակնկալում են միջազգային և հայաստանյան գովազդային ընկերությունների միջև հարաբերությունների զարգացում և ամրապնդում, ինչպես նաև հայաստանյան գովազդային շուկայում մասնագիտական  որակի աճ:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Երևանի քաղաքապետաարնում, հոկտեմբերի 25-ին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 767 անգամ:
Print Friendly

Leave a Reply