ԱԺ-ում ներկայացվեց «Կրթության և գիտության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 23, 2012 13:41

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց «Կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությունների և լրացումների վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որը ներակայացնելով Կառավարությունը նպատակ  է ունեցել լուծել որոշակի խնդիրներ:

Աշոտյանը նշեց, որ այս նախաձեռնության համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կողմից վարվող այնպիսի քաղաքականությունը, որ բոլոր երեխաների համար՝ անկախ իրենց ֆիզիկական կամ այլ խնդիրներից, պետք է ստեղծվի միասնական իրավական դաշտ:

“2005 թվականին մեր երկիրն ընդունել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքն ապահովող կարևոր օրենք: Այդ օրենքի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը կազմակերպում է համապատասխան խնդիրներ  ունեցող երեխաների կրթություն”,- նշեց նախարարը:

Սակայն Աշոտյանը հիշեցրեց նաև, որ 2009 թվականին ընդունվել է «Հանրակրթության մասին»  օրենք, որը շատ առաջադեմ է և ավելի լայն հնարավորություններ է առաջարկում կրթության կազմակերպման տեսակետից, և երկու օրենքների սուվերեն գործածումը, այն դեպքում, երբ վերջին ընդունված օրենքը շատ ավելի որակյալ է, շատ ավելի է համապատասխանում վերջին միջազգային տենդենցներին, իրենք նպատակահարմար չեն համարում, քանի որ կարծում են, որ 2005 թ. ընդունված օրենքը իր առաքելությունը կատարում է և արդեն մոտենում է իր ավարտին այդ առաքելությունը:

ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հարց ուղղեց նախարարին, թե ինչն է պատճառը, որ տարրական դասարաններում որոշակի դասագրքեր արդեն շուրջ 12-13 տարի է՝ վաճառվում են երեխաներին:

Այս հարցին Աշոտյանը պատասխանեց՝ մեջբերելով 1999 թվականին ընդունված կրթության մասին օրենքի համապատասխան կետը. “Պետական հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանի աշակերտներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է դասագրքերով՝ բացառությամբ օտար լեզուների և երաժշտության դասագրքերի”,-ասաց Աշոտյանը, նշելով, որ այս տարվանից այլևս տարրական դասարանների բոլոր դասագրքերն են անվճար:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply