Հ1-ն ամենաամենան է, և հանրությունը պետք է հպարտանա՞…

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 23, 2012 13:06

Այսօր խորհրդարանում ամփոփվեց «Հանրային հեռուստառադիոընկերության 2011 թվականի գործունեության վերաբերյալ» հաղորդումը, որը ներկայացնում էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

Նա կրկնեց նախօրեին  հնչեցրած այն տեսակետը, թե Հ1-ն ունի ամենամեծ լսարանը Հանրապետությունում, բոլոր առումներով գերազանցում է այլ հեռուստաընկերություններին և կարողացել է ինչ որ հարցեր լուծել:

Հ1-ի այս «մեծ առաջընթացն ու բարձր վարկանիշը» Ալեքսան Հարությունյանը կապեց հատկապես իր պաշտոնավարման տարիների հետ. «Ավերակների վրա կառուցված այսօրվա հզոր կառույցն արժանի է, որպեսզի մեր հանրությունը հպարտանա դրանով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նախօրեին մի շարք պատգամավորների կողմից հնչած քննադատություններին սերիալների որակի առումով` Հանրայինի խորհրդի նախագահն ասաց, որ համամիտ չէ այդ քննադատությունների հետ: Ընդհակառակը, նա կարծում է, որ հայկական հեռուստաշուկայում ամենալավը կարողանում են սերիալ նկարել: Նրա խոսքով` Արևելյան Եվրոպայի և նախկին խորհրդային երկրների մեջ միայն Հայաստանն ու Ռուսաստանն են կարողանում հեռուստասերիալների արդյունաբերություն զարգացնել: «Բացի այդ, միայն Հ1-ն է, որ լինելով հանրային հեռուստաընկերություն, առաջատար դիրք է զբաղեցնում: Նախկին խորհրդային երկրներում և Արևելյան Եվրոպայում նման բան չկա»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից հնչած մեղադրանքը, թե Հ1-ը թաղված է կոռուպցիայի մեջ, Հարությունյանը անհիմն համարեց: Նա Զուրաբյանին խորհուրդ տվեց իր ունեցած տվյալներով մոտենալ Հրանտ Բագրատյանին, որն իբրև առաջատար տնտեսագետ` վերջինիս կապացուցի այդ տվյալների անհեթեթությունը:

Ի պատասխան` Զուրաբյանն առաջարկեց առավել լուրջ մոտեցում ցուցաբերել իր հայտնած տվյալների նկատմամբ. «Եթե բան ուենք պնդելու, ուղղակի հրապարակեք դա,-խորհուրդ տվեց Զուրաբյանը,-Դուք անգամ համարձակություն չունեցաք արգումենտներով հերքելու, որովհետև դուք արգումենտ չունեք, կա ընդամենը այն թալանը, որի մասին ես խոսեցի»:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում «Հանրային հեռուստառադիոընկերության 2011 թվականի գործունեության վերաբերյալ» հաղորդման ներկայացման ժամանակ Ալեքսան Հարությունյանը հայտարարել էր, թե հաշվետու տարում Հանրային հեռուստառադիոընկերությունը պահպանել է առաջատարի իր դիրքերը եւ առանձնացել իր բազմազան ու հանրության տարբեր խավերի պահանջմունքները բավարարող հեռուստառադիոհաղորդումներով:

ԱԺ գլխադասային՝ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նույնպես գտնել է, որ 2011 թվականին հեռուստառադիոընկերության գործունեությունը շահեկանորեն տարբերվել է այլ տարիներից:

Սակայն դա ի գիտություն չէր ընդունել ոչ միայն ՀԱԿ-ը, այլև «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն: Զարուհի Փոստանջյանն էլ հայտնել էր, որ իրենց խմբակցությունը Հանրային հեռուստառադիոընկերության աշխատանքը բացասական է գնահատում և առաջարկել հեռուստաընկերությունը` հրաժարվել սերիալներից և գովազդային եթերաժամից: Նա նաև բարձրացրել էր գովազդից ստացված գումարների տնօրինման թափանցիկության հարցը:

Հ1-ի դերի և չափորոշիչների վերաբերյալ հակասական տեսակետների հարցն էր բարձրացրել ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` առաջարկելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին` իր դերակատարումն ունենալ Հ1-ի չափորոշիչների մշակման գործում:

Այսօր Ալեքսան Հարությունյանը հայտնեց, որ հնչած կարծիքների մեծ մասն ուշադրության արժանի են, իսկ առաջարկները հաշվի կառնվեն: Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարիներին խորհրդարանում Հ1-ի գործունեության վերաբերյալ հաղորդում ներկայացնողները (Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2013-ի փետրվար ամսին) նույնպես հպարտորեն խորհրդարանի ամբիոնից կարող են ելույթ ունենալ`  «իբրև հանրապետության առաջատար ալիքի ներկայացուցիչ»:

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply