Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի այցը Մեքսիկա

Պաշտոնական, Օրվա լուր | | October 23, 2012 11:45

Հոկտեմբերի 22-ին Մեքսիկա այցելությամբ մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը լատինաամերիկյան երկրներ:

Մեխիկոյում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ` արտաքին հարաբերությունների քարտուղար Պատրիսիա Էսպինոսայի հետ:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարը նշեց, որ իր երկիրը Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ երկիր և ցանկանում է ընդլայնել փոխգործակցությունը և ԱԳ նախարարի այցելությունը լավ հնարավորություն է քննարկելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու այդ ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով Մեխիկո այցելելու հրավերի համար, նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ իր այցն ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները պարարտ հող կստեղծեն տարբեր բնագավառներում համագործակցությունը խթանելու համար:

Հայաստանի և Մեքսիկայի արտաքին գործերի նախարարները վերահաստատեցին սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում կայացած իրենց հանդիպման ընթացքում արտահայտած պատրաստակամությունը գործուն քայլեր ձեռնարկելու երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու վերաբերյալ, այդ առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու մասին: Զրուցակիցները համակարծիք էին, որ Մեխիկոյում ՀՀ դեսպանատան բացումը մեծապես կնպաստի հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Պատրիսիա Էսպինոսան մտքեր փոխանակեցին տնտեսական համագործակցության և մշակութային փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարը տարակուսանք հայտնեց անցյալ տարի Մեքսիկայի նախորդ գումարման խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող բանաձևերի ընդունման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ բանաձևերը կոպտորեն հակասում են միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների կողմից, վնաս են հասցնում կարգավորման գործընթացին և տարածաշրջանային անվտանգությանը, բացասաբար են ազդում նաև հայ-մեքսիկական հարաբերությունների վրա:

Արտգործնախարարը նաև ընդգծեց, որ կիսում է մեքսիկացի մարդու իրավունքների պաշտպանների տեսակետը, որ Մեխիկոյում այսպես կոչված Խոջալուի հուշարձանի տեղադրումը վիրավորանք է ցեղասպանությունների զոհերի հիշատակի հանդեպ, համամիտ է նաև ոչ միայն Մեքսիկայում, այլև նաև աշխարհով մեկ հնչած արձագանքներին՝ Մեքսիկայի մայրաքաղաքում Ադրբեջանի նախկին նախագահի արձանի տեղադրման կապակցությամբ: Նախարար Պատրիսիա Էսպինոսան բացատրություններ և պարզաբանումներ տվեց այս կապակցությամբ՝ նշելով, որ այդ ամենը բացասական արձագանք է ստացել Մեքսիկայի հանրային կարծիքի կողմից:

Նախարար Նալբանդյանն իր մեքսիկացի գործընկերոջն ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը՝ ընդգծելով, որ չնայած Հայաստանի և ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ միջազգային հանրության, հարցի խաղաղ լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, Ադրբեջանի ղեկավարությունն իր ապակառուցողական, սադրիչ և տարրական բանականությանը հակասող քայլերով ամեն ինչ անում է բանակցությունները փակուղի մտցնելու և տապալելու համար: Այս ենթատեքստում Պատրիսիա Էսպինոսան վերահաստատեց Մեքսիկայի կառավարության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացված առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ:

Բանակցությունների օրակարգում էին նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերը:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Պատրիսիա Էսպինոսան ստորագրեցին «Արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիրը»:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպելով Մեքսիկայի Սենատի անդամներին, նշեց, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսաներորդ տարեդարձը, սակայն ամեն ինչ չէ, որ արվել է հարաբերությունները զարգացնելու համար, եղել են նաև քայլեր, որոնք վնաս են հասցրել հարաբերություններին: «Վնաս հասցրած քայլեր ասելով, ես ի նկատի ունեմ Մեքսիկայի նախորդ գումարման Սենատում և Պատգամավորների պալատում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերը, որոնք հակասում են միջազգային հանրության դիրքորոշումներին և խրախուսում Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքն ու ագրեսիվ քայլերը», -ասաց նախարար Նալբանդյանը:

Իրենց հերթին սենատորները, արտահայտելով Սենատի պաշտոնական տեսակետն ընդգծեցին, որ հիմնախնդրի կարգավորման միակ ճանապարհը բանակցություններն են և իրենք կոչ են անում հակամարտության բոլոր կողմերին քայլեր ձեռնարկել շուտափույթ խաղաղության հաստատման նպատակով, ինչը ելնում է տարածաշրջանի և այնտեղ բնակվող ժողովուրդների շահերից:

Մեխիկոյում Էդվարդ Նալբանդյանի Հայաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ հանդես եկավ Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարության Դիվանագիտական ուսումնասիրությունների Մատիաս Ռոմերոյի անվան ինստիտուտում, որտեղ ներկա էին Մեխիկոյում հավատարմագրված դեսպաններ, արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ, դասախոսներ ու ուսանողներ: Ելույթին հետո նախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Նախարար Նալբանդյանը նշեց. «Կոռուպցիոն հարուստ փորձ ունենալով երկրի ներսում՝ Բաքուն փորձում է այն տեղափոխել միջպետական հարաբերությունների հարթություն, օգտագործելով այն որպես գործիք՝ սեփական թյուրընկալումներն ուրիշների վրա բարդելու նպատակով: Ցավոք, որոշ երկրներում որոշ քաղաքական գործիչներ ընկնում են Ադրբեջանի թակարդը, թուլություն են ցուցաբերում, չեն կարողանում դիմանալ Բաքվից եկող կոռուպցիոն գայթակղությունններին: Ներքին փորձից ելնելով, Ադրբեջանում տպավորություն է ստեղծվել, որ միջպետական հարաբերություններում էլ ամեն ինչ գնվում և վաճառվում է»:

Արձագանքելով ներկաների հնչեցրած դժգոհությանը Մեխիկոյում Ադրբեջանի նախկին նախագահի և այսպես կոչված Խոջալուի հուշարձանների տեղադրման կապակցությամբ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծեց. «Թե Մեքսիկայում, թե աշխարհով մեկ արձագանքները միանշանակ են, դրան անդրադարձել են մարդու իրավունքներով զբաղվող փորձագետներ, առաջատար լրատվամիջոցներ. CNN, BBC, Associated Press, Reuters, Agence France Press, Time, New York Times, Los Angeles Times, The Washington Post: Այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել, կարող եմ ասել, որ համակարծիք եմ արտահայտված տեսակետներին:

Ադրբեջանի նախկին ղեկավարի հուշարձանի ցուցանակը ավետում է, որ ԿԳԲ-ի նախկին պետը միջազգային խաղաղությանը նվիրվածության փայլուն օրինակ է, ով առաջնորդել է Ադրբեջանը դեպի ժողովրդավարություն: Պատկերը ճշմարտությանը համապատասխանեցնելու նպատակով ճիշտ կլիներ ավելացնել, որ մարդու իրավունքների տարբեր կառույցների կողմից այդ երկիրը դասվել է աշխարհի ամենակոռումպացված և հակաժողովրդավարական երկրների շարքում, որ այդ երկիրը դարձել է ուժի կիրառման սպառնալիքների և պատերազմ հրահրելու աշխարհի չեմպիոն»:

Հայաստանի արտգործնախարարը նաև մամլո ասուլիսով հանդես եկավ Մեքսիկայի առաջատար լրատվամիջոցների առջև:

Դիտվել է 793 անգամ:
Print Friendly

Leave a Reply