Երկու տարի անց. երբ ոչ մի կողմը պատասխանատվություն չի ստանձնում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 4, 2010 17:40

Սովորաբար  արտակարգ իրավիճակ  հայտարարվում է  խիստ լարված իրավիճակներում, երբ ընդվզման մեծ ալիք է բարձրանում,  և զինված բախումների ու աղետալի հետևանքների հավանականությունը մեծ է:  2008 թ. մարտի 1-ի երեկոյան,  նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանում արտակարգ  իրավիճակ հայտարարեց,  երբ վաղուց արդեն   լարվածությունը գագաթնակետին էր հասել,  և  աղետն արդեն տեղի էր ունեցել. մարտի 1-ին զինված ուժերի և ընդդիմադիրների բախման հետևանքով 10  մարդ զոհվեց:  Առաջին անգամ:

Մեր 19-ամյա պետության պատմության  մեջ առաջին անգամ չէր, որ նախագահական ընտրությունները խաղաղ չէին ավարտվում, որ ժողովուրդն ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալները չէր ընդունում. այդպես էր 1996-ին, այդպես էր 2003-ին ու այդպես եղավ  2008-ին:  Սակայն,  ոչ ոք թե՛ փետրվարի 19-ին և թե՛ մարտի 1-ի երեկոյան չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ ողբերգություն  է ապրելու երկիրը, և ոչ ոք հավանաբար չէր կանխատեսում, որ «ով մեզ հետ չէ, դավաճան է» սկզբունքի հետևանքով հիմնովին իմաստափոխվելու են «ընդդիմություն» և «ընդդիմադիր» հասկացությունները:  Ընդ որում՝ այդ սկզբունքը հատուկ է քաղաքական համակարգի երկու հիմնական սուբյեկտներին էլ: Այլ կերպ չես բացատրի ընդդիմադիր մամուլի հարձակումները նրանց վրա, ովքեր  իրենց ճամբարից չեն կամ չեն ընդունում ՀԱԿ-ի գաղափարախոսությունը: Եվ այլ կերպ չես բացատրի իշխանությունների պատժիչ մեքենայի կիրառումը  նրանց  նկատմամբ,  ովքեր այս կամ այն կերպ մոտ են ընդդիմությանը:  Այդ պատժիչ մեքենան, ի դեպ,  ներկայիս ընդդիմության առաջնորդի  իշխանության տարիներին գործում էր նույնքան «արդյունավետ»:

2010-ի գարնան առաջին օրը Մատենադարանի բարձունքում կրկին իշխանափոխության, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների կոչեր արվեցին, և կրկին ահազանգեցին, որ «երկիրը գնում է կործանման»: «Սարերի ետևում չէ այն օրը, երբ ժողովրդական ըմբոստության կուտակվող լիցքի և իր ուժերից վեր խնդիրների ճնշման ներքո փուլ է գալու ավազակապետությունը, իսկ նրա առաջնորդին հոշոտելու են իր իսկ շրջապատի գիշատիչները»,- ամփոփեց  Լ. Տեր-Պետրոսյանը, որ այդ իրավիճակն արդեն  մի անգամ սեփական մաշկի վրա է զգացել:  Իսկ պոպուլիզմի երբեմնի թշնամի Հրանտ Բագրատյանը չզլացավ վեր հանել ներկայիս սոցիալական խնդիրները` դարձյալ եզրահանգելով, թե՝ ինչ գնով էլ լինի, պիտի հասնենք իշխանափոխության:

Այդ բաղձալի ու չեղած իշխանափոխության գինը 10 անմեղ մարդկանց  կյանքն  էր, որոնք զոհվեցին երկու տարի առաջ` այդ նույն օրը:

Անմեղ մարդիկ այսօր էլ են տուժում ոմանց իշխանափոխության, ոմանց էլ անհասկանալի «զգուշավորության» մոլուցքից: Ի՞նչ բացատրություն տաս,  որ մարտի 1-ի առավոտյան խիստ վերահսկման էին ենթարկվում դեպի Երևան բերող ճանապարհները: Հերթական անգամ, պլանային հանրահավաքին ընդառաջ՝ Երևանի ճանապարհները պաշարվեցին` հերթական անգամ քաղաքական խաղի լուսանցքներում թողնելով գլխավոր սուբյեկտին՝ հասարակությանը: Եվ հերթական անգամ ընդդիմությունը հույսով հավաքված իր համակիրներին կերակրեց նույն խոստումներով…

Եվ ստացվում է,  որ հետընտրական այս  երկու տարիների թերևս գլխավոր «արդյունքն» այն է, որ Հայաստանում վերջնականապես ձևավորվել են դեռ 15 տարի առաջ  սկզբնավորված քաղաքական «մշակույթն» ու դրան սպասարկող ինստիտուտները, որոնց հիմքում մրցակցության գաղափարի փոխարեն հակադրությունն է ընկած, անտագոնիզմը:  Այս պարագայում ավելորդ է դասեր քաղելու մասին խոսել:   Եվ ստացվում է, որ քաղաքացին ընտրական գործընթացի գլխավոր սուբյեկտից, պետության հիմքից (համենայն դեպս քաղաքակիրթ երկրներում այդպես է) վերածվում է միջոցի, գնդակի, որին այս կողմից այն կողմ են շպրտում, երբեմն-երբեմն գնդակահարում ու մոռանում պատասխանատվության մասին, կամ էլ, լավագույն դեպքում, վերածում են դիտորդի: Իսկ դիտորդները, ինչպես հայտնի է, մի տեղում երկար չեն մնում:

Դիտվել է 2321 անգամ:
Print Friendly

Leave a Reply