ՀՀ Հանրային խորհրդը և Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհուրդն ընդլայնում են հարաբերությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 22, 2012 17:29

Ս.թ. հոկտեմբերի 15-ից 18-ը Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի հրավերով Աթենքում էր գտնվում Հայաստանի Հանրային խորհրդի պատվիրակությունը` խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում եղել են ՀԽ անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը և ՀԽ գրասենյակի պատասխանատու Հակոբ Բարխուդարյանը:

Ինչպես տեղեկանում ենք ՀԽ մամուլի ծառայությունից, Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Խրիստոս Պոլիզողոպուլոսի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման, հանրային-հասարակական ոլորտի կառույցների միջև կապերի հաստատման, հանրային խորհուրդների միջև փորձի փոխանակման և այլ հարցեր: Կարևորվել է հատկապես գիտական և կրթական ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Քննարկվել է երկու երկրների խորհուրդներում ընդգրկված հասարակական կազմակերպությունների միջև ուղիղ կապ հաստատելու և համատեղ դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու հարցը:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից առաջարկվել է Աթենքում կազմակերպել ցուցահանդես Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված: Առաջարկը դրական արձագանք է ստացել:

ՀԽ պատվիրակությունը հանդիպել է նաև Հունաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոստաս Ցիարասի հետ: Վերջինս ողջունել է Հայաստանի և Հունաստանի միջև հասարակական կառույցների մակարդակով կապեր հաստատելու նախաձեռնությունը, կարևորել նախաձեռնության անհրաժեշտությունը, միաժամանակ Հունաստանի արտգործնախարարության կողմից պատրաստակամություն հայտնել աջակցելու նախաձեռնության իրականացմանը:

Հանդիպման ընթացքում որոշվել է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության մերձեցման քաղաքականության խորացման վերաբերյալ հուշագրի նախագիծ մշակել:

ՀՀ դեսպանությունում ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հանդիպել է հունահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Մանուկյանը ներկայացրել է ՀՀ հանրային խորհրդի անցած ուղին ու առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները, քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերող մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ ս.թ. մարտ ամսին Հայաստանում ՀՀ Հանրային խորհրդի և Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում էլ իրականացել է ՀԽ պատվիրակության այցը:

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply