Մինչ սփյուռքահայ ներդրողը բողոքում է, նրանից թալանված շենքում շարունակում են տարածքներ վաճառել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 22, 2012 16:30

Քանի դեռ ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը ամենատարբեր պետական ատյաններին դիմումներ է գրում իր ներդրումների հաշվին հիմնադրված ՙԱրին կապիտալ՚ ներդրումային ՍՊԸ-ի կողմից պետությանը չվճարված մեկ միլիոն հինգ հարյուր հազար դոլարի հարկերի մասին, մինչ պահանջում է հարուցված քրեական գործի վրա պետական վերահսկողություն և արդեն տեղի ունեցած ապօրինությունների բացահայտում, Մաշտոցի վրա գտնվող, սփյուռքահայ ներդրողի միջոցներով կառուցված շենքում շարունակվում է բնակարանների վաճառքը:
Այն շենքը, որի բնակարանների իրացումից հարկերը պետք է վճարվեին, այսօր լցված է ամենատարբեր պաշտոնյաներով, որոնք, իհարկե, իրենց բնակարանները գրանցել են, ոչ թե սեփական` այլ ազգականների, կանանց, մորաքրոջ տղաների և անգամ վարորդների անուններով: Ամերիկահայ գործարարը բազմիցս տեղեկացրել է, որ այս անձանց մի մասն այդ բնակարանները ստացել է հենց այնպես, այս գործով հայտնի Վլադ Մանգասարյանի ակտիվ թալանչիական գործունեության արդյունքում, մյուս մասն էլ` չնչին գներով: Այնպես որ սփյուռքահայ գործարարը միայն այս կերպ է կարողանում պարզաբանել, թե ինչու են մինչ օրս ՊԵԿ-ը, դատախազությունը և դատարանները ամեն ինչ անում, որպեսզի քննություն չկատարվի: Սփյուռքահայ գործարարը պնդում է, որ այս ամենն արվում է մի միտումով` որպեսզի չբացահայտվեն այն անձանց անունները, որոնք մի քանի սովորական թալանչիների թիկունքում տիրացել են հսկայական գումարների:
Էդմոնդ Խուդյանի բազմաթիվ ահազանգերից, բողոքներից, նամակներից հետո 2011 թ. մայիսի 3-ին ՙկանխամտածված սնանկության՚ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ամերիկահայ գործարարը դիմում է ներկայացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին և հայտնել, որ իր ներդրումների հաշվին հիմնադրված ՙԱրին կապիտալ՚ ներդրումային ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Եսայանը, չարաշահելով Էդմոնդ Խուդյանի և տասնյակ գնորդների (հիմնականում սփյուռաքահայ) վստահությունը, շինարար Վլադիսլավ Մանգասարյանի և ընկերության մասնակից Ղևոնդ Ղալումյանի հետ մեկտեղ օտարել են ընկերությանը պատկանող Մաշտոցի 33ա հասցեի 5 հարկանի և 33/1 հասցեի 13 հարկանի շենքերի տարածքները, գրպանել են միլիոնավոր դոլարներ և սնանկացրել ընկերությունը: Սակայն ՊԵԿ-ի և դատախազության անգործության պայմաններում քրեական գործով մինչ օրս ոչ կասկածյալներ կան, ոչ մեղադրյալներ, սա էլ բավական չէ` վերջին մեկ տարվա ընթացքում Վլադիսլավ Մանգասարյանն ողջ նախաքննության ընթացքում շարունակում է շենքում բնակարանների վաճառքը և նրան ոչ ոք չի էլ փորձում կանգնեցնել:
Ամերիկահայ գործարարը ունի և բոլորին էլ տրամադրում է շենքի տվյալ պահի` փաստացի սեփականատերերի ցուցակները, բայց դրանք քիչ բան կարող են տալ: Խաբված սփյուռքահայը վստահեցնում է, որ դրանց մասին տեղյակ են և° դատախազությունը, և° քննիչը, և° գործերը քննող դատավորները, սա գույքի բացահայտ հափշտակություն է, ինչը հնարավոր է բացահայտել հենց քրեական գործին ընթացք տալով:
Նշենք, որ խոսքը այն նույն շենքի մասին է, որի բնակիչները օրերս դիմում- բողոք էին հղել նախագահ Սերժ Սարգսյանին` հայտնելով շենքում ստեղծված հակասանիտարական վիճակի մասին: 2009 թվականին շենքը իր 13 հարկերով կառուցված վերջացած է եղել, բայց այնտեղ շատ խնդիրներ կան, որոնք այդպես էլ չեն լուծվել: Մաշտոցի պողոտայի 33/1 շենքում հիմա տիրում է անմխիթար վիճակ, երբեմնի նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված բազմաֆունկցիոնալ շենքը այժմ վերածվել է աղբանոցի, մարդկանց կյանքի համար շատ վտանգավոր մի վայրի: Շենքը հնարավոր չէ շահագործել և չկա որեւէ մեկը ով պատասխանատու է այս վիճակի համար:

Հարգանքներով`

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնություն

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply