«Արդյունավետ չի լինի, մեկ այլ ձևաչափ կգտնենք». Ալ. Արզումանյանը` խմբակցության նոր իրավիճակի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 22, 2012 16:33

«Անկախ»-ի խնդրանքով մեկնաբանելով «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջև առկա երկփեղկվածությունը` «Ազատ դեմոկրատներ»-ի անդամ Ալեքսանդր Արզումայնանն ասաց. «Այս պահին կան ինչ որ հակասություններ, բայց նորմալ է, մենք հայտարարեցինք, որ շարունակելու ենք մնալ խմբակցության կազմում, պարզապես ես և Քոքոբելյանը կներկայացնենք Ազատ դեմոկրատների տեսակետը»:

Նա հիշեցրեց, որ մինչ ընտրություններն իրենք հավասարազոր դաշինք ենք ստեղծել` կազմված Ազատ դեմոկրատներից, Ժառանգություն կուսակցությունից և հանրային սեկտորի ներկայացուցիչներից:

Հարցին, թե ինչպես ե՞ք պատկերացնում նման իրավիճակում խմբակցության անդամների հետագա աշխատանքն ու դրա արդյունավետությունը, Արզումանյանն ասաց. «Կաշխատենք, կտեսնենք: Արդյունավետ չի լինի, մեկ այլ ձևաչափ կգտնենք»:

Նա նաև ասաց, որ կշարունակեն համագործակցել Ժառանգության ներկայացուցիչների հետ, ինչպես բոլորի հետ ընդդիմադիր դաշտում:

Հարցին, թե արդյո՞ք համեմատությունն աբսուրդային չէ, Արզումանյանն ասաց, որ բոլորովին էլ ոչ. «Սա անձնական հարաբերությունների հարց չէ, մենք համագործակցում ենք ոչ թե անձերի հետ կամ մարդու արտաքին տեսքի հետ կապված, այլ համագործակցում ենք` ըստ գաղափարների, ըստ հարցերի և ըստ ծրագրերի»:

Նրա խոսքով, իրենք Ժառանգության հետ ներկայացրել են նախընտրական ընդհանրական ծրագիր, և այդ ծրագրի իրականացման ուղղությամբ հավանաբար բոլորն էլ կքվեարկեն ըստ այն մոտեցումների, որոնք հռչակված են այդ ծրագրում: Մի խոսքով, Արզումանյանը լիահույս է, որ սկզբունքային հարցերում տարաձայնություններ չեն լինի:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply