Եռակողմ հուշագիր` մայրաքաղաքի տրանսպորտային վիճակը բարելավելու նպատակով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 17, 2009 16:04

QaxaqakanԱյսօր Երևանի քաղաքապետարանում ստորագրվեց եռակողմ հուշագիր` Ասիական զարգացման բանկի ներկայացուցչի, Երևանի քաղաքապետի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի միջև:

Պայմանագրի համաձայն` մայրաքաղաքում կմեկնարկի քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը: Ասիական զարգացման բանկը հիշյալ ծրագրի իրականացման նպատակով պատրաստակամություն է հայտնել վարկային միջոցներ տրամադրել:

Ծրագրում նախանշված են մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարելավման, երթևեկության անվտանգության և կառավարման խնդիրները:

Այս տարվա մարտի 9-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը մեկ անգամ արդեն հանդիպել է Ասիական զարգացման բանկի տրանսպորտի դեպարտամենտի ներկայացուցիչներին: Երևանի քաղաքապետը բանկի պատասխանատուներին ներկայացրել է տրանսպորտի կանոնակարգմանն առնչվող այն գերակա ուղղությունները, որոնք հրատապ լուծում են պահանջում մայրաքաղաքում` առանձնացնելով հատկապես ներքաղաքային որոշ փողոցներ, Արտաշատի և Աշտարակի մայրուղիներին միացնող ճանապարհային երեք հանգույցների կառուցումը:

Ծրագրում ներառված է նաև մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի ՍայաթՆովայի պողոտայի կողմից նոր մուտքի կառուցումը և մետրոպոլիտենի ցանցի հետագա զարգացման ռազմավարության ուսումնասիրությունը:

Քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագրի յուրաքանչյուր փուլի համար բանկի տնօրենների խորհուրդը կտրամադրի ֆինանսական և տեխնիկական որոշակի աջակցություն: Ծրագրի առաջին փուլում կիրականացվեն խորհրդատվական աշխատանքներ, որում կներգրավվեն միջազգային փորձագետներ: Նախապատրաստական, ինչպես նաև հետագա բոլոր աշխատանքները կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply