Ավելի ճիշտ կլիներ Խ. Քոքոբելյանը որպես տղամարդ իր պայմանավորվածությունները կատարեր. Ռուբեն Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 22, 2012 16:21

Ավելի ճիշտ կլիներ, որ պարոն Քոքոբելյանը ոչ թե այսպիսի ծանր իրավիճակում հայտնվեր, որ չգիտի՝ օրակարգը ինչպես է ընդունվում և  որ ձևավորվելուց հետո այլևս որևէ առաջարկություն չի արվում, այլ ճիշտ կլիներ որպես մարդ, տղամարդ, քաղաքական գործիչ իր պայմանավորվածությունները կատարեր”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ անդրադառնալով Խաչատուր Քոքոբելյանի արած հայտարարությանը օրակարգի վերաբերյալ:

Իսկ թե ինչպես է պատկերացնում իրենց խմբակցության աշխատանքը այս պարագայում, Ռ. Հակոբյանն ասաց` ցավում է, որ այսպես եղավ, բայց նորմալ է պատկերացնում. “Իհարկե ցավում եմ տեղի ունեցածի համար, բայց խմբակցությունը կշարունակի իր գործունեությունը”:

Հակոբյանը նաև իրականությանը համապատասխան չի համարում Քոքոբելյանի այն պնդումը, որ նա բոլոր ջանքերը ներդրել է, որ խմբակցությունը չպառակտվի, և, ընդհանրապես, ընդդիմադիր դաշտում պառակտում չլինի:

“Եթե այդ ցանկությունից դուրս կատարվեր նաև գործողություն, թերևս կարելի էր համաձայնել, սակայն չեմ կարծում, որ խմբակցությունում որևէ մեկը կուզենար, որ լիներ այն, ինչ եղավ: Բայց, բոլոր դեպքերում, կրկնում եմ, որ իր կողմից չի եղել գործնականում որևէ քայլ, որը կնպաստեր նրան, որ տեղի չունենար այս ամենը”,-ասաց Հակոբյանը:

Իսկ թե ինչ պայմանավորվածություններ են խախտվել,  Հակոբյանն ասաց. “Նախ ասեմ, որ մանդատից հրաժարվելու հարցը հենց այնպես, քմահաճության հարց չի եղել, դա ունեցել է նաև քաղաքական ենթատեքստ”:

“Ժառանգություն” խմբակցության ղեկավարը  կասկածի տակ չի դնում նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը այս մասին. “Րաֆֆի Հովհաննիսյանը բացարձակ ճշմարտություն է բարձրաձայնել, չեմ կարծում, որ որևէ մեկը  կասկածում է  պարոն Հովհաննիսյանի պարկեշտության վրա, և, այս դեպքում, ցավալի է, որ փոխանակ ինքը ինչ-որ ուրիշ փաստարկների մասին խոսեր, հերքեց դա”:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply