Շարմազանովը «Ժառանգության» իրավիճակը տեսնում է նաև ՀԱԿ-ում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 22, 2012 15:05

Խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ‘”Անկախ”-ի խնդրանքով մեկնաբանելով «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների «ամուսնալուծությունը»` նախ սկսեց հումորով. «Ամուսնացեք, բաժանվեք… ձեր գործն է»:

Ավելի լուրջ` Շարմազանովը նկատեց, որ «Ժառանգություն» խմբակցության ներսում ընթացող անհարթություններն ակնհայտ էին արդեն մի քանի ամիս շարունակ: Շարմազանովը չէր կանխատեսում նման հանգուցալուծում, սակայն. «Քաղաքական գործիչը պետք է իրավիճակը մի քանի քայլ առաջ տեսնի, և այս իրավիճակը տարբերակներից մեկն էր»:

Շարմազանովը խմբակցության տարաձայնությունները նկատել էր քվեարկությունների ժամանակ: «Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը քվեարկում է մի կերպ, Ալեքսանդր Արզումանյանը և Խաչատուր Քոքոբելյանը` այլ, Զարուհի Փոստանջյանն էլ քվեարկում է իր հայեցողությամբ: «Դրանից ելնելով` կարելի է ենթադրել այդ խմբակցության հետագա ճակատագիրը,-ասաց Շարմազանովը` նշելով, որ ընդհանրապես դեմ է բոլոր տեսակի արհեստական երեւույթներին` այդ թվում նաև արհեստական հարսանիքներին և քաղաքական միություններին:

Շարմազանովը անուն չնշեց, բայց ասաց, որ նույն իրավիճակն է նաև մեկ այլ խմբակցությունում, որի անդամները տարբեր կերպ են քվեարկում, այն դեպքում, երբ պետք է խմբակցության միասնական դիրքորոշումը ներկայացնեն: Նա հաստատեց, որ ակնարկն ուղղված էր ՀԱԿ-ին:

Դիտվել է 617 անգամ:
Print Friendly

Leave a Reply